Բիշքեկում երեկ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին Հայաստանի վարչապետը առաջարկել է խոսել տարածաշրջանային անվտանգության մասին՝ ընդգծելով «լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»։
«Իրավիճակը մեզ մոտ մնում է լարված։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան կարգավորումը։ Ցավոք, մենք տեսնում ենք նաեւ լարվածություն Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում»,-բացելով հանդիպումը՝ ասել է Փաշինյանը՝ խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին զարգացումների՝ ճանապարհը փակելու ադրբեջանական փորձերի մասին։
«Լեռնային Ղարաբաղում լուրջ մտավախություններ կան այս առիթով։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը պնդել է, թե Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է։
«Այս տարվա առաջին տասը ամիսներին մեր առեւտրաշրջանառությունը եղել է 67 տոկոս, ինչը լավ ու դրական ցուցանիշ է։ Այդուամենայնիվ, միշտ կան հարցեր, եւ ես ուրախ եմ, որ մենք ունենք դրանք քննարկելու այս հնարավոորւթյունը»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՏՄ մեխանիզմների լավարկման միջոցով կհաջողվի պահպանել ռուս-հայկական տնտեսական փոխազդեցության դրական դինամիկան։
Բիշքեկում երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ելույթ ունենալիս շեշտում էր, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։
Կրկին անդրադառնալով ԵԱՏՄ ներսում գազի ընդհանուր շուկա ձեւավորելու հարցին՝ Փաշինյանը շեշտել է՝ այն Հայաստանի համար զգայուն խնդիր է։
Վարչապետը նկատել է՝ թեեւ հաջողվել է ապահովել գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ, սակայն մի շարք չլուծված խնդիրներ են մնում։
«Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու եւ չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով», – ասել է Փաշինյանը։
Հայաստանի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Եվրասիական տնտեսական միության երկրների էներգակիրների միասնական շուկա ստեղծելու խնդիրը։ Հարցը հատկապես կարեւոր է անդամ այն երկրների համար, որ նավթ ու գազ չունեն՝ Հայաստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի։ Փորձագետների կարծիքով` առաջիկա տարիներին դժվար թե ընդհանուր շուկայի հարցը վերջնական կարգավորվի, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների մոտեցումներն այս հարցում տարբեր են։ Վարչապետը Բիշքեկում համագործակցության մեկ այլ կարեւոր ուղղություն է համարել ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։
«Չինաստանի հետ առեւտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի եւ Սերբիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաեւ Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի եւ Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին», – ըստ Հայաստանի կառավարության՝ ասել է գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը եւ երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի եւ հարձակման հետեւանքները, մասնավորապես՝ ՄԻՊ-ի կողմից փաստագրված մարդու իրավունքների շարունակական խախտումները։
ԾՐԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ եւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:
Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:
ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՌԵԿՏՈՐ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12- 8 հարաբերակցությամբ։
ՄԵԿՆՈՒՄ՝ ՍՏԱՄԲՈՒԼ
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երեւանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է «Թվիթեր»-ում՝ չհստակեցնելով, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։
Նա երեկ էր եկել Երեւան, եւ Եվրամիության պաշտոնյային ընդունել էին վարչապետը, փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը։ Հայաստանցի պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Արցախի հայության իրավունքներին եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։
Օրինակ՝ նշվում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում եւ անդրադարձել առաքելության գործունեությանը: Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձեւաչափի համաձայն հետագա քննարկումների կարեւորությունը:
Իսկ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման: Հատուկ ներկայացուցիչն իր երեւանյան հանդիպումները առարկայական է որակել։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ
Մարգարայի՝ դեռեւս 1963-ին կառուցված կամուրջը, որ Հայաստանը Թուրքային կապող շահագործման ենթակա հաղորդակցային միակ ճանապարհի բաղկացուցիչ մասն է, ըստ թուրքական լրատվամիջոցների, մինչեւ տարեվերջ կարող է երթեւեկության ակտիվ գոտու վերածվել։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը մեկնարկել է։
«Հայաստանի ու Թուրքայի պաշտոնյաներն այժմ քննարկում են մինչեւ 2022-ի ավարտն օդային հաղորդակցություն (նախնական միայն բեռնափոխադրումների մասին է խոսվում- հեղ.), ապա նաեւ սկսելու եւ Ալիջանի ցամաքային անցակետը բացելու մասին հարցերը»,- այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News-ը՝ հղում անելով Թուրքայի կառավարության սեփական աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ սա հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլի մեկնարկ է նշանակում։ Նշենք, որ Ալիջանը հայկական Մարգարայի հարեւան բնակավայրն է՝ Արաքսի մյուս ափին։