Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։ Ճգնաժամն ու շրջափակումը շարունակվում են: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտարարել էր՝ քանի դեռ ադրբեջանցի ցուցարարներն այդտեղ են, ամեն րոպե կարող են արգելափակել հայկական մեքենաների ճանապարհն ու նաեւ անցակետ տեղադրել:
«Ճանապարհի կողքերին կանգնած են, եւ իրենք կարող են կանգնեցնել կամ չկանգնեցնել մեքենաները, երբ ուզենան, դրա համար մենք ասում ենք, որ դա անընդունելի է, եւ պետք է դուրս գան ու չխանգարեն մեքենաների հանգիստ շարժմանը: Այդ կողմից դա միակ որոշումն է, որովհետեւ եթե մենք ընդունում ենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնած լինել, նայեն՝ ինչ մեքենա են թողնում ու ինչ մեքենա չեն թողնում, դա դառնում է իրենց համար հնարավորություն «կապեպե» ստեղծելու», – հայտարարեց նա:
Արդեն իններորդ օրն է՝ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցիները միջանցքի Շուշի-Քարինտակ հատվածում են. երեկ օրը բացել են համերգային կատարմամբ: Ակցիայի բնապահպանական հունը պահպանելու համար ռուբիկ կուբիկներով «Էկոցիդ» պաստառ են հավաքել։ Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ «ճանապարհը բաց է», եւ «այսօր այդտեղով դարձյալ շտապօգնության մեքենա է անարգել անցել»։
Արցախից, սակայն, հայտնում են, որ ոչ մի նոր հիվանդի տեղափոխել հնարավոր չի եղել. երեկ մեկնած շտապօգնության միակ մեքենան է վերադարձել Կարմիր խաչի ուղեկցությամբ։ Արցախյան բուժհաստատություններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: 13 փոքրիկներ վերակենդանացման բաժանմունքում են, Ստեփանակերտի Հանրապետականում շուրջ մեկ տասնյակ քաղաքացի կա վերակենդանացման բաժանմունքնում: Բուժպարագաների ու դեղորայքի սղության պայմաններում Արցախում շուրջ մեկ շաբաթ է՝ պլանային վիրահատությունները դադարեցվել են:
Սննդամթերքի սուր ճգնաժամ առայժմ չկա, բայց միրգ-բանջարեղենի կրպակներում արդեն միայն թանկարժեք արեւադարձային պտուղներն են մնացել:
«Մարդ չկա, ապրանք չկա. ի՞նչ տանեմ երեխեքի համար», – հարցնում է քաղաքացիներից մեկը:
Սուպերմարկետներում արդեն սպառվում են ամանորյա տոների համար կուտակած պաշարները:
«Շաքարավազի պակասություն է մեզ մոտ, անկեղծ ասած՝ արդեն ծխախոտն էլ է պակասում», – ասում է մյուսը:
Ըստ Ստեփանակերտում տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության՝ ալյուրի պաշարները բավարար են, հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պաշարներից որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին: Ռուբեն Վարդանյանը պաշտոնյաներին հանձնարարել է նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով աշխատող ավտոմեքենաներին:
Տարվա այս սեզոնին Արցախից արտերկրի հանգստավայր կամ հարազատներին տեսակցելու գնացող ուղեւորների թիվը սովորաբար մեծ է լինում: Ստեփանակերտում գործող տուրիստական ընկերությունում անընդհատ զանգեր են ստանում՝ ավիատոմս գնած արցախցիները փորձում են հետ ստանալ ձախողվող թռիչքների գումարը։ Ընկերության ներկայացուցիչ Սվետլանա Մովսիսյանն ասում է՝ անորոշության մեջ հայտնված արցախցի ուղեւորներին միջազգային ավիափոխադրողների մեծ մասը ըմբռնումով են մոտենում, հայկական կազմակերպություններն էլ՝ մեկ բացառությամբ. «Ունենք ուղեւոր, որ գնել էր տոմս Fly one Armenia ավիաընկերությունից, թռիքչը պիտի լիներ դեկտեմբերի 13-ին՝ շրջափակման հաջորդ օրը: Իհարկե, դիմեցինք ընկերությանը, բազմաթիվ նամակներ ուղարկեցինք էլփոստով, բայց արձագանք չկար. ստեղծված իրավիճակում ոչ մի օգնություն չցուցաբերեցին», – ասաց նա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր:
Քննարկվել են Արցախի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի կենսապահովման համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները:
Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել:
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲՈՂՈՔ
Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. հայտնել է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը (գրում են ադրբեջանական աղբյուրները):
Նրա խոսքով՝ «բողոքում փաստեր են ներկայացված այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում, Զաբուխում (Աղավնո) եւ Սուսայում (Սուս) ադրբեջանցիների հարյուրավոր օբյեկտների ոչնչացման համար Հայաստանի պատասխանատվության մասին»: Սա ՀՀ-ի՝ Լաչինի միջանցքի հետ կապված հայցի պատասխանն է:
ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁ
ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում եւ կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ. այս մասին վստահեցրել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի իր ուղերձում:
«Արդեն 3 տարուց ավելի Հայաստանում եմ: Երկրի համար դժվարին ժամանակներ էին. չնայած անհերքելի մարտահրավերներին՝ ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ: Լավատեսությանս հիմքում ժողովուրդն է»,-նշել է Թրեյսին:
Նրան ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը: Խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծել է երկու երկրների գործընկերության դրական հետագիծն ու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին:
Նա 2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւս մեկ կարեւոր իրադարձություն է համարել: «ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, եւ մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-նշել է Թրեյսին:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԻՐԱՀԱՐԸ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ ՀՀ նախագահի հրամանով նշանակվեց ՀՀ փոխվարչապետ: Տիգրան Խաչատրյանն այս կառավարության այն եզակի պաշտոնյաներից է, որ բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել նաեւ նախկին իշխանությունների օրոք:
Այսպիսով, ո՞վ է ՀՀ նորանշանակ փոխվարչապետը:
Նա իր գործունեությունը սկսել է 1995 թվականից՝ որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ, ապա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարություններում: 2006-2016 թթ.-ին շուրջ 10 տարի Խաչատրյանը սոլիդ պաշտոն էր զբաղեցնում հանրությանը հայտնի «Վալլեքս»-ում. նա հիշյալ ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենն էր: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալից հետո զբաղեցրել է նախարարի, ապա էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների պաշտոնները. այժմ էլ ՀՀ փոխվարչապետն է:
ArmLur.am-ը ներկայացնում է նաեւ Տիգրան Խաչատրյանի՝ 2020 թվականի ներկայացրած հայատարարագիրը։
Նախարարը Երեւանի կենտրոնում ունի մեկ բնակարան, երկու հողամաս՝ մեկը Կոտայքի մարզի Ջրվեժում, մյուսը՝ Տավուշի մարզի Դիլիջանում, մեկ ամառանոց՝ Շենգավիթում, մեկ ավտոտնակ ու անհատական բնակելի մեկ տուն՝ Ջրվեժում։ Ի դեպ, Խաչատրյանը բնակարանը գնել է 2016 թվականին, երբ զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։
Ավտոմեքենա չունի. համենայնդեպս, այդպես նշված է իր հայտարարագրում, իսկ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր դեռ չի ներկայացրել Խաչատրյանը, որպեսզի պարզենք՝ ունի, թե ոչ։ Նշենք, որ նախարարը 28 հազար 100 դոլարի չափով պարտատոմսեր ունի, իսկ հանձնած ավանդերը կազմել են 15000 դոլար։ Բանկային հաշիվները կազմել են 206 դոլար, 350.000 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 18.000 դոլար։
Տիգրան Խաչատրյանի՝ նախորդ տարվա եկամուտը, բացի ստացած փոխառություններից, 13 մլն 222 հազար դրամ աշխատավարձն է, որը նա ստացել է, երբ էկոնոմիկայի նախարար էր։ Բացի այս, տրված փոխառություններից ստացած տոկոսը կազմել է 517.000 դրամ եւ 554 դոլար։ Ստացված փոխառությունը 825 000 դրամ է։