«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Մենք գրել էինք, որ Գեղամ Մանուկյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն Ազգային ժողովով՝ դատախազի միջնորդության հիման վրա: Ընդ որում՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ: Հիշեցնենք նաեւ, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, Ձեր հրապարակումից հետո քուրդ ազատամարտիկների մասով ԱԱԾ-ն հարուցեց քրեական գործ եւ Ձեզ հրավիրեց հարցաքննության: Հիմա մենք տեղեկություններ ունենք, որ Ձեզ պատրաստվում է նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրել: Կպատմե՞ք հարցաքննության մասին:
-Պետք է ի սկզբանե պարզաբանեմ, որ քրդական լրատվական խոշոր գործակալություններից մեկը տեղեկություն էր հրապարակել, որ հայկական կողմը Թուրքիային է փոխանցել երկու քուրդ ազատամարտիկների, որոնք կալանավորված են եղել Երեւանում: Եվ իրականում մինչեւ իմ հրապարակումը՝ երկու-երեք օր, քրդախոս սոցմեդիան ուղղակի առավոտվանից գիշեր գրում էին այդ զազրելի երեւույթի մասին, եւ լուրջ հակահայկական մթնոլորտ էր ձեւավորվել: Եղան հրապարակում եւ պետական գերատեսչությունների պարզաբանումներ, հետո հրավիրեցին որպես վկա հարցաքննության ինձ: Որքանով տեղյակ եմ, երկու դրվագով է հարուցված քրեական գործ՝ ազգային թշնամանք սերմանել եւ անօրինական սահման հատել: Մի հարցաքննություն է եղել, որի ժամանակ մանրամասըն պարզաբանել, ներկայացրել եւ հերքել եմ ԱԱԾ-ի մոնիթորինգային խմբի սխալ մոնիթորինգը: Իմ հրապարակումը հանդարտեցնող է դարձել, որը նաեւ տարածվել է քրդական սոցմեդիայում, եւ հետագայում հակահայ տոնայնություն այլեւս չկար: Բոլորը հասկացել էին, որ սա քրդերի դեմ ուղղված գործողություն չէ, մնացածն արդեն թող իրավապահները պարզեն:
-Հիմա նախաքննական մարմինը Ձեր դեմ կոնկրետ թշնամանք հարուցելու մասով է քրեական գործ հարուցել: Այդ մասով Դուք ի՞նչ կասեք:
-Դուք երեւի ավելի շատ եք տեղյակ, քան ես: Ձեր լրատվամիջոցում լուր եղավ, եւ հաջորդ օրը ինձ կանչեցին հարցաքննության: Որպես պատգամավոր ինձ համար ցավալի է, որ ավելի արագ լուրը հանրայնացվում է, քան իրավապահները գործում են: Ինձ մեղադրանք չի առաջադրվել. եթե այդ տեղեկությունը տարածվի, ապա դահլիճում նստած է իշխանական պատգամավորներից մեկը, եւ նա եթե լսի, կծիծաղի: Ես իմ գործունեությամբ շատ ակտիվ եմ եղել հայ-քրդական հարաբերությունների մասով, եւ ինձ մեղադրել այդ ժողովուրդների միջեւ թշնամանք հարուցելու հարցում չեն կարող: Ինձ հարցեր ուղղել են, ենթադրություններ ունեն, ես մանրակրկիտ պարզաբանել եմ, թե ինչ եմ ի նկատի ունեցել իմ հայտարարություններով: Եթե թեկուզ Ազգային ժողովում այդ հարցը քննարկվի, շատ հանգամանալից կխոսեմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳԱԶ ՈՒՆԻ
Ադրբեջանն ունի բռնակալ իշխանություն, բայց գազ՝ այս պահին թանկարժեք բան. Իսպանիայի Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն օրեր առաջ Հայաստանում էր։
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն այցելել է նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր եւ տեսաուղերձով ցույց տվել Ադրբեջանի՝ սեպտեմբերին կատարած վայրագությունների հետեւանքները, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ստիպելու Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է: «Մենք գտնվում ենք Հայաստանում՝ Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի եւ հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել եւ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը եւ հեռանալ հայկական հողից»,- նշել էր իսպանացի պատգամավորը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուին։
-Պարո՛ն Ինյարիտու, Դուք Հայաստանում ի՞նչ հանդիպումներ եք ունեցել եւ ո՞ր վայրերում եք եղել։
-Նախորդ օրերի ընթացքում ես այցելել եմ Ջերմուկի եւ Վարդենիսի տարածք։ Մենք տեսել ենք այն տարածքները, որոնք հարձակման են ենթարկվել սեպտեմբերին Ադրբեջանի կողմից, եւ որոնք այժմ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Վնասը դեռեւս զգալի է, բայց ամենամտահոգիչը այս քաղաքների բնակիչների կողմից զգացվող անապահովության զգացումն է։ Ադրբեջանը միակողմանի եւ առանց պատճառի հարձակվել է քաղաքացիական օբյեկտների վրա եւ օկուպացրել հայկական տարածքը։ Այն թույլ է տվել միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Խաղաղությունն անհրաժեշտություն է ողջ Կովկասի եւ նրա բնակիչների համար, այդ իսկ պատճառով Ադրբեջանի վայրենի գործողությունները պետք է դատապարտվեն, եւ նրա ուժերը դուրս բերվեն հայկական տարածքից։
-Սակայն միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանք չենք տեսնում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։
-Կարծում եմ, որ երկու պատճառ կա. առաջին հերթին աշխարհը նայում է Ուկրաինայի հակամարտությանը՝ նուրբ իրավիճակ, որտեղ կան անվտանգության եւ տնտեսության համար մի քանի վտանգներ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն ունի բռնակալ ու կոռումպացված իշխանություն, բայց գազ ունի՝ այս պահին թանկարժեք բան, այդ իսկ պատճառով շատ պետություններ նայում են այլ կողմ եւ գործում կեղծավորությամբ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄԻԱՅՆ ՔՊ-ՈՎ
Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը երեկ իշխող ուժը քննարկեց առանց ընդդիմադիրների։ Նիստերի դահլիճ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամները եկան միայն օրվա վերջում, երբ հայտարարությունների ժամն էր, եւ ելույթներ ունեցան:
Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց։ Նիստի հիմնական օրակարգը քննարկվեց միայն իշխանականների մասնակցությամբ։ Այսօր եւս Ազգային ժողովի նիստերը կշարունակվեն, սակայն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արդեն իսկ հայտնել է, որ այսօր եւս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Այդ օրերին ԱԺ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՆՎԵՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Երեկ Ազգային ժողովում արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը առավելապես հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների եւ շահերի բախման իրավիճակները կառավարելու վերաբերյալ է:
Ըստ այդմ, պաշտոնյաները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք (այս օրենքի իմաստով՝ փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը) չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ: Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հայտնում է տվյալ մարմնի՝ բարեվարքության հարցերով կազմակերպչին: