ՀՀ ազգային ժողովը վավերացրեց երկու վարկային համաձայնագիր. բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:
««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքների նախագծերն ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ երկու համաձայնագրերն էլ վերաբերում են հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներին:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված համաձայնագրին՝ նա ասաց. «Ներգրավվելու է 100 մլն դոլարի վարկ: Նշյալ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Եվ վարկային միջոցների՝ ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետբյուջեի՝ կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կապված է բազմաթիվ բարեփոխումների հետ: Օրինակ՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումն է կամ պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը եւ այլն:
«Բացի այն, որ ներգրավվող բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, նշյալ ծրագրերի քաղաքականության աղյուսակով սահմանված միջոցառումները նպաստել են կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ միտված լինելով պետական պարտքի եւ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ամրապնդմանը, պետական արժեթղթերի շուկայի բարելավմանը, կորպորատիվ թափանցիկության ընդլայնմանը»,-ասաց փոխնախարարը:
Այսպիսով, Ասիական զարգացման բանկից ներգրավվելու է 100 մլն դոլար՝ լողացող տոկոսադրույքով: Տոկոսադրույքը կազմում է SOFR + 0.6% մարժա: Վարկի տրամադրման ժամկետը կազմում է 12 տարի, արտոնյալ ժամկետը՝ 3 տարի:
Իսկ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ներգրավվող վարկը կազմում է 100 մլն եվրո: Կառավարությունը հնարավորություն ունի ընտրելու՝ վարկը ներգրավել ֆիքսված, թե լողացող տոկոսադրույքով: «Ֆիքսված տոկոսադրույքի դեպքում տոկոսադրույքը կազմում է 3.87 տոկոս, իսկ լողացող տոկոսադրույքի դեպքում՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք)՝ ավելացրած 0.95% մարժա: Վարկի ժամկետը կազմում է 20 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ վարկային միջոցները ներգրավվում են բյուջեով նախատեսված պակասուրդը լրացնելու համար եւ ուղղված են այնպիսի կարեւոր բարեփոխումների, որոնք կնպաստեն կառավարման համակարգի հետագա բարելավմանը, ֆինանսական շուկաների բարելավմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նշեց՝ բազմիցս կառավարությունից լսել են, որ փող շատ կա. հիմա փող չկա՞, դրա համա՞ր են պարտք վերցնում: Փոխնախարարը պատասխանեց, որ աշխարհում երեւի 1-2 պետություն կա, որոնց բյուջեն դեֆիցիտային չէ: Կառավարությունը միշտ ծախսում է ավելի շատ, քան հարկ է հավաքում:
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված ««Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 26 դեմ ձայներ. պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր կողմ քվեարկությունը ներկայացրել էր գրավոր: «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 27 դեմ ձայներ՝ գումարած Գեւորգ Պապոյանի գրավոր կողմ քվեարկությունը:
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ
Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձեւացնել, թե չկա. այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով պատգմավոր Սոնա Ղազարյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրեց, թե հայկական կողմը շարունակում է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը տարանջատած քննարկել:
Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված պետք է լինեն: «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, եւ ավելի հստակություն է եղել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Սակայն երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որեւէ հստակություն չկա, ապա դա հայկական կողմի համար դժվարացնում է խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որեւէ ձեւով չի օգնում այս հարցով առաջ ընթանալ:
«Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձեւացնել, թե այդ խնդիրը չկա: Մենք կշարունակենք աշխատել եւ կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել »,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու ճանապարհին:
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը:
Ըստ այդմ՝ հաստատվել են «Աշխարհագրություն», «Արվեստ», «Բնություն», «Գրականություն», «Ես եւ շրջակա աշխարհը», «Երաժշտություն», «Երկրաչափություն», «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն», «Իմ հայրենիքը», «Կենսաբանություն», «Կերպարվեստ», «Համաշխարհային պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Մաթեմատիկա», «Մայրենի», «Նախնական զինվորական պատրաստություն», «Շախմատ», «Տեխնոլոգիա», «Քիմիա», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա», «Ֆիզկուլտուրա» առարկաների ծրագրերը: