ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից: ArmLur.am-ը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է վրաց անկախ փորձագետ Զաալ Անջապարիձեի հետ:

 

-Պարո՛ն Անջապարիձե, դեկտեմբերի 11-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Լաչինի ճանապարհը, եւ Արցախի կապն արտաքին աշխարհի հետ կտրվել է: Ի՞նչ եք մտածում Արցախում տիրող իրավիճակի մասին:

-Այս փուլում Լաչինի միջանցքն անկայունության լուրջ աղբյուր է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Փաստորեն, այս միջանցքը դառնում է յուրօրինակ ռումբ։ Կարելի է հանգիստ ասել, որ, առանց այս իրավիճակի փոխադարձ ընդունելի կարգավորման, դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ռուս խաղաղապահներն առայժմ պահպանում են իրավիճակը, բայց թե որքան կտեւի դա, դժվար է ասել։ Իրավիճակի դինամիկայի դիտարկումը դեռ լավատեսության հիմքեր չի տալիս։

-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Ադրբեջանը գնաց նման քայլի:

-Իմ կարծիքով՝ Երեւանն ու Բաքուն տարբեր կերպ են մեկնաբանում հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որտեղ կետերից մեկում ասվում է, որ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Լաչինի շրջանը։ Բացի տնտեսական նկատառումներից, խոսքը վերաբերում է ոսկի արդյունահանող հանքերին եւ այլն։ Կան նաեւ զուտ ռազմաքաղաքական բաղադրիչներ։ Ադրբեջանը նման քայլի գնաց գուցե նաեւ այն պատճառով, որ որոշեց օգտագործել պահը։ Բաքուն զգում է, որ Ռուսաստանն այժմ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, նրա հնարավորություններն աստիճանաբար սպառվում են, եւ այս իրավիճակում անշահավետ է բարդացնել հարաբերությունները Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի հետ։ Բացի այդ, եթե Ադրբեջանը լիակատար վերահսկողություն հաստատի Լաչինի միջանցքի վրա, եւ Ռուսաստանը եւ Հայաստանը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը չկարողանան միջամտել դրան, դա կամրապնդի նրա դիրքերը տարածաշրջանում եւ բանակցային գործընթացում։

-Տարբեր երկրներ եւ կազմակերպություններ այս ընթացքում արձագանքել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, սակայն Վրաստանը լուռ է: Ինչո՞ւ:

-Բոլորին է հայտնի, որ Վրաստանը Ղարաբաղում պատերազմի առաջին օրվանից հստակ չեզոքություն է պահպանում այդ հարցում հասկանալի պատճառներով. Վրաստանում կան ապրող բազմաթիվ եւ՛ հայեր, եւ՛ ադրբեջանցիներ: Բացի այդ, Վրաստանը ոչ մեկ անգամ առաջարկել է միջնորդություն այս կոնֆլիկտում եւ, հատկապես, ավելի ակտիվ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ինչպես նաեւ իր տարածքը որպես հարթակ բանակցությունների համար: Վրաստանը հետեւողականորեն հանդես է գալիս այս հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծման օգտին:

-Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Ինչպես հայտնի է, տարբեր ժամանակներում առաջարկվել են Լաչինի միջանցքի խնդրի լուծման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ տարածքների փոխանակում, օրինակ՝ Մեղրին Լաչինի հետ, սակայն այս տարբերակները հավասարապես հաշվի չեն առել կողմերի շահերը, եւ պարզվել է, որ մեռելածին են։

Այս փուլում հաշվի առնելով, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցում կտրուկ տարբերվում են, կարելի է խոսել միայն այն միջոցների մասին, որոնք կկանխեն նոր զինված հակամարտությունը։ Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, կօգնի լիցքաթափել հակամարտությունը, քանի որ մասամբ կվերացնի Հայաստանի մտահոգությունները այս տարածաշրջանի հետ երթուղիների միացման վերաբերյալ։ Բայց քանի դեռ այս այլընտրանքային միջանցքը չի կառուցվել, Լաչինի միջանցքում անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն կա։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակներից մեկը կլինի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո այնտեղ միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը, քանի որ կողմերի վստահությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նկատմամբ կտրուկ ընկնում է։ Դա նաեւ կբարձրացնի միջազգային հանրության հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, որը կարծես երկրորդ պլան է մղվել Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին: Եվ այս ընթացքում կողմերի միջեւ պետք է ակտիվ երկխոսություն ծավալվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքով։ Այստեղ գլխավորն այն է, որ Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի խստորեն միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառյալ այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքների, ազատությունների եւ անվտանգության խստիվ պահպանումը։ Կուսակցությունները պետք է հեռանան մաքսիմալիստական դիրքերից:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱ

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը ամսական կկազմի 1 մլն 996,8 հազար դրամ։ ԲԴԽ նախագահի պաշտոնական աշխատավարձը կազմում է 1 մլն 331,2 հազար դրամ. լրավճարը կազմելու է 665,6 հազար դրամ։ Դատարանի անդամների աշխատավարձն ամսական կկազմի 1 մլն 497, 6 հազար դրամ։

Օրենսդրական այս փոփոխությամբ բյուջեից տարեկան 61,9 մլն դրամ ավելի գումար կհատկացվի ԲԴԽ անդամների ու նախագահի աշխատավարձերի վճարման համար։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ դեկտեմբերի 1-ին էր գրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հաջորդ տարվանից կստանա ամսական 665.600 ՀՀ դրամի չափով հավելավճար, իսկ խորհրդի անդամը՝ 499.200 ՀՀ դրամ:

Նկատենք՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ նրան հավելավճար տրամադրելու մասին նախագիծը բերվել է իր նշանակումից երկու ամիս անց:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

 

 

 

 

ԼԱՐՍՈՒՄ ՀԵՐԹԵՐ ԵՆ

Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը: «3 օր է, ինչ վրացական կողմում եմ՝ վրացական Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել, որովհետեւ մեր հայրենակիցները ալարում են մի քիչ արագ աշխատել, արագ կազմակերպել ամեն ինչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը՝ նեղսրտելով, որ սա պետության վերաբերմունքի մասին է վկայում: Մեր զրուցակիցը վորդովված նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիները պետության համար իսկապես արժեք ներկայացնեին, ապա իշխանություններն ամեն բան կանեին, ամեն ջանք կգործադրեին, որ 2-3 ամիս անմարդկային պայմաններում գոյատեւած մարդիկ օր առաջ տուն հասնեն:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

«Երեկ առավոտյան ես ասացի, որ մենք երկար ճանապարհ ենք գնալու, եւ ասացի, որ այսօր Ստեփանակերտում հանրահավաք ենք անելու»,- հայտնում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից հետո որոշել ենք այսօր գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնենք հանդիպում, հնարավորություն ունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը գնանք Մարտունի, հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրահավաքը Ստեփանակերտում:

Խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, եւ կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնվենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրա:

Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիվ ու բաց քննարկումներ»,-ասաց նա։

 




Լրահոս