2-ՐԴ ՈՐԴՈՒՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՆԱԿ ՈՒՂԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանական բանակի Մարտակերտի N զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան 19-ամյա եՖրեյտոր Վլադիմիր Ասատրյանի դին գտնելուց հետո պաշտոնապես հայտարարվեց, որ զինվորն ինքնասպան է եղել: Սակայն պարզվում է, որ նրա մահվան գործով օրերս երկու ժամկետային զինծառայողի են ձերբակալել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի բնակիչ է, իսկ նրա մայրը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ իր որդին ինքնասպան լինել չէր կարող: Հավելենք, որ Վլադիմիրը մահացել էր դիրքերում` ծառայության ժամանակ, իսկ մահվանից առաջ իր բազուկին կարմիր գրիչով գրել էր երկու հոգու անուն, որոնք կարող էին կապ ունենալ իր մահվան հետ:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացանք, որ այդ գործով երկու հոգու ձերբակալել են. շարքային Արմեն Զաքարյանին, որի դեմ հարուցվել է քրգործ` 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը վեց ամիս ժամկետով), ինչպես նաեւ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:
Նույն գործով ձերբակալվել է նաեւ կրտսեր սերժանտ Վահան Եղիազարյանը, որի դեմ հարուցվել է քրգործ` 360 հոդվածի 2-րդ մասով (նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով), ինչպես նաեւ 110 հոդվածի 1-ին մասով:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վլադիմիր Ասատրյանի մոր` Անժելա Ասատրյանի հետ, ով ասաց, որ տեղյակ է երկու զինվորների ձերբակալությունից եւ կապ է պաշտպանում քննիչի հետ` տեղեկություններ ստանալու համար: «Ես մինչեւ վերջ պնդում եմ, որ իմ էրեխեն ինքնասպանություն չէր անի, իմ էրեխեն նման քայլի չէր գնա: Դատախազությունը թող քննի, պարզի, թե ինչ ա եղել»,-վրդովված պնդեց մահացած զինվորի մայրը:
Տիկին Անժելան մեզ տեղեկացրեց, որ իր մյուս որդին` Արմեն Ասատրյանը, չի վերադարձել ԼՂՀ պաշտպանական բանակի Մարտակերտի զորամաս` ծառայության: Հիշեցնենք, որ Վլադիմիրի եղբայրը` Արմեն Ասատրյանը, արդեն 4-րդ ամիսն է` ծառայում է նույն զորամասում: Արմենը դեպքի օրը զորամասում է եղել, իսկ Վլադիմիրը` դիրքերում, դրա համար էլ տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել:
Անժելա Ասատրյանը մեզ ասաց, որ իր որդին` Արմենը, այժմ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում է գտնվում. «Սպասում ենք, որ Սեյրան Օհանյանը գա, որպեսզի հրամանը մակագրի, որ իմ էրեխեն չգնա ծառայության, իմ էրեխան հոգեկան շատ ծանր ապրումների մեջ ա, մենք փոխնախարարի հետ ենք խոսել, ասել ենք, հիմա սպասում ենք»:
Նա նաեւ նշեց, որ ինքը չի ցանկանում` իր որդին վերադառնա ծառայության. «Որովհետեւ ես չեմ ուզում երկրորդ երեխայիս կորցնեմ, ո՞ր մի մայրը կուզենա միանգամից երկու էրեխա կորցնի: Բացարձակ չեմ վստահում, եթե հիպերտոնիայով հիվանդ էրեխուն տարել հասցրել են Ղարաբաղ ու ընդեղից իմ էրեխու դիակն են բերել, դուք իմ տեղը լինեիք, կհամաձայնեի՞ք երկրորդ երեխային ուղարկեիք»:
Տիկին Անժելան ասաց, որ իրենք իսկապես սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում են ապրում եւ անգամ բնակարան չունեն, այժմ ինքը տեղափոխվել է իր քրոջ բնակարան. «Կուզենայի տեսնեիք` ինչ վատ պայմաններում ենք ապրում, ես մնացել եմ միայնակ, ստիպված եկել եմ քրոջս տուն: Ասել են, որ Արմենը հետ կգա, ես ամուսնալուծված եմ, դրա համար իրան հետ կուղարկեն, որպեսզի մենակ չմնամ»:
Զրուցեցինք նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանի հետ: Նա հաստատեց այն տեղեկությունը, որ ժամկետային զինծառայող Արմեն Ասատրյանը գտնվում է ռազմական ոստիկանությունում. «Այդ հարցը դեռեւս որոշվում է, պետք է քննչական ծառայությունը դիմի գլխավոր շտաբին, եւ օրենքի համաձայն լուծում տրվի, կան դեպքեր, երբ այդ պարագայում զորացրվում են, հիմա ինքը մեզ մոտ է գտնվում»: Մենք հետաքրքրվեցինք, թե Արմեն Ասատրյանն ինչ կարգավիճակով է ռազմական ոստիկանությունում. «Զորամասում է որպես գործուղված, որովհետեւ մոտ օրերս է այդ հարցը լուծվելու, եւ իմաստ չկա, որ հետ գնար, ինքը մեզ մոտ ծառայության մեջ ա, դա էլ է համարվում ծառայություն»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս