Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Երեկ հայտարարություններ են հնչել միջազգային հանրությունից, որոնք Ադրբեջանին կոչ են անում բացել ճանապարհը։
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթեւեկությունը առանց նախապայմանների: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Փարիզում նաեւ հիշեցրել են կրակի դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:
Լաչինի միջանցքով երթեւեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը»,- նշել է նա։
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում եւ նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին. այս մասին հայտարարություն են տարածել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը:
«Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին: Նրանց կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված բնույթ է կրում եւ նպատակ ունի փակել տրանսպորտի տեղաշարժը, դեպի Արցախ սննդի, բժշկական պարագաների եւ այլ կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաեւ սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը»,- նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նաեւ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:
«Ըստ լրացուցիչ տեղեկությունների՝ Ադրբեջանը նաեւ փակել է տարածքի բնակիչների համար բնական գազի մատակարարման գլխավոր աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի անկման պայմաններում տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես արել էր այս տարվա մարտին: Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը եւս մեկ անգամ նրանց ձեռքում զենք է դարձնում կարեւոր ենթակառուցվածքները եւ հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիեւի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են»,- նշել են կոնգրեսականները:
Նրանք նաեւ ԱՄՆ-ին եւ նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի կողմից ստեղծված այս ճգնաժամը դադարեցնելու համար: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաեւ Ալիեւին բերել բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի եւ խաղաղության այլ բազմակողմ գործընթացների միջոցով եւ «ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ Արցախի հանդեպ միջազգային զորակցություն ապահովելու համար 2022թ. դեկտեմբերի 13-ի երեկոյան Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության եւ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։
Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամի իրական վտանգը եւ ադրբեջանական՝ էթնիկ զտում եւ հայրենազրկում հետապնդող քաղաքականության վերջին դրսեւորումները։ ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները տեղեկություններ են փոխանցել Հայ դատի աշխարհասփյուռ ցանցի կողմից ձեռնարկված եւ նախատեսվող միջոցառումների, ինչպես նաեւ գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Երկուստեք կարեւորվել է ստեղծված ծանր իրավիճակում համազգային ջանքերի կենտրոնացման եւ համատեղ աշխատանքով մեր ժողովրդի առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերի հաղթահարման կարեւորությունը։
ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համաձայնեցման ուղղությամբ, սակայն նրանք առնվազն կկարողանան շփվել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:
«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեքը (առաջնորդները) հնարավորություն կունենան խոսել գոնե կուլուարներում։ Թե հետո ինչպես կստացվի, աշխատանքը դեռ ընթացքի մեջ է», – ասել է Պեսկովը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի վերջին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այն կանցկացվի Սանկտ Պետերբուրգում:
ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Լաչինի միջանցքով երթեւեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի. հետաձգում է խաղաղության գործընթացը,- ասել է Փրայսը:- Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»։
«Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած դադարեցում, եւ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին հաղորդագրություններ, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես՝ ձմռան ամիսներին: Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը»,- նշել է նա։
ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է
Կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 10 նախագիծ, որոնք պատգամավորները չէին հասցրել ամբողջությամբ քննարկել եւ ընդունել:
Նախագծերից մեկով կքննարկվի ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը: Օրակարգում են նաեւ ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Կան նախագծեր, որոնք քննարկվելու են միայն երկրորդ ընթերցմամբ, սակայն կան նաեւ այնպիսի հարցեր, որոնք կանցնեն առաջինից երկրորդ ընթերցում:
ԲՈՒՖԵՏԸ «ԹԱՆԿ ՆՍՏԵՑ»
Հայաստանի խորհրդարանի ճաշարանը բավականին «թանկ նստեց» ԱԺ բյուջեի վրա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի ճաշարանի միայն սպասքի համար ծախսվել է 5 մլն դրամ. գնվել է ափսե, գդալ, աղաման, հացաման, կաթսա, կացին, դանակ, բռնիչ եւ այլն: Մեզ հայտնի դարձավ, որ մրցույթին մասնակցել է Ա/Ձ Ռոբերտ Մելիքյանը, որն էլ հաղթող է ճանաչվել: Բացի այս, եւս 5 մլն դրամ Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար է ծախսել։ Մեզ հայտնի դարձավ, որ «մեկ անձից գնման» ընթացակարգով գնվել է չորստեղանի ճաշասեղան՝ աթոռներով։ Թվով 25 հատ սեղան է գնվել, միավորի արժեքը կազմել է 200 հազար դրամ։
Տեղեկացնենք, որ դեռեւս հոկտեմբերի 6-ին, կառավարության որոշմամբ, 31 մլն դրամ հատկացվել էր ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգմանը։
Կառավարությունը խորհրդարանին թույլ էր տվել աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթի՝ «մեկ անձից գնելու» ընթացակարգով՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի եւ գնման այլ ձեւերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված: