Իրանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր հակաօդային պաշտպանության համակարգերի ցանցը Սիրիայում, մինչ Իսրայելը փորձում է խափանել այդ ծրագիրը պարբերական ավիահարվածների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ամերիկյան Newsweek շաբաթաթերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի դաշնակից երկրներից մեկի հետախուզության աղբյուրին։
Հրատարակությունը նշում է, որ Սիրիայում իսրայելական ավիահարվածները սկսվել են 2017 թ.-ի վերջին, երբ իրանական ուժերը սկսեցին ամրապնդվել այնտեղ: Newsweek-ի զրուցակցի տվյալներով՝ Իրանը վերջին երկու տարիներին Սիրիայում տասնյակ միլիոն դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու ռազմավարություն է որդեգրել։ Ըստ աղբյուրի՝ այս կերպ Թեհրանը մտադիր է «դիմակայել Իսրայելի ավիահարվածներին»։
«Այդ մարտական հնարավորությունների տարածումն իրականացվում է սիրիական բանակի հետ համատեղ նախագծի շրջանակներում և, հնարավոր է, նույնիսկ նպատակ ունի թույլ տալ Իրանին Սիրիայի տարածքում անկախ կերպով գործարկել ՀՕՊ համակարգերը: Բացի դրանից, իրանցիները սիրիացիներին օգնել են արդիականացնել իրենց ռադիոտեղորոշման համակարգերը՝ հայտնաբերելու և կանխելու իսրայելական գրոհները, որոնք ուղղված են գլխավորապես Սիրիայում իրանական օբյեկտների դեմ», – նշել է աղբյուրը:
Պարբերականի զրուցակցի պնդմամբ՝ Իրանը Սիրիայում տեղակայում է Sayyad 4 B պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչ՝ համակցված Bavar-373 զենիթահրթիռային համակարգի հետ, որը նախատեսված է ավելի քան 300 կմ հեռավորության վրա գտնվող օդային թիրախների խոցման համար։ Աղբյուրը պնդում է, որ Իսրայելը վերջին երկու տարվա ընթացքում յոթ հարված է հասցրել Սիրիայում իրանական հակաօդային պաշտպանության աճող ցանցին։ Դրանցից վերջին երկուսը տեղի են ունեցել 2022 թ.-ի նոյեմբերին և դեկտեմբերին սիրիական Հոմս քաղաքում։
Սիրիայի կառավարությունը ավիահարվածների համար բացահայտ կերպով մեղադրել է Իսրայելին:
Ըստ սիրիական ԶԼՄ-ների՝ հարվածների հետևանքով սպանվել և վիրավորվել են սիրիացի զինվորականներ և քաղաքացիական անձինք: Հրատարակության զրուցակիցը նաև հայտնել է, որ Սիրիայում իսրայելական ավիահարվածների հետևանքով վերջին մի քանի տարվա ընթացքում 10 իրանցի է զոհվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը՝ հունվարի սկզբին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելն ակտիվ գործողություններ կձեռնարկի՝ ռազմական առումով Սիրիայում Իրանի ամրապնդումը կանխելու համար: