ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այլընտրանքային (հեղինակային, փորձարարական եւ միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման եւ հաստատման կարգի նախագիծը:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ, համաձայն նախագծի, այլընտրանքային է համարվում հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձեւով եւ առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրը։

Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝

l հեղինակային կրթական ծրագիր (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած եւ, օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր),

l փորձարարական կրթական ծրագիր («Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տեւողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր),

l միջազգային կրթական ծրագիր (միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր):

Այլընտրանքային կրթական ծրագիրը՝ որպես երաշխավորված հանրակրթական ծրագիր, ենթակա է գործածության կարգի պահանջներին համապատասխան փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց եւ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո:

Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը՝ կարգով սահմանված պահանջներին համապատասխան: Այն ներառում է փաստարկներ եւ հիմնավորումներ նյութի բովանդակությանը եւ կառուցվածքին ներկայացվող չափանիշներին եւ ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն եւ մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական եւ այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:

Այլընտրանքային կրթական ծրագրի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների եւ հանրակրթական, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, ԳԱԱ գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ, կամ մրցութային եղանակով կարող է պատվիրակվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Պատվիրատուի տրամադրած փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն՝ փորձաքննության, որի դրական եզրակացության հիման վրա՝ ծրագիրը երաշխավորվում է գործածության: Կրթական աստիճանի տեւողությամբ փորձարարական կրթական ծրագրի գործարկման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձեւի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ: ԿԶՆԱԿ-ը կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում կարող է որպես հեղինակային ծրագիր ներկայացվել երաշխավորման՝ ըստ կրթական աստիճանների:

Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա են հավաստի տեղեկություն տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում որպես հանրակրթական ծրագիր իրականացվելու մասին, միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաեւ համապատասխան դրական եզրակացություն:

Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով ներկայացված ծրագիրը երաշխավորվում է գործածության: Բացասական կարծիքի դեպքում ծրագիրը վերադարձվում է ներկայացնողին` կցելով եզրակացությունը եւ հիմնավորումները:

Քաղաքացիները եւ շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչեւ դեկտեմբերի 29-ը:

 

 

 

 

 

ԽԱՂԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող է կապվել խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպության անվանման հետ. այդպիսի հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պետք է փոխեն իրենց անվանումները:

 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց հեղինակ Գեւորգ Պապոյանը:

«Մենք այլեւս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը իրավունք է ստանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, եւ որի անվանումը վերջին 10 տարվա ընթացքում կարող ենք ուղղակիորեն կապել, կամ այն շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման, այնպիսի ապրանքանիշի հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղային բիզնեսով՝ շահումով խաղով, տոտալիզատորով եւ այլն: Այսպիսով, չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը վստահեցրեց՝ պետությունը տնտեսական առումով խնդիր չունի, գործարարների, բիզնեսի հետ խնդիր չունի, խնդիր ունի խաղամոլության դեմ պայքարի հարցում, իսկ դա անուղղակի գովազդ է ստացվում, այն ուղղակիորեն ասոցացվում է խաղի հետ:

Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող այդպիսի հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել եւ ընտրել այնպիսի անվանումներ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ:

«Սա ուղիղ կապված է խաղամոլության դեմ պայքարի մեր հանձնառության հետ»,- ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ իշխանության գործողությունները միտված են խաղամոլության տարածման ահագնացող տեմպը կոտրելուն:

 

 

 

 

ՄՐՑՈՒՅԹ՝ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական խմբակների՝ ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականներին համախմբել է «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը:

Այս տարի մրցույթի թեման ագրոտեխնոլոգիաներն են. դպրոցականները ստեղծել են ռոբոտներ, որոնք ջրում են հողը, կերակրում կենդանիներին, բերքը հավաքում ու թեթեւացնում ֆերմերի հոգսը։ «ԱրմՌոբոտիքս 2022»-ի հովանավորը Հայաստանում գյուղոլորտի ֆինանսավորման առաջատար «Ակբա» բանկն է, որը լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում խելացի գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։

«Կարեւոր կոմպոնենտը ինժեներական գաղափարների պահպանումն ու զարգացումն է, որը Հայաստանում, թերեւս, ամենալավը իրականացվում է «Արմաթ» հարթակներում: Այսօրվա խնդիրները, որոնք երեխաները լուծում են, բավականին բարդ են։ Կարեւոր է, որ Հայաստանում կա հարթակ, որտեղ դպրոցահասակ երեխաները կարողանում են զբաղվել ինժեներական լուծումների, ռոբոտների ստեղծման ոլորտում եւ իրենց մտքերը կիրառել։ Եվ պետք է հիշել մի բան, որ այսօրվա չստացվածը եւս մեկ քայլ է դեպի հաջողություն»,- նշել է «Ակբա» բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի ամենամեծ մասի զբաղվածությունն է ապահովում։ Արդյունավետության բարձրացման համար կարեւոր է տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ։ Նոր սերնդում այս տարիքից մենք դնում ենք այդ ձգտումը եւ մոտիվացիան, որ խնդիրներ լուծեն իրենց ընտանիքի, հարեւանի ու համայնքի համար»,- նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հիմնադրվել են հայկական տեխնոլոգիական ոլորտի նվիրյալ, ԱՏՁՄ հիմնադիր Կարեն Վարդանյանի առաջնորդությամբ: Այժմ Հայաստանում գործում է 600-ից ավելի «Արմաթ» խմբակ. նախատեսվում է, որ մինչեւ 2025 թվականը եւս 700 դպրոցում երեխաները կկարողանան զբաղվել ինժեներական աշխատանքներով եւ ուսումնասիրություններով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 




Լրահոս