ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առողջության առաջնային օղակում առկա խնդիրների, կարողությունների, գիտելիքների ամբողջական գնահատականը ունենալու,  խնդիրների համար թիրախային լուծումներ գտնելու նպատակով անցկացվեց աշխատաժողով, որտեղ ներկայացվեցին առողջության առաջնային օղակի գնահատման արդյունքները:

 

«Հաջորդ տարվանից մեկնարկում են առաջնային օղակի ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցման աշխատանքները. 20 ամբուլատորիաների նախագծման աշխատանքները կսկսվեն: Բոլոր մարզերն ընդգրկված են: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր քայլ է, եւ եթե դրան գումարենք Երեւանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվող կապիտալ ներդրումները, ընդհանուր առմամբ մենք 2-3 տարվա ընթացքում կունենանք թարմացված ենթակառուցվածքներ»,-  նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ ծրագրերի իրականացման համար կհատկացվի 11.7 մլրդ դրամ, կվերակառուցվեն եւ կվերազինվեն շուրջ 20 ամբուլատորիաներ եւ պոլիկլինիկաներ:  Նախարարը, սակայն, հավելեց, որ միայն ենթակառուցվածքների խնդիրը լուծելը բավարար չէ: Կարեւորում են նաեւ բուժաշխատողների շարունակական կրթությունը, նրանց մասնագիտական որակների եւ ունակությունների թարմացումը: Նախարարը նշում է՝ գիտակցում են, որ կա ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, թերապեւտների սերնդափոխության խնդիր: Կրթական ծրագրերի միջոցով միտված են լրացնել այս բացը:

«Նախարարության եւ այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվել են բազմաթիվ դասընթացներ, որոնք պետք է օգնեն թարմացնել գիտելիքները, օժտվել նոր ունակություններով, իսկ այսօրվա քննարկման կարեւոր ուղենիշերից է, որ մենք պետք է փորձենք բեռնաթափել հիվանդանոցային օղակը եւ շարժը ուղղել դեպի առաջնային օղակ»,- նշեց նախարարը:   Կառավարության նախաձեռնած համակարգային փոփոխություններից մեկը նաեւ  համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն է: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ առաջնային օղակի համար այն շատ կարեւոր դեր կարող է ունենալ:  «Կարծում եմ՝ ճիշտ քայլերով ենք առաջ գնում, առաջին հերթին մեզ անհրաժեշտ են տվյալներ եւ վիճակագրություն, որպեսզի կարողանանք առաջնային օղակի բարելավման ճանապարհային քարտեզը մշակել»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը:

Առողջապահության նախարարության եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կազմակերպած միջոցառմանը հնչեցին նաեւ առաջարկություններ՝ հիմքում ունենալով ոլորտում առկա միջազգային փորձը:

 

 

 

ԵՌԱՄՅԱ ՆՈՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԾՐԱԳԻՐԸ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, եւ փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը:

 

Նոր ծրագիրն աջակցելու է ՀՀ կառավարության տնտեսական ծրագրին` հասնելու ներդրումների, գիտելիքի եւ արտահանման վրա հիմնված աճին` պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ֆինանսական կայունությունն ու նվազեցնելով աղքատությունը: Նոր ծրագրով, մասնավորապես, նախատեսվում են բարեփոխումներ՝ ուղղված հարկաբյուջետային, այդ թվում՝ հարկային քաղաքականության, հարկային վարչարարության, ծախսերի արդյունավետության, պետական ներդրումների կառավարման եւ ֆիսկալ ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ենթակառուցվածքների, գործարար միջավայրի եւ աշխատանքի շուկայի քաղաքականությունների բարելավմանը:

Խորհրդի նիստի ընթացքում ԱՄՀ կառավարիչ- տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպը, որն ապահովվել է սպառման եւ եկամուտների, կապիտալի ու աշխատուժի ներհոսքերի բարձր աճերով: Չնայած կանխատեսվող կայուն աճին՝ զգալի են անորոշությունները ռուս-ուկրաինական հակամարտության ու ստեղծված գլոբալ իրավիճակի համատեքստում: Նոր ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը տնտեսական ու ֆինանսական կայունությունը պահպանելու, ինչպես նաեւ կայուն եւ ներառական աճի ապահովման հարցում:

Խորհրդի հաստատումից հետո Հայաստանի համար անմիջապես հասանելի է դարձել ընդհանուր ֆինանսավորման մեկ յոթերորդ մասը՝ 18.4 մլն հատուկ փոխառելիության իրավունք 24.4 մլն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ մնացած միջոցները հավասարապես հասանելի են դառնալու հաջորդող՝ կիսամյակային վեց վերանայումների արդյունքում:

 

 

 

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվը պակասել է: Այս տարվա հունվար-հոկտեմբերին մեր հանրապետությունում ծնվել է 29 հազար 906 երեխա, մինչդեռ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը կազմել է 30 հազար 320. մեկ տարվա ընթացքում 414-ով պակասել է ծնվածների թիվը: 2020 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 30 հազար 147 երեխա: Մեռելածին երեխաների թիվն է պակասել՝ 425-ից դառնալով 369: Հայաստանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ՝ 108 տղա 100 աղջկա հաշվարկով: 2021 թվականին Հայաստանում ծնվել է 19 հազար 57 տղա եւ 17 հազար 566 աղջիկ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՁԿՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող Ա/Ձ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝

l ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին,

l չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա,

l ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին,

l չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:

Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում, եւ տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ եւ սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով՝ թաղվել է 58 տոննա ձուկ:

Տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբերյալ:

 

 




Լրահոս