Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից: ArmLur.am-ը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է նաեւ ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի հետ:
-Պարո՛ն Ֆուրլուաս արդեն չորրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակ է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Նախ Ձեր տեսակետը՝ տիրող իրավիճակի վերաբերյալ:
-Ցավոք կան հավաստի տեղեկություններ Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների վերաբերյալ: Դրա հետևանքով մենք ունենք Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակում և տարածաշրջանում մատակարարման գիծը խափանված է: Այլ տեղեկություններ կան նույնիսկ բնական գազի մատակարարման ընդհատման մասին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակը ողբերգական է և վերաբերում է կանանց, երեխաներին, հիվանդներին, քրոնիկ հիվանդներին և տարեցներին։ Սա, անկասկած, հումանիտար ճգնաժամ է, որին պետք է անհապաղ լուծում տալ՝ վատթարագույնից խուսափելու համար։
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման քայլի:
-Հերթական անգամ ականատես ենք լինում Բաքվի կողմից սադրանքի և ագրեսիայի. մենք դատապարտում ենք ոչ թե ադրբեջանական ժողովրդին, այլ նրա ավտորիտար բռնապետական ռեժիմնին, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում հայ ժողովրդի համար։ Բաքվի այս ավտորիտար իշխանությանն ակնհայտորեն աջակցում է Թուրքիան։ Անմեղ մարդկանց տառապանք պատճառող ցանկացած սրացում միանգամայն անընդունելի է։
-Դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
– Տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը հնարավոր է կասեցնել միայն մեկ ճանապարհով. Ադրբեջանը պետք է անհապաղ անցնի երթևեկության և էներգամատակարարման ամբողջական վերականգնմանը։ Միայն այս կերպ հնարավոր կլինի խուսափել տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից։ Խաղաղ և արդյունավետ լուծում գտնելը իդեալական սցենար է այն սկզբունքների և արժեքների համար, որոնց պաշտպանում է Եվրամիությունը:
-Միջազգային հանրությունն այնքան էլ ակտիվ չէ եւ դատապարտող հայտարարություններ տեսանք Լաչինի միջանցքը փակվելուց մի քանի օր անց միայն: Ինչո՞ւ է աշխարհը լուռ:
– Անձամբ ես, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեղեկացված լինելուն պես, քայլեր ձեռնարկեցի՝ գրավոր հարց ներկայացնելով Եվրահանձնաժողովին։ Հարցի միջոցով խնդրել եմ հանձնաժողովի անհապաղ միջամտությունը՝ երթևեկության և էներգամատակարարման լիարժեք վերականգնման նպատակով։ Անհրաժեշտ է, որ բոլորն իրենց ապահով զգան, և բոլոր ներգրավված կողմերի միջև երկխոսություն լինի, որպեսզի ապահովվի խաղաղություն և կայունություն ողջ տարածաշրջանում։
Նաիրա Հովհաննիսյան