ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաեւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին:

 

Ըստ օրինագծի հիմնավորման՝ գործող օրենքը, բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաեւ ընտանիքի միակ արու զավակ լինելը։ Կան 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո Արցախի տարածքում ծավալված մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

Օրենքի նախագծում, անդրադարձ կատարելով ընթացիկ իրավիճակին եւ խնդիրներին, նշվում է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գտնվում են ծանր հոգեբանական եւ սոցիալական վիճակում եւ չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն եւս ուղարկել զինվորական ծառայության, եւ այդ հողի վրա 2022 թվականի զորակոչի  ընթացքում հասարակության  շրջանում բարձրացված դժգոհության ալիքը Արցախի Հանրապետությունում եւ  Հայաստանի  Հանրապետությունում  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքների  21-րդ հոդվածում  պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք  հանդիսացող եւ իրարից տարբերվող մոտեցումների պատճառով անհրաժեշտություն է դարձրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաեւ այդ ընտանիքների անդամներին:

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ընդառաջել հասարակության կողմից բարձրացված պահանջին եւ, Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համահունչ, պատշաճ ապահովել զինվորական ծառայության նախապատրաստման, կազմակերպման եւ իրականացման, զինծառայողների եւ նրանց ընտանիքների իրավական ու սոցիալական երաշխիքների իրացման գործընթացը, ամրապնդել «Ազգ-Բանակ» գաղափարախոսությունը եւ դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը: Օրենքի 21-րդ  հոդվածի  5-րդ  մասի  կարգավորիչ  հարաբերության  փոփոխմամբ  եւ  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ  օրենքի հետ համապատասխանեցմամբ՝ ակնկալվում է ապահովել զորակոչի պատշաճ կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, Արցախի Պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առուստամյանի զեկուցմամբ,  ընդգրկված է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի  նիստի օրակարգում:

Հարակից զեկուցողն է ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

 

 

 

ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻՀայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցնել կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը:

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«Օրինագծների նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Բացի այդ, օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց Ֆիդանյանը:

Նախատեսվում է, ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ, անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանումը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից:

«Բացի այդ, ժամանակավորապես՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց փոխոստիկանապետը:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ

ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթի անունից տեղեկատվական հարցում է ուղարկվել, եւ հարցման մեջ ներառված էր այն հարցը, թե պետական բյուջեից Տավուշի մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների վերաբերյալ իր կայացրած որոշումները ինչու չեն հրապարակվում Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։

Մարզպետարանից ստացված պատասխանում նշված էր. «Պարգեւատրումների վերաբերյալ որոշումները չեն հրապարակվում, քանի որ դրանք պարունակում են աշխատողներին վերաբերող անձնական տվյալներ՝ նրանց եկամուտների մասին»։ Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների մասին մարզպետների որոշումները հրապարակվում էին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում. այդ որոշումներում նշվում էր, որ մարզպետարանի թվով այսքան աշխատողներ պարգեւատրվում են ընդհանուր այսքան գումարի չափով, պարգեւատրվողների ցանկը՝ որոշման հավելվածում, հավելվածն էլ փակ էր լինում։ Այսինքն՝ մարզպետարանի աշխատողների եկամուտների մասին անձնական տվյալներ չէին հրապարակվում։ Իրականում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պետբյուջեից իրեն եւ մարզպետարանի աշխատողներին պարգեւատրելու մասին իր որոշումները մարզպետարանի ինտերնետային կայքում չի հրապարակում, որովհետեւ գիտի, որ սահմանամերձ, աղքատ մարզում պետբյուջեից մարզպետարանի պաշտոնյաների ճոխ պարգեւատրումների մասին տեղեկատվությունը հանրության կողմից վատ է ընդունվում։

Մարզպետ Հայկ Ղալումյանին նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը  գրավոր հարցում է արել, թե 2022թ. նոյեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզի սոցիալապես անապահով, աջակցության կարիք ունեցող բնակիչները 2022 թվականին Տավուշի մարզպետարանի միջոցով պետական բյուջեից որքան գումարի դրամական օգնություն են ստացել, 2022թ. նոյեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները պետական բյուջեից ընդհանուր առմամբ որքան գումարի պարգեւատրումներ են ստացել։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է, որ սոցիալական աջակցության գումարներից նոյեմբերի 25-ի դրությամբ տրամադրվել է 66,3 միլիոն դրամ (բյուջեով նախատեսված է 80 միլիոն դրամ), Տավուշի մարզպետարանի թվով 76 աշխատակից ՀՀ պետական բյուջեով նախատեսված 59,5 միլիոն դրամից 2022թ. նոյեմբերի 25-ի դրությամբ ստացել է 49,5 միլիոն դրամի պարգեւատրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս