Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այժմ, Նիկոլ Փաշինյանի ասած, հանգիստ նստած է իր տեղում, ու ավելին՝ առաջիկայում կարող է կոռուպցիոներ պաշտոնյաների վարքը քննել, դատել նրանց: Մոտ մեկ ամիս առաջ, հիշեցնենք, Բարձրագույն դատական խորհուրդը 6 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երկու թեկնածուներից հենց նրան էր որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրել: Վերջնական որոշում կայացնողը հանրապետության նախագահն է:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, հիշեցնենք, Փաշինյանը հայտարարում էր. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:
Եվրադատարանի վճիռներից հետո, սակայն, Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի հրաժարվել դատավորի թիկնոցից, այլեւ, ըստ երեւույթին, իր ուսերին է պատրաստվում առնել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից տրամադրվող նոր ու ավելի բարձր դասի թիկնոցը:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Փաշինյանի՝ դեռեւս 2019-ին արած վերոնշյալ հայտարարությունը լավ է հիշում, բայցեւ շեշտում է՝ ոչ միայն Փաշինյանը, այլեւ իշխանական ամբողջ էլիտան իրենց հայտարարությունները մոռանալու կամ դրանից հրաժարվելու հատուկ ձիրք ունեն:
-Տիկի՛ն Կարապետյանց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը 6 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երկու թեկնածուներից հենց նրան էր որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրել: Այս երեւույթը ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ինքը խոստացավ շանսեր տալ տարբեր մարդկանց: Ես ինքս, իհարկե, կողմ եմ մարդկանց շանսեր տալուն, բայց դրանից առաջ շատ հստակ պետք է հասկանալ՝ մարդն ինչ իրավիճակում է որոշումներ կայացրել եւ ինչ որոշումներ է կայացրել: Օրինակ՝ հայտնի Պողոս Պողոսյանի սպանության համար պայմանական տալ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկին, կամ «Մարտի 1»-ի գործով անձանց դատապարտել անազատության՝ հասկանալով, որ դրանք կոնկրետ ակնհայտ կեղծ մեղադրանքներ են: Մենք հիմա էլ դեռ ստանում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, եւ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անգամ հայտարարել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից եկած բոլոր որոշումներով հայտնի դատավորները պետք է համակարգից դուրս գան: Պարզվեց, սակայն, որ այս անգամ եւս իրականություն չեն իր խոսքերը, եւ ավելին՝ իր արած որեւէ հայտարարության համար նա պատասխանատվություն չի կրում: Առհասարակ, այս իշխանություններն իրենց խոսքերի համար պատասխանատվություն չեն կրում: Դա միգուցե հիվանդություն է, մանկական տրավմա կամ նման այլ բան, բայց դա փաստ է:
-Հասարակությունը, կարծես թե, ներում է եւ չի կանչում պատասխանատվության հենց այդ հայտարարությունների համար: Ինչո՞ւ. դեռ թմբիրի մե՞ջ է, թե՞ այլ որեւէ պատճառ կա:
-Կարծում եմ, որ համախմբող չկա, բայց հասարակությունը եռում է: Ես ինքս իմ աշխատանքի բերումով շփվում եմ շատ տարբեր մարդկանց հետ՝ սկսած քրեական ենթամշակույթ կրողներից, որքան էլ դա մերժելի թվա, եւ վերջացրած գիտնականներով, փորձագետներով, հացթուխներով, վարորդներով: Մեր քաղաքացիները եռում են անարդարության եւ խաբված լինելու զգացումից: Մեր հասարակության մեջ, սակայն, այդ ինքնաբուխությունը շատ դժվար է տեղի ունենում, եւ մեզ անհրաժեշտ են անձինք, խմբեր, որոնք այդ լիդերությունը կվերցնեն իրենց վրա, միգուցե հիմա այդպիսի մարդ չեն տեսնում: Հիմա փողոց են դուրս գալիս մերժվածները, հայտարարություններ են անում եւ, եթե լսում եք, բավական խելամիտ հայտարարություններ են անում, սակայն շատերը չպետք է նաեւ իրավական եւ բարոյական առումով իրավունք ունենային խոսել եւ նման հայտարարություններ անել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԲՈՒՀԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԿԱ
Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ ու ծածուկ ճնշումներին՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն անգամ սեփական լրատվամիջոցներով էին փորձում ստվերել Հարությունյանի գործունեություն ու ռեկտորի ընտրություննրեից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով գրում էին Պետական վերահսկողական ծառայության՝ բուհում իրականացրած ստուգումների մասին:
ՊՎԾ-ի՝ ավելի քան 7 ամիս տեւած ստուգումների մասին առ այսօր հաշվետվություն չի ներկայացվել: Մենք տեղեկացանք նաեւ, որ ռեկտորի պաշտոնում սեփական թեկնածուին ունենալու ակնկալիքով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուին՝ Լեզվի տեսչության ղեկավար Դավիթ Գյուրջինյանին էր առաջադրել, ու ուսանողների, նրանց ծնողների վրա տարբեր ճնշումներ բանեցնելով՝ փորձում էր Գյուջինյանի համար ճանապարհ հարթել, ինչը, փաստորեն, չի ստացվել. բուհի խորուրդը նախընտրեց գործող ռեկտորին: Ինչ վերաբերում է բուհերի միավորման գործընթացին, ապա այն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոչ միայն կանգ է առել, այլ դրա նախնական՝ սեւագիր տարբերակը հեղինակները պատռել, դեն են նետել:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կառավարական կաբինետում, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, աշխատանքային խումբ էր ստեղծվել: ԿԳՄՍ նախկին նախարարի ղեկավարած աշխատանքային խումբը մինչեւ նոյեմբերի 30-ը վարչապետին գրավոր կարծիք ու առաջարկներ պետք է ներկայացներ: Այսօր արդեն դեկտեմբերի 10-ն է, բայց վերոնշյալ աշխատանքային խումբը հրապարակային որեւէ հայտարարություն չի ներկայացրել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արայիկ Հարությունյանի աշխատակազմից որեւէ մեկի հետ: Բազմաթիվ զանգերից հետո մեզ հաջողվեց աշխատակազմից մի աղջկա հետ կապ հաստատել, որն այդպես էլ մինչեւ զրույցի ավարտը չներկայացավ, չասաց իր անունը:
Նա փոխանցեց, որ, իր տեղեկություններով, աշխատանքային խումբը դեռ աշխատում է, ու, որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի ղեկավարած աշխատանքային խումբը ժամկետները խախտել ու նշված ժամանակահատվածում գրավոր կարծիք չի ներկայացրել, դրա համար էլ նրա՝ ներկայանալ վախեցող աշխատակիցը խսիտ «սիրալիր» կերպով պատասխանեց մեր հարցերին ու նույն «սիրալիր» կերպով հեռախոսն անջատեց մեզ վրա:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՆՈՐ ՑԱՆԿ
Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ ՔՊ-ական պատգամավորը կենտրոնացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա ընկեր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի վրա: Քոչարյանը տարբեր վայրերում, մասնավոր զրույցներում պահը չի կորցնում խոսել երեք պատգամավորների մասին, նրանց մեղադրել շատ գործուղումների մեկնելու համար, անգամ բուքմեյքերական «Վիվարո» ընկերությունից «փայ» ունենալու համար: «Ֆակտոր»-ին նոյեմբերի 25-ին տված հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել էր նաեւ այդ «Վիվարո»-ի գործունեությանը եւ իր թիմակիցների՝ Հունաստանում հանգստին: Լրագրողը հարց է հնչեցնում՝ «Վիվարո»-ին գուցե քաղաքական երաշխիքներ են տվել գործընկերները, որոնք Հունաստանում իրենց հաշվին հանգստանում են: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Պետք է Ազգային անվտանգությունը ճշտի ամեն ինչ, նաեւ Ձեր բարձրացրած հարցը»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը որեւէ առնչություն չունի «Վիվառո» ընկերության հետ եւ երբեւէ այդ ընկերությունից գումար չի ստացել: «Իմ եկամուտը գոյանում է պատգամավորական աշխատավարձից: Եթե իրավապահ համակարգը գտնում է, որ պետք է ստուգի, թող ստուգի», – նշեց նա: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի ներսում խարդավանքներ է հյուսում:
ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Ամանորին քիչ ժամանակ է մնացել, եւ ավանդաբար այս օրերին Երեւանից դուրս գտնվող հանգստյան տներում ազատ տեղեր գտնելն անհնար էր լինում: Հայաստանում, պատերազմական իրավիճակով եւ սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, կյանքն իսկապես կանգ է առել, հատկապես՝ այն վայրերում, որտեղ կատարվել են այդ գործողությունները: Խոսքը մանսավորապես ակտիվ տուրիստական գոտի Ջերմուկ քաղաքի, Սյունիքի մի քանի համայնքների մասին է: Իշխանությունների այն հավաստիացումները, թե այդ վայրերում կյանքը վերսկսվել է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներում, ռեստորաններում եւ հանգստի այլ վայրերում բնականոն կյանքը չի վերականգնվել, եւ անգամ 30 տոկոս ամրագրում առկա չէ հյուրանոցների կամ առողջարանների. մարդիկ վախենում են եւ ցանկություն չունեն այնտեղ գնալու եւ Ամանորն անցկացնելու: Այստեղ վստահաբար նաեւ պետական քաղաքականություն է պետք, եւ ճիշտ կլինի, որ պատկան գերատեսչությունների ղեկավարները հորդորեն իրենց աշխատակիցներին գնալ Ջերմոկ՝ փորձելով աշխուժացնել հենց այնտեղի կյանքը: