ԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 տարի առաջ՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, Մոսկվայում կասկածելի հանգամանքներում մահացավ «Մարտի 1»-ի գործով վկա, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Մինչ օրս առեղծված է մնում նրա մահը: Բանն այն, որ 2019 թվականին կասկածելի հանգամանքներում մահանում էին «Մարտի 1»-ի գործով անցնող անձինք:

 

Աշոտ Կարապետյանի մահվանից երկու ամիս առաջ էլ հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն էր։ Հարությունյանը եւս «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ։ Մինչ օրս նրա մահը եւս մնում է առեղծված: Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ որ Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում՝ մասնավոր գարեջրի գործարանում, գազի պայթյունի հետեւանքով: Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մորեղբայրը։ Ռուսաստանում երկու մարդկանց մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ աշխատանքային պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին , որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել։ 49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ Կարապետյանը «Մարտի 1»-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հետընտրական իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել. «2008թ. փետրվարի 29-ի միջոցառում կոչված «տեղանքի զննություն» օպերացիան եւ դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ. նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, այնուհետեւ ոստիկանությունում, մենք գիտենք, ինչ իրավիճակ է եղել այդ ժամանակ՝ զենքերի հետ կապված, օպերացիան իրագործելու հետ կապված, եւ ժողովրդի դեմ նախահարձակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումները եւ բուն դրա իրագործումն է։ Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա՝ նա եւս առնչվել է այն ամենին, ինչ որ առավոտվա գործողություններում առկա են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ»,- ասել էր նա։

«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցչի գնահատմամբ՝ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով պիտի հարցաքննվեր։ Ըստ նրա՝ չի կարող ասել՝ Կարապետյանի մահը կապ ուներ այս իրադարձությունների հետ, թե ոչ. «Չեմ էլ ուզում բացառել այն վարկածը, որ կարող է եւ կապ ունենալ, որովհետեւ զարմանալի զուգադիպությամբ բոլոր այն անձինք, ովքեր մարտի 1-ի առանցքային գործողությունների կիզակետում եղել են, այս անձինք կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ մահանում եմ, եւ ինչ-որ բան նորմալ չեմ համարում այս ամենի մեջ»:

Ի դեպ, Կարապետյանը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել հատկապես ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործի շրջանակներում: Վիրաբյանը հայտարարել էր, որ 2004-ին ընդդիմադիր ցույցերին մասնակցելու համար իրեն խոշտանգողների շարքում է եղել նաեւ Աշոտ Կարապետյանը, որն այն ժամանակ Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Կարապետյանի անունը շոշափվել էր նաեւ Եվրադատարանի՝ 2012 թվականի վճռում, որով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել էր 31 հազար եվրոյի փոխհատուցում վճարել:

2016 թվականին՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավելու օրերին՝ Երեւանում մեկնարկած հանրահավաքներից հետո, Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տույժի, ապա ազատվել Երեւանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

3 ամիս է անցել, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը չի կարողանում բացահայտել, թե ով է այն տղամարդը, որը պայթուցիկ էր դրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ Զարեհ Սարգսյանին պատկանող, Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տարածքի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է մեկ տաղամարդ մոտենում տարածքի խոնութներին, ձեռքում գտնվող սարքը տեղադրում է խանութներից մեկի մոտ եւ հեռանում: Ավելի ուշ կրկին գալիս է նույն տարածք, սարքը վերցնում եւ բերում տեղադրում է Սարգսյանին պատկանող, Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Ի դեպ, այդ գործողությունները կատարվում են լուսադեմին՝ ժամը 4:00-ի սահմաններում, որից հետո հեռանում է, եւ սարքը մեկ ժամ հետո՝ 5-ին,  պայթում է: Նախաքննական մարմինը գիտի, որ կատարողը եղել է մեկ անձ, եւ տեսախցիկները ցույց են տալիս, թե նա որտեղից է գալիս ու ուր է գնում, սակայն մինչ օրս նրան չեն հայտնաբերել: Ի դեպ, գրել էինք, որ ԱԺ պատգամավորի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը: Նկատենք, որ պայթյունը եղել էր օգոստոսի 31-ին Հայկ Սարգսյանին պատկանող, Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականությո՞ւն է եղել, թե՞ ՔՊ-ական պագամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն:

 

 

 

 

ՄԵԿ ԱՆՁ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 26.07.2022 թվականին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրի բնակիչ Մաթեւոս Ուլիխանյանի հետ սահմանված կարգի խախտմամբ՝ անտեսելով տվյալ օրվա հսկիչ անցագրային կետի հերթապահի պահանջը զորամասի տարածք մուտք չգործելու վերաբերյալ, նորակոչիկի տեսակցելու նպատակով առանց համապատասխան թույլտվության, ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի տարածք:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը դեռ շարունակում է հասարակության մոտ բազմաթիվ հարցեր առաջ քաշել, թե ինչպես կարող էր գողության նպատակով տուն մտած տղամարդը 12-մյա աղջկան սեռական բռնության ենթարկել ու դաժանաբար սպանել երկու երեխաներին ու նրանց մորը: Սակայն մինչ հասարակությունը քննարկում ու տարբեր հարցեր է առաջ քաշում այս ողբերգական դեպքով, իրավապահ համակարգում նմանօրինակ շատ այլ սարսափելի դեպքեր են բացահայտվում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 11-ին դատարան է ուղարկվել մեկ քրեական գործ, որտեղ հայրն իր սեփական երեխաներին է բռնաբարել: էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել քաղաքացի Կ. Մնացականյանի մասով քրեական վարույթը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնաբարել եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս 2 երեխաների նկատմամբ

Նա կալանավորված է: Գործը մակագրվել է դատավոր Կ. Ֆարխոյանին:

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԱԶԳԱԿԱՆԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Պեմզաշենի ողբերգական դեպքով հարցաքննել է Վրույր Բարսեղյանի հորաքրոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին:  Ըստ լուրերի՝ Ռուզաննա Խաչատրյանը դաժան սպանությունից հետո փորձել է մաքրել հետքերը եւ դեռ ավելին՝ նախկինում ազատազրկման է դատապարտված եղել մանկահասակ երեխայի սպանության համար։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը կնոջ վերաբերյալ դեռեւս որեւէ տվյալ չունի ստացված, որ վերջինս օժանդակել կամ որեւէ կերպ օգնել է հանցագործություն թաքցնելուն, հետքեր վերացնելուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին, եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է, իսկ, ահա, Արկադի Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը: Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս