2023Թ. ԿԱՎԱՐՏՎԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում: Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետեւել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման ու «Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին, քննարկել ծրագրերի ընթացքը, կատարել դիտարկումներ:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Ջրառատի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման ծրագրի ավարտից հետո այստեղ հնարավոր կլինի անցկացնել հանրապետական առաջնություններ: Ներկայում ավարտվել է շենքի հիմնակմախքի կառուցումը, ընթանում են երեսապատման ու ներքին հարդարման աշխատանքները:

Հաջորդ կանգառները Էջմիածին քաղաքում եւ Արտիմետ գյուղում էին, որտեղ կառուցվում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում նմանատիպ 30 մարզադահլիճ է կառուցվում կամ վերակառուցվում հատակագծային այնպիսի լուծումներով, որոնք թույլ կտան, որպեսզի մարզադահլիճների հնարավորություններից օգտվեն ոչ միայն աշակերտները, այլ նաեւ համայնքի բնակիչները: Դրանցից շատերը ներառում են նաեւ հանդիսությունների սրահ, իսկ տեղակայման տարածքը թույլ է տալիս նաեւ ֆուտբոլի դաշտ եւ սպորտային հրապարակներ ունենալ:

Կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ։ Ինտերիերի դիզայնը, ձեւավորման նյութերի եւ գույների ընտրությունը, տարածքի բարեկարգումը նույնպես հաշվի են առնվում հենց նախագծման փուլից։ Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։ Արմեն Ղուլարյանը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս առանձնահատուկ կարեւորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը եւ աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից ու «Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճից բացի, կոմիտեի համակարգմամբ իրականացվում են եւս 5 մասնագիտացված մարզադպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագրեր. դրանք են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրը, Հեծանվային սպորտի եւ Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճները:

Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները մտել են մեկնարկման փուլ, իսկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի համար կատարվում է տարածքի ընտրություն: Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել, ընդհանուր առմամբ, 32 մարզադահլիճի եւ մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հանրապետությունում ընթացող աննախադեպ ծավալով շինարարությանը զուգահեռ, կոմիտեի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ շինարարության կազմակերպման մշակույթի արմատավորումը, շինհրապարակում աշխատանքային կանոնների պահպանումը եւ պատշաճ միջավայրի ապահովումը։ Պարբերական շրջայցերի միջոցով կոմիտեի պատասխանատուները փորձում են նպաստել հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառմանը։ Խիստ կարեւորվում է նաեւ օբյեկտների շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու հարցը:

 

 

 

 

ՍԿՍՆԱԿՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով:

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 կողմ ձայն:

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես՝ շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով՝ նախատեսելով, որ հավաստագրերի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2015 թվականից մինչեւ այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ այս օրենքի արդյունքում հարյուրավոր նոր ընկերություններ են մուտք գործել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտ: «Հազարավոր աշխատակիցներ իրենց եկամտային հարկի բեռի իջեցմամբ, ինչպես նաեւ շահութահարկի զրոյական դրույքով աշխատանքի արդյունքում կարողացել են հավելյալ արժեքներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար»,- ասաց Արշակյանը:

 

 

ԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՊՆ

«Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաեւ հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ եւ պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության վերաբերյալ խնդրին:

«Տեղեկացնում եմ, որ հայրենադարձված հայ ռազմագերիների հետ ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում եւ դրանից հետո, ըստ հայրենադարձված ռազմագերիների ցանկության, նրանց մի մասը ուղղորդվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու: Բացի դա, ըստ նրանց կողմից ներկայացված դիմումների կամ հոգեբանների կողմից տրված համապատասխան եզրակացությունների, Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ ՊՆ՝ վերջիններիս պատշաճ փորձաքննելու եւ նաեւ, հոգեբանների կողմից տրված եզրակացությունների հաշվառմամբ, զինծառայողների հետագա ծառայության պիտանիության հարցը որոշելու համար:

Պետք է հստակ նշել, որ հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն վերջիններիս ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաեւ հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ եւ պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում: Եվ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինի զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: Բացի դա, պետությունը ունի պոզիտիվ պարտականություն նրանց առողջության պահպանման հարցում, եւ պետք է նրանց տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն»,- ասել է Գրիգորյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ հայրենադարձված գերիների մի մասի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ ՊՆ՝ հայրենադարձված ռազմագերիներին պատշաճ փորձաքննելու եւ բժշկական օգնություն ցույց տալու պահանջով:

«Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- եզրափակել է Քրիստիննե Գրիգորյանը:




Լրահոս