«Ժողովուրդ» օրաթերթն երեկ գրել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունից վերջին շրջանում քաղաքացիները սկսել են շատ դժգոհել, եւ խաբեության մակարդակն այնքան է բարձրացել, որ նրանցով զբաղվում են պետական մարմինները: Գրել էինք, որ ընկերությունն արդեն հասցրել է տուգանվել ավելի քան 61 մլն դրամի չափով:
Այս հրապարակումից հետո եւս խմբագրություն ընթերցողների ահազանգերը չեն դադարում: Քաղաքացի Արմինեն, ArmLur.am-ի հետ զրույցում պատմելով իր հետ տեղի ունեցածը, նշեց, թե սպառողները պաշտպանված չեն որեւէ կերպ: «Օգտվել եմ «Գնի՛ր իմ փոխարեն» ծառայությունից, որպեսզի իրենք ստանան, իրենք ստուգեն եւ փոխանցեն ինձ անվնաս վիճակում: Դրա համար ես հավելյալ գումար եմ վճարել եւ պատվիրել եմ այս դեպքում հեռուստացույց (108 հազար դրամ): Հեռուստացույցը բերել են ինձ փակ վիճակում, եւ ես պարզել եմ, որ այն ամբողջությամբ վնասված է: Ես կապ եմ հաստատել նրանց հետ, եւ «Գլոբբինգը» երկու շաբաթ ժամանակ խնդրեց՝ պարզելու համար, թե որ փուլում է տեղի ունեցել: Իրենք ասացին, թե իրենց մեղքով չի եղել»,- նշեց քաղաքացին:
Որպես փոխհատուցում, Արմինեն նշեց, թե բեռնափոխադրումներով զբաղվող այս ընկերությունն իրեն առաջարկել է 45 հազար դրամ վճարել, որ ապրանքը հետ ուղարկեն տվյալ կազմակերպությանը որպես խոտան, եւ սա՝ այն դեպքում, երբ առաքելու համար նա 13 հազար դրամ էր վճարել:
Սա դեպքերից միայն մեկն է: ԱՄՆ-ից վերջերս նաեւ ավտոմեքենայի մարտկոց է պատվիրած եղել ՀՀ քաղաքացիներից մեկը՝ բավական թանկարժեք, սակայն կրկին վնասված է եղել: Մեկ այլ քաղաքացի օծանելիքներ է պատվիրած եղել, եւ առաքել են ոչ ամբողջական վիճակում. 4 օծանելիքներ չեն եղել: Նման օրինակները բազմաթիվ են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԸՆԿՃՎԱԾ ՉԵՆ
«Արդեն 10-րդ օրն է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհն ու հումանիտար այն խողովակը, որով Արցախը ստանում էր այն ամենը, ինչն անհրաժեշտ է բնականոն կյանքի ու առօրյայի համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։
Մեզ հետ զրույցում պատգամավորը փոխանցում է, որ Արցախում ընդհանուր տրամադրությունը մտահոգիչ է, բայց մարդկանց մոտ ընկճվածություն կամ խուճապ չկա։
«Մարդկանց մտահոգությունները, իհարկե, հիմնավոր են, քանզի բանական էակը հասկանում է՝ մեր կամքից անկախ ի հայտ եկած նոր խնդիրներ են առաջ գալու, որոնց պետք է կարողանալ համարժեք լուծումներ տալ։ Մարդիկ պետք է կարողանան ապրել, աշխատել ու կազմակերպել կենցաղը։ Արցախցու վճռականությունն անսասան է, ոգին՝ տոկուն, բոլորն էլ հասկանում են՝ պայքարը չի ավարտվել, իսկ դա հաղթահարելու ճանապարհը փշոտ է։ Մարդիկ դա էլ են շատ լավ գիտակցում»,- ասում է պատգամավորը։ Առանց Մայր Հայաստանի գործուն աջակցության, շարունակում է Հովհաննիսյանը, երկարատեւ շրջափակման պայմաններում կյանքն ու առօրյան կազմակերպելը դժվար եւ բարդ է լինելու, հետեւաբար, ասում է, հարցին ճիշտ հանգուցալուծում տալու համար թե՛ քաղաքական դաշտում, թե՛ անվտանգության ոլորտում պետք է անել հնարավորը։ Թե ինչ գործընթացներից հետո կբացվի Լաչինի միջանցքը, պատգամավորն ինքն էլ չգիտի, ավելին՝ այդ մասին բարձրաձայնելը նպատակահարմար չի համարում, բայցեւ շեշտում է՝ այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ միջազգային հանրության կոնկրետ, հասցեական արձագանքն ու Ադրբեջանի նկատմամբ ուղիղ ճնշումներ գործադրելը։
«Նախ պետք է ապահովել, որ Ադրբեջանը կատարի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտակությունները, ապա թույլ չտալ, որ Արցախում հումանիտար աղետ տեղի ունենա։ Եթե բանը դրան հասնի, ապա Արցախի ժողովուրդն իրավունք է ունենալու իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել իր կյանքի իրավունքը»,- ամփոփում է մեր զրուցակիցը։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՎ
«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն 2021 թ. նոյեմբերի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ի, գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022թ. հունվարի 10-ի որոշմամբ՝ դիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը: Դիմելով դատարան՝ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ 2021թ. հունիսի 6-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ին մատակարարել է 3 156 081 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ պրեֆորմաներ (նախակաղապարներ)։
«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն մատակարարված ապրանքի համար վճարելու պահանջով բազմիցս դիմել է «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ին, սակայն հանքային ջրերի գործարանը ամբողջ պարտքից՝ 3 156 081 ՀՀ դրամից, 2021թ. սեպտեմբերի 22-ին վճարել է ընդամենը 300 000 դրամ, իսկ պարտքի մնացած մասը չի վճարել: 2022թ. նոյեմբերի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում դատավոր Նանա Դալլաքյանը վճռել է ««Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին» հայցը բավարարել, «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ից հօգուտ «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի բռնագանձել 3.016,675 ՀՀ դրամ, որից 2.856.081 ՀՀ դրամը՝ որպես հիմնական պարտքի գումար, 160.594 ՀՀ դրամը՝ որպես 2021 թվականի հունիսի 9-ից մինչեւ հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը՝ 2021թ. նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսի գումար՝ սկսած 2021թ. նոյեմբերի 16-ից մինչեւ հիմնական պարտքի վերադարձման պահը, 2.856,081 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել եւ բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ից հօգուտ «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի բռնագանձել 90.500,25 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, ավել վճարված 8.699,75 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը վերադարձնել «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ին, «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ից հօգուտ «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ