2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով զուգորդված ագրեսիվ պատերազմի հանգամանքները քննելու համար Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնց շրջանակում նախաքննական մարմնի կողմից առգրավվել են բազմաթիվ չպայթած արկեր ու արկերի մնացորդներ, նշանակվել են փորձաքննություններ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչի կողմից փորձաքննության էին ներկայացվել նաեւ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված, չպայթած հրթիռը եւ դրանից ստացված նմուշները: Անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ (եզրակացությունը ստացվել է 07.12.2022թ.) փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք:
Ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման եւ նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան եւ փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:
Այսպիսով, փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն (պատերազմի օրերին ու դրանից հետո հրապարակվել էին քիմիական զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր): Այդ կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնեւի կոնվենցիայի (Արձանագրություն 1) 35-րդ հոդվածը, համաձայն որի՝
«-Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների եւ միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:
-Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաեւ պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել,
-Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տեւական եւ լուրջ վնաս»:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՌՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի կարողությունների զարգացման եւ համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավար Մարթա Բեկերրայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանիքում եւ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման եւ բացահայտման ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հմտությունների ու կարողությունների զարգացմանը, այդ պայքարում հիմնական դերակատար կառույցների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը խիստ օգտակար է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի ներգրավմամբ մինչ այժմ ԵԽ-ի կողմից իրականացված՝ կանանց համար արդարադատության մատչելիությանը, քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման գործընթացները։ Նա ողջունել է ՀՀ քննչական կոմիտեի հետ անմիջական գործակցության նոր նախագծեր մշակելու ԵԽ-ի նախաձեռնողականությունը։
Արսեն Այվազյանը նշել է, որ եվրոպական իրավունքի հիման վրա ընտանիքներում եւ կանանց նկատմամբ բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի խստացման ՀՀ պետական հետեւողական քաղաքականությունն արտահայտվել է ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում տրված նոր լուծումներով։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեն ակտիվորեն ներգրավված է ոչ միայն այս ոլորտի իրավակիրառ պրակտիկայի, այլ նաեւ օրենսդրական բարեփոխումների գործընթացներում։ Նա մանրամասն ներկայացրել է բռնություններից քաղաքացիների պաշտպանության իրավական կառուցակարգերի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, քննիչների շրջանում կանանց ավելի մեծ ներգրավվածություն ապահովելուն ուղղված ՀՀ քննչական կոմիտեի ջանքերը։
Մարթա Բեկերրան գոհունակություն է հայտնել վերջին շրջանում կանանց նկատմամբ, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում Հայաստանի հետեւողական քայլերի կապակցությամբ՝ նշելով, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի դատավարական նոր ընթացակարգերն ու լուծումները համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին։ Բռնարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ պատժի անխուսափելիության ապահովման տեսանկյունից նա կարեւորել է հատկապես մինչդատական վարույթում ապացույցների ձեռք բերման գործընթացը, քրեական վարույթների համար ամուր փաստակազմով դատական հեռանկարի ապահովումը։ Այդ նպատակով ԵԽ-ն, ըստ տիկին Բեկերրայի, պատրաստ է աջակցություն ցուցաբերել վերապատրաստումների միջոցով քննիչներին լրացուցիչ հմտություններ տալու հարցում։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցության նոր ծրագրերը դետալային քննարկման արժանացնել աշխատանքային կարգով։
ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-ին Թաիրովի փողոցում արտառոց դեպք է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ 37 տարեկան տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ փորձելով ինքնահրկիզվել: Ոստիկաններին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանության փորձը:
Նշենք, որ տղամարդն Արցախի քաղաքացի է եւ Հայաստան է եկել 44-օրյա պատերազմի ժամանակ:
ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑԵԼ ԵՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիսի Շենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր անչափահաս դուստրերի՝ Սիլուտ Շենի (ծնված՝ 2010 թվականի օգոստոսի 18-ին) եւ Միլոտ Շենի (ծնված՝ 2012 թվականի հոկտեմբերի 21-ին) հետ միասին 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ Արարատի մարզում գտնվող՝ ՌԴ ԱԴԾ 125-րդ սահմանապահ ջոկատի «Բուրաստան» սահմանապահ ուղեկալի ինժեներատեխնիակական փշալարերը, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թոււյլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանն ու մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն, սակայն վերջինիս դիտավոր հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ծառայողների կողմից։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների եւ անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել եւ բաժին է ներկայացվել 49-ամյա Սեյրան Հ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն հանցակցելը) եւ 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: