Ինչպես է աշխարհն արձագանքում Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ պահելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 4-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաև աշխարհին կապող հաղորդակցային միակ հանգույցը՝ Բերձորի միջանցքը։ Այս օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ու կազմակերպություններ Ադրբեջանին հորդորել են անհապաղ բացել միջանցքն ու ապահովել արցախցիների բնականոն տեղաշարժը։

Երեկ օրինակ՝ դեկտեմբերի 14-ին, Կանադայի արտաքին գործերի նախարարությունն էր հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ «Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանը և դրան հաջորդող զարգացումներին»։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար աղետից»,- Twitter-ի էջում նման գրառում էին արել Կանադայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Միացյալ թագավորության Եվրոպայի հարցերով դեսպան Լեո Դոքըրթին էլ նորից Twitter-ի էջում գրել էր․ «Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: ՄԹ-ն հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ Բաքվին կոչ է արել վերականգնել արցախցիների ազատ տեղաշարժն ու հավելել․ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»։

Ադրբեջանի խանություններին կոչով դիմել է նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի խոսնակ Պետեր Ստանոն ՝ ընդգծելով, որ պետք է ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: «Հորդորում եմ հարցերը լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»,- նշել է ԵՄ պաշտոնյան։

Առավել խիստ ու հասցեական էր Ֆրանսիայի կոչ-հորդորը։ Պաշտոնական Փարիզը Բաքվին հորդորում է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Ադրբեջանը, հիշեցնում է ֆրանսիական կողմը, պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որի խաղաղապահ զորախումբն է իրականացնում Լաչինի միջանցքի անվտանգությունը, ապա պաշտոնական Մոսկավն արդեն քան օր շարունակ միայն պաշտպանական գերատեսչության մակարդակով է խոսում՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։

Այս ամենին զուգահեռ՝ Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին բանաձև ընդունել։

Իր հերթին Հայաստանն էլ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Սևակ Վարդումյան




Լրահոս