Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի եւ բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:
ԱՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ArmLur.am-ը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է նաեւ ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլուասի հետ:
-Պարո՛ն Ֆուրլուաս, արդեն չորրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակ է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Ձեր տեսակետը՝ տիրող իրավիճակի վերաբերյալ:
-Ցավոք, կան հավաստի տեղեկություններ Լաչինի միջանցքում երթեւեկության խափանումների վերաբերյալ: Դրա հետեւանքով մենք ունենք Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակում, եւ տարածաշրջանում մատակարարման գիծը խափանված է: Այլ տեղեկություններ կան նույնիսկ բնական գազի մատակարարման ընդհատման մասին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակը ողբերգական է եւ վերաբերում է կանանց, երեխաներին, հիվանդներին, քրոնիկ հիվանդներին եւ տարեցներին։ Սա, անկասկած, հումանիտար ճգնաժամ է, որին պետք է անհապաղ լուծում տալ վատթարագույնից խուսափելու համար։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման քայլի:
-Հերթական անգամ ականատես ենք լինում Բաքվի կողմից սադրանքի եւ ագրեսիայի. մենք դատապարտում ենք ոչ թե ադրբեջանական ժողովրդին, այլ նրա ավտորիտար բռնապետական ռեժիմը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում հայ ժողովրդի համար։ Բաքվի այս ավտորիտար իշխանությանն ակնհայտորեն աջակցում է Թուրքիան։ Անմեղ մարդկանց տառապանք պատճառող ցանկացած սրացում միանգամայն անընդունելի է։
-Դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը հնարավոր է կասեցնել միայն մեկ ճանապարհով. Ադրբեջանը պետք է անհապաղ անցնի երթեւեկության եւ էներգամատակարարման ամբողջական վերականգնմանը, միայն այս կերպ հնարավոր կլինի խուսափել տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից։ Խաղաղ եւ արդյունավետ լուծում գտնելը իդեալական սցենար է այն սկզբունքների եւ արժեքների համար, որոնց պաշտպանում է Եվրամիությունը:
-Միջազգային հանրությունն այնքան էլ ակտիվ չէ, եւ դատապարտող հայտարարություններ տեսանք Լաչինի միջանցքը փակվելուց մի քանի օր անց միայն: Ինչո՞ւ է աշխարհը լուռ:
-Անձամբ ես տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեղեկացված լինելուն պես քայլեր ձեռնարկեցի՝ գրավոր հարց ներկայացնելով Եվրահանձնաժողովին։ Հարցի միջոցով խնդրել եմ հանձնաժողովի անհապաղ միջամտությունը երթեւեկության եւ էներգամատակարարման լիարժեք վերականգնման նպատակով։ Անհրաժեշտ է, որ բոլորն իրենց ապահով զգան, եւ բոլոր ներգրավված կողմերի միջեւ երկխոսություն լինի, որպեսզի ապահովվի խաղաղություն եւ կայունություն ողջ տարածաշրջանում։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Չնայած ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանն արդեն ավարտվել է, սակայն առաջիկայում արտահերթ նիստեր են սպասվում: Դեկտեմբերի 16-ին արդեն արտահերթ նստաշրջան հրավիրվել էր, սակայն պատգամավորները չեն հասցրել քննարկել այն հարցերը, որոնք կիսատ են մնացել եւ ամբողջությամբ չեն ընդունվել:
Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներին արդեն զգուշացրել են՝ առաջիկայում՝ մինչեւ ամանորյա տոները, մի քանի նստաշրջան է լինելու, որոնց պետք է մասնակցեն: Այս պահի դրությամբ նստաշրջանի օրակարգը դեռ ամբողջությամբ հայտնի չէ, սակայն հստակ է, որ դրանք լինելու են:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 11.00-ին, կրկին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. օրակարգում դատավորների ընտրություններն են: ՔՊ-ականները երեք դատավոր են ընտրելու:
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ԸՆԿՃՎԱԾ ՉԵՆ
Այս օրերին Արցախում մարդիկ արժանապատիվ կերպով են կրում բոլոր այն զրկանքներն ու խնդիրները, որ ունեն ու առաջիկայում էլ ունենալու են: ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցնում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Իրավիճակի ամենավատ կողմն այն է, որ այս պահին Երեւանում իրենց ծնողներից կտրված երեխաներ կան ու ընտանիք վերադառնալ չեն կարողանում:
Հակոբյանն այն տեսակետին է, որ եթե անգամ Բերձորի միջանցքը բացվի, ապա դա դեռեւս չի նշանակում, թե հաջորդ պահին հակառակորդն այն նորից չի փակելու: Ի դեպ, հավելում է՝ հաջորդ անգամ ավելի հուժկու կերպով կարող է փակվել հանգույցը: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ սա քաղաքական հարց է, որի անունն, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք» է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունից վերջին շրջանում քաղաքացիները սկսել են շատ դժգոհել, եւ խաբեության մակարդակն այնքան է բարձրացել, որ նրանցով զբաղվում են պետական մարմինները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն արդեն հասցրել է տուգանվել ավելի քան 61 մլն դրամի չափով: Տեղեկացանք, որ քաղաքացիներից մեկը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ հայտնել է, որ ընկերությունն ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ է սահմանել 3-6 աշխատանքային օր եւ չի տրամադրել որեւէ հղում, որ առաքման ժամկետները կարող են զգալի տարբերվել: Մեկ այլ քաղաքացի էլ ներկայացրել է, որ ընկերությունն իր կայքում ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ նշել է 3-4 աշխատանքային օր, որը հետագայում զանգվածային ուշացումների արդյունքում փոխել է 3-9 աշխատանքային օր առաքման ժամկետով: Քաղաքացին պնդում է, որ նույնիսկ այդ պարագայում, ըստ տրամադրած նախնական տեղեկության, ծանրոցը հասանելի է եղել 25 օրում: Ու պարզվում է, այս դեպքը եզակի չէ եւ կրում է զանգավածային բնույթ, իսկ ընկերությունը հրաժարվում է որեւէ կերպով հատուցումից՝ ծանրոցների վերաբերյալ տալով իրարամերժ պատասխաններ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկն էլ հաղորդում է ներկայացրել հետեւյալի մասին. ընկերությունը կայքում նշում է, որ ԱՄՆ-ից ՀՀ «Էքսպրես» առաքումը կատարում է 3-9 աշխատանքային օրում, մինչդեռ տվյալ քաղաքացու ծանրոցը, որը 2022 թվականի հուլիսի 16-ին առաքվել է ընկերության ԱՄՆ պահեստ, մինչեւ օգոստոսի 10-ը դեռ չի հասել ՀՀ: Նշենք, որ Հանձնաժողովը վարույթը հարուցել է ընկերության կողմից ԱՄՆ-ից ՀՀ օդային եւ ծովային առաքումների ծառայությունների համար գործնականից տարբերվող ժամկետ հայտարարելու միջոցով հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերեւույթ առկայության հիմքով: Ըստ ընկերության հիմնավորման՝ իրենցից անկախ պատճառներով առանձին դեպքերում այդ ժամկետները չեն պահպանվում։
224 ԶՈՀ
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ բոլոր 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։ «Բազմակողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու, գնահատական տալու համար»,- ասել է Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։