ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ  ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթի անունից տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նրան տալով հետեւյալ հարցերը.

 

  1. Տավուշի մարզպետարանի շենքի մուտքին ի՞նչ նպատակով է տեղադրվել մետաղյա արգելափակոց, եւ ե՞րբ է այն հանվելու։
  2. Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին հաճախ են հայտնվում առանց հսկողության ձիերի երամակներ, կովերի նախիրներ, որոնք խոչընդոտում են տրանսպորտային միջոցների երթեւեկին, ստեղծում վթարային իրավիճակներ։ Տավուշի մարզպետարանը եւ անձամբ Դուք ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար։
  3. «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Տավուշի մարզպետարանի համագործակցությամբ։ Ավելի քան 10 տարի Լուսաձորի տարածքում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի անասնաֆերմայի եւ պանրագործարանի աշխատանքների հետեւանքով միջպետական ավտոճանապարհին ծանր գարշահոտ է տիրում, որը խեղդում է միջպետական ավտոճանապարհով անցնողներին։ Մարզպետարանը նախկինում այդ կապակցությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, այդ գարշահոտը վերացնելու համար Տավուշի մարզպետարանը եւ անձամբ Դուք ի՞նչ միջոցներ եք ձեռարկել:
  4. 2020թ. ամռանը Իջեւանի գինու, կոնյակի գործարանը ապօրինի մեծ շինարարություն է արել, ավերել Աղստեւ գետի հունը եւ ափը, որի հետեւանքով Իջեւանի դենդրոպարկը զրկվել է ոռոգման ջրից, դենդրոպարկի հազվագյուտ եւ արժեքավոր թփերի եւ ծառերի տեսականու կեսը չորացել է: Տավուշի մարզպետարանը եւ անձամբ Դուք ի՞նչ եք ձեռնարկել Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կատարած այդ ապօրինությունների վերաբերյալ:
  5. Տավուշի մարզում ներկայումս քանի՞ աղբավայր է գործում, դրանցից քանի՞սն ունի համապատասխան հողահատկացում, քանի՞սն է համապատասխանում ՀՀ օրենքներով ներկայացվող պահանջներին։
  6. Տավուշի մարզով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին ներկայումս քանի՞ հասարակական զուգարան է գործում, ճանապարհի ո՞ր հատվածներում են դրանք գտնվում, ո՞ւմ վերահսկողությամբ, պահպանության ներքո են գործում այդ զուգարանները։

Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է.  «Արգելափակոցի առկայության պարագայում առավել համակարգված եւ արդյունավետ է դարձել քաղաքացիների հետ աշխատանքը։ Մարզպետարանի առաջին հարկում գործող տեղեկատու-ընդունարանի աշխատակիցը, լսելով մարզպետարան այցելած քաղաքացուն, նրան ուղղորդում է  համապատասխան ստորաբաժանում, զգուշացնում է  նաեւ տվյալ ստորաբաժանման աշխատակիցներին, որ քաղաքացի է մոտենում։ Անհրաժեշտության դեպքում օգնում է նաեւ դիմում գրել, տեղում անմիջապես կատարում է անձնագրի եւ այլ փաստաթղթերի պատճենահանումը։ Ձեր հարցման երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու  նպատակով առաջարկում ենք դիմել Իջեւանի համայնքապետարանին, քանի որ հարցերը գտնվում են համայնքապետարանի գործառնույթների տիրույթում, սակայն մարզպետարանի աշխատակիցները մարզպետարանի իրավասությունների շրջանակներում իրականացնում են մշտադիտարկում։ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհներին անմիջապես կից տեղակայված, պահպանվող ու շահագործվող հասարակական զուգարանները գործում են հիմնականում ավտոգազալցակայաններում, որոնք վերանորոգվել են ՀՀ կառավարության կողմից տրված տեխնիկական պահանջներով եւ սպասարկում են քաղաքացիներին (զբոսաշրջիկներին)»։

Տավուշի մարզում գործող աղբավայրերի վերաբերյալ հարցին ինչո՞ւ պետք է պատասխանի Իջեւանի համայնքապետարանը։ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին առանց հսկողության  նախիրներ եւ երամակներ հայտնվում են առավելապես Դիլիջան խոշոր համայնքի տարածքում. ինչո՞ւ այդ հարցին միայն Իջեւանի համայնքապետարանը պիտի պատասխանի։ Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող, զուգարանի կարիք ունեցողները, այդ թվում՝ զբոսաշրջիկները, ստիպված պետք է գնան ԱԳԼՃԿ, եթե նույնիսկ իրենց   ավտոմեքենան ոչ թե գազ, այլ բենզին է օգտագործում։ Այսպիսի անտրամաբանական պատասխաններ՝ մարզպետարանից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս