Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է, որ Արցախի հարցին լուծում տվողը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Արեւմուտքը: «Լուծման բանալին Հայաստան-Ադրբեջան-Արցախ եռակողմ բանակցությունների, երկխոսության մեջ է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է նա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
-Տիկի՛ն Սամսոնյան, արդեն մեկ ամիս է՝ Արցախը Հայաստանի հետ ճանապարհը փակ է, եւ Արցախը չի կարողանում կապ պահպանել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հետ: Մարդասիրական կոչեր, հայտարարություններ բազմիցս են եղել, բայց շոշափելի որեւէ արդյունք, արձանագրում չկա: Ի՞նչ գնահատական եք Դուք տալիս այս իրավիճակին:
-Այո, կան կոչեր, բայց պարզապես կոչերով հումանիտար ճգնաժամ չի լուծում: Հումանիտար ճգնաժամը ստեղծողին պատասխանատվության կանչելով են դա լուծում, եւ մեղավորը Ադրբեջանի Հանրապետությունն է: Այսօր միջազգային իրավունքը ստորադասվել է աշխարհաքաղաքական շահերին, եւ, ըստ էության, միջազգային կառույցները եւ ՄԱԿ-ը չեն կարողանում կատարել իրենց քայլերը, որովհետեւ նրա առաքելությունն այսուհետ բխում է պետությունների շահերից: Եթե այսպես շարունակվի, ապա կա վտանգ, որ միջազգային կազմակերպություններից ՄԱԿ-ը կարող է արժանանալ Ազգերի լիգայի ճակատագրին, երբ չկարողանան ճնշել ագրեսոր պետություններին: Հիմա այսպիսի իրավիճակում միջազգային կառույցներն են, եւ ես հույս չունեմ, որ նրանք կկարողանան բացել Լաչինի միջանցքը: Այս հարցը դարձել է բոլոր գերտերությունների շահարկման առարկան, բայց ոչ լուծման հարցը, այդ պատճառով այն դեռ կմնա փակ, քանի դեռ Հայաստան-Արցախ-Ադրբեջան երկխոսության եռանկյունու հիման վրա չվերսկսվի երկխոսություն, եւ չլուծվի այդ հարցը:
-Միջազգային հանրությանը ձե՞ռք է տալիս՝ փակ մնա Լաչինի միջանցքը:
-Նրանց ոչ թե ձեռք է տալիս, որ փակ մնա, այլ նրանք չունեն այդքան ժամանակ եւ գործիքակազմ, որ իրենք զբաղվեն կամ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները: Հայաստանից ոչինչ չունեն ստանալու այս երկրները, իսկ Ադրբեջանից ունեն, այդ իսկ պատճառով, ես նորից եմ կրկնում, չեմ տեսնում, որ կարող են լուծում տալ գերտերությունները: Հարցի լուծման բանալին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ձեռքերում է:
-Դուք ասում եք՝ պետք է հույսներս դնենք մեզ վրա եւ գնանք եռակողմ բանակցությունների ճանապարհով, սակայն Արցախից ասում են, որ բանակցություններ չկան: Դուք, փաստորեն, չեք բացառում, որ այդպիսի բանակցություններ կարող են լինել:
-Տեսե՛ք, հասարակական տրամադրությունները չեն կարող հակադրվել քաղաքական տրամադրություններին. դա անկարելի է, քանի որ հասարակությունը զգում է այլ բան, բայց քաղաքացիները եւ քաղաքական գործիչները, դիվանագիտությունը պետք է անեն այլ բան: Այո՛, հասարակությունը զգում է ֆիզիկական վտանգ, ատելություն, բայց սա չի նշանակում, որ քաղաքական իշխանությունները պետք է դրանից ելնելով ասեն, որ չի կարող լինել բանակցություն կամ երկխոսություն: Լավ կլիներ, որ այս պահին անհատ քաղաքական գործիչները չանեն հայտարարություններ եւ չձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք կարող են ձախողել դրանք: Այս պահին անձնական փիառի հարց չէ:
-Սպասե՞լ, այսինքն, ռազմական գործողությունների:
Քաղաքականության մեջ եթե-ներով չեն խոսում, կիրառում են բոլոր գործիքակազմերը, որոնք կարող են տանել ճգնաժամի հանգուցալուծման: Նստել եւ ասել՝ եթե սա անենք, չի լինի, սխալ է: Պետք է գնալ այդ ճանապարհով, եւ կարծում եմ՝ երկխոսությունն ավելի ճիշտ է, քան իրար հանդեպ ատամ սրելը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
«Տարին սկսել եմ միջազգային բոլոր գործընկերներիս ուղղված գրություններով»,- հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Արձանագրել եմ, որ Արցախի Հանրապետության կառավարությունը, բավարարելով ադրբեջանական «էկոակտիվիստների» պահանջը, հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքավայրի շահագործումը, մինչեւ միջազգային փորձաքննություն կիրականացվի, սակայն դրանից հետո եւս ճանապարհը չի բացվում, ինչն էլ ապացուցում է, որ ճանապարհի փակումը կրում է միմիայն քաղաքական բնույթ:
Միջազգային իրավասու կառույցների գործնական քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման, հայերի էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության իրագործումը:
Ներկայացնելով առկա խնդիրների խիստ հրատապությունը՝ միջազգային գործընկերներիս խնդրել եմ.
l Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ դադարեցնելու վերջինիս անմարդկային քաղաքականությունը,
l ձեռնարկել գործուն քայլեր՝ Արցախը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու նպատակով։
Շեշտել եմ՝ վերոգրյալի կապակցությամբ իրենց գնահատականն ու գործուն քայլերը կարող են նպաստել 120.000 կյանքի փրկությանը։
Արձագանքներ եւ՛ կան, եւ՛ չկան. այդուհանդերձ, ես շարունակելու եմ օպերատիվ կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել տարածաշրջանում առկա իրավիճակը, որտեղ մարդու իրավունքները ուղղակիորեն ոտնահարվում են»:
ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս՝ 2022-ի տարեմուտին ու 2023-ը մեկնարկելուն պես տարբեր նախարարություններ է այցելում, ինչի ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփում են կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, Փաշինյանի այցին ընդառաջ, նախարարություններում անգամ օդն է կանգ առնում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար պատկան մարմիները նախարարություններում ստուգումների համալիր գորոծողություններ են իրականացնում: Ամեն ինչ մանրակրկտորեն է իրականացվում, կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում՝ պայթուցիկ նյութեր որոնելու համար: Շներով, սակայն, չեն բավարարվում, ու գործի են դնում նաեւ մետաղաորսիչ հատուկ սարքեր: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Փաշինյանի՝ նախարարություններ այցերի օրերին կառավարական շենքերի հարակից շենք-շինությունների տանիքներին դիպուկահարներ էլ են նկատել: Փաստորեն, Փաշինյանի՝ «իքս» նախարարություն այցը ոչ միայն տվյալ նախարարության, այլ այդ շենքում տեղակայված մի քանի նախարարությունների աշխատանքն է կաթվածահար անում, քանի որ ուժային կառույցները մի ամբողջ օրը լարված մթոնոլորտ են ստեղծում, ինչ-որ բաներ սկսում փնտրել, որսալ, խոչընդոտում գերատեսչությունների բնականոն աշխատանքը: Կառավարության թիվ մեկ շենքից, ենթադրենք, կառավարության երրորդ մասնաշենք հասնելու համար, որոնց հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է, Փաշինյանն ուժայիններին ոտքի է հանում, նախարարության աշխատակիցների համար լարվածության մթնոլորտ ստեղծում, ինչ է թե ցույց տա, որ ինքն անարգել ուր ասես, կարող է գնալ: Անգամ շատ աշխատակիցների սենյակներում անծանոթ ուժայիններ են գնում, նստում, մինչեւ վարչապետի կարճատեւ հանդիպումն ավարտվի: Հ.Գ. Երեկ զգուշավոր իրավիճակ էր տիրում նաեւ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ: Որոշում էր կայացվել լրագրողներին մեկ տեղում հավաքել եւ բոլորին միանգամից ուղեկցել ասուլիսի վայր, մինչ այդ էլ կառավարության անցակետում բոլոր լրագրողներից վերցրել էին անձը հաստատող փաստաթղթերը, որոնք վերադարձվեցին միայն ասուլիսի ավարտից եւ շենքից դուրս գալուց հետո: Սա արարք է, որն արգելված է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով. «Արգելվում է անձնագիրը վերցնելը»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց. «2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի եւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանին, որը պարբերաբար բարձրաձայնում է այս հարցը: Թովմասյանը հայտնեց. «Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարեւոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների եւ կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»: