Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները։
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում մեկնարկել եւ շարունակվում է 3-րդ եւ հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչեւ երեխայի 6 տարեկան լրանալը), շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։ 2023թ. հունվարի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաեւ քաղաքաբնակ չաշխատող մայրերին. աշխատանքի վերադառնալիս եւս վճարում կկատարվի նպաստի 85 տոկոսի չափով՝ ներկայիս դադարելու փոխարեն։ Մշակվում է Ժողովրդագրության ռազմավարությունը, որը կներկայացվի 2023թ. փետրվարին։
Կենսաթոշակային ապահովության ոլորտում աճում է անկանխիկ շրջանառության ծավալը. կենսաթոշակների շուրջ 77 տոկոսը վճարվում է անկանխիկ եղանակով։ 2023 թ.-ից՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր եւ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների) կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։ Մեկնարկել է կենսաթոշակի եւ նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60 տոկոս։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66 տոկոսը կատարում է անկանխիկ։
Սոցիալական երաշխիքների ոլորտում մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը, որը թույլ կտա հասցեական արձագանքել կարիքներին եւ ընդլայնել ծառայությունների տեսակները։ Աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ 300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչեւ 1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների եւ սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձեւը եւ հայեցակարգի նախագիծը:
Աշխատանքի եւ զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում 2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը. 68.000 ՀՀ դրամի փոխարեն այն կկազմի 75.000 ՀՀ դրամ։ Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման եւ վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, 2016թ. եւ 2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝ 276 անձ։
Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց։ Առաջիկայում նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնում, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում եւ տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ:
Հաշվետվության ներկայացումից հետո քննարկում է ծավալվել ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական խնամքի ծառայությունների, նաեւ մյուս ուղղություններով ընթացիկ արդյունքների ու հետագա անելիքների շուրջ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
ԿԱՆԽՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների եւ ՀՀ ոստիկանության եւ պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում երեկ գիշերը խափանվել է ոչ սպանդանոցային ծագման մսի մեծ խմբաքանակի մուտքը իրացման ցանց:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 100 կգ, իսկ Տավուշի մարզի Դիլիջան-Սեւան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում՝ 659 կգ տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձեւի ուղեկցության:
Նաեւ Գեղարքունիքի մարզի մսի իրացման երկու կետերում հայտնաբերվել է 660 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, որի վաճառքը կասեցվել է:
Ընդհանուր առմամբ կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը:
Տեսչական մարմնի Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ տնտեսավարողների, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Տրվել են նաեւ հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր:
ԿՍՏԵՂԾՎԻ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանում նախատեսվում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Հիմնավորման մեջ նշվում է, թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով է նախատեսվում առանձնացնել Երեւան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական եւ քրեական դատարանները:
Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան, ստեղծվել է 2021թ. ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով: Իր հերթին վճռաբեկ ատյանում նույնպես հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննություն ապահովելու նպատակով փետրվարի 19-ին ընդունված օրենքով ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը:
Փաթեթով առաջարկվում է նաեւ դատարանների նախագահներին վերապահել նոր լիազորություններ, առաջարկվում է հնարավորություն տալ ԲԴԽ սահմանած կարգով մշտադիտարկում իրականացնել դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետի պահպանման նկատմամբ: Իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվել է առանձնացնել Երեւան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական եւ քրեական դատարանները:
Փոփոխություններ են առաջարկվել նաեւ դատավորների թեկնածուների հավակնողների ցուցակում ներառման կարգում: Նախատեսվում է, որ ապահովվի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն ունեցող անձանց ընդգրկման հնարավորությունը:
ԿՎՃԱՐԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները այսուհետ յուրաքանչյուր 100 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետք է վճարեն 175 մլն դրամ պետական տուրք, իսկ տոտալիզատորների կազմակերպիչները յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 50 մլն դրամ տուրք:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին եւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ դեկտեմբերի 16-ի նիստում՝ քվեարկությամբ ստանալով 60 կողմ, 6 ձեռնպահ ձայներ:
Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների՝ ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորների հարկային բեռի բարձրացումն է: Առաջարկվում է, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրքը, ներդնել նաեւ լրացուցիչ պետական տուրք՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից:
«Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի պարագայում յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու պարագայում վճարել եւս 175 մլն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների պարագայում յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու համար վճարել եւս 50 մլն դրամ պետական տուրք»,-ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
13 ԾՆՈՒՆԴ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Դեկտեմբերի 12-ից 16-ը Արցախի Հանրապետության շրջանների եւ Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոններում 13 ծնունդ է գրանցվել:
«Նորածիններից 4-ը տղաներ են, 9-ը՝ աղջիկներ։ Ծնունդներից 2-ը գրանցվել են Մարտակերտի շրջանում, 1-ը՝ Մարտունու, մյուսները՝ Ստեփանակերտում»,-մանրամասնել է խոսնակը:
Նրա տեղեկատվությամբ՝ այս պահի դրությամբ առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքն ու բուժպարագաները բավարարում են, սակայն դրանց մատակարարման տեսանկյունից մտահոգիչ է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակ մնալը: