ԱՍՈՒԼԻՍ՝ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի ընդմիջումից հետո՝ երեկ, տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ լրագրողների մասնակցությամբ: Ասուլիսի հիմնական թեման հայ-ադրբեջանական հարաբերություններն էին, Լաչինի միջանցքի,  ղարաբաղյան հակամարտության թեման:

 

«Կա պայմանավորվածության արձանագրում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ՝ հղվելով Պրահայի փատաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ կարեւոր է նաեւ այդ հարցում պարզաբանում մտցնել. Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. եթե այո, Հայաստանի Հանրապետությունն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- պատասխանեց Փաշինյանը:  Նա, սակայն, ուղիղ պատասխան չտվեց լրագրողի հարցին՝ ընդունելի՞ է Հայաստանի համար, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։

Անկլավների հարցը եւս ընդգրկված է լինելու դելիմիտացիայի եւ դեմարկացիայի քննարկումների մեջ. «Մենք էլ ունենք այդ թեման. Արծվաշենը կա, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մասն է, եւ որը այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է», – ասաց վարչապետը։ Փաշինյանն անկլավների մասին առաջին անգամ հրապարակավ խոսեց անցած տարի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ հայտարարելով՝ Ադրբեջանը դեռ նոյեմբերի 9-ի բանակցություններում է այս հարցը բարձրացրել, բայց իրենք այն ընդհանրապես հանել են: «Մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել, եւ այդ կետն ընդհանրապես հանվել է», – ասել էր Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ։

Ադրբեջանական կողմի հայտարարություններից դատելով՝ Բաքուն պահանջում է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս, Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերը եւ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին:

Պատասխանելով հարցին՝ արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, երբ Ազգային Ժողովի նախագահը հանգստի է մեկնում «Վիվարո» ընկերության սեփականատերերի ինքնաթիռով, Փաշինյանը պնդեց՝ այդ ընկերության՝ «շահումով խաղերի բիզնեսի գովազդի վրա դրվել են մի շարք սահմանափակումներ», եւ հիմա խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում կա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ պաշտոնանկություններ չեն լինում այն անձանց շրջանակում, որոնք, օգտագործելով պաշտոնեական դիրքը կամ ընտանեկան կապերը, հարստանում են 2018-ի հեղափոխությունից հետո, պետական գնումները շահում են իշխանությունների հետ կապ ունեցող անձինք, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, չհամաձայնեց։

Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցը։ «Եվ կարեւոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը կխոսի այդ բոլոր թեմաների մասին։ Իրենք պետք է որոշումներ կայացնեն, եւ մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր միջոցներով», – շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին՝ ո՞րն է կարմիր գիծը, որն անցնելու դեպքում Փաշինյանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ասաց. «Եթե տեքստը չհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»։

Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։ Պայմանագրի ստորագրումը Երեւանը մինչեւ տարեվերջ չէր բացառել, սակայն դա իրականություն չդարձավ։

Վերջին շրջանում մամուլը գրում էր Իրանից, Հնդկաստանից ռազմամթերք ձեռք բերելու մասին։ Փաշինյանը նկատեց, որ ռազմական համալրման մասին հրապարակային պետք չէ խոսել։ «Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Սա նաեւ մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ՝ առաջինը՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը՝ ապրելու սեփական տանը, եւ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Այն միջազգային արձագանքը, որը կա, մենք պետք է փորձենք կապիտալիզացնել Լեռնային Ղարաբաղում՝ հենց Լաչինի միջանցքում։ Այստեղ շատ կարեւոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը», – կրկին անդրադառնալով Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց Հայաստանի ղեկավարը։

Չնայած ՀԱՊԿ-ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց Երեւանում կայացած գագաթնաժողովին եւ չդատապարտեց Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վարչապետն անկեղծ ու դրական էր գնահատել գագաթնաժողովի քննարկումները, սակայն հենց դաշնակիցների քաղաքական հայտարարության բացակայության պատճառով նա հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը եւ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԵՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հունվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ Թեհրանը Կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չի տա:

«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային եւ գլոբալ ասպարեզում, եւ որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան ավելի լավ է տարածաշրջանի համար: Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս ոլորտում: Մենք չենք ընդունի որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին (խմբ.՝ կովկասյան տարածաշրջանում)»,- ընդգծել է Ղալիբաֆը:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

ԱԽ քարտուղարը, ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան, բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը եւ մեկ անգամ եւս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին:

Կողմերն անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ 3 ԲՈՒԺԱՌՈՒ

Կարմիր խաչը երեկ Արցախից Հայաստան է տեղափոխել 3 բուժառու: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ մինչ այս Արցախի հիվանդանոցներից Հայաստան էին տեղափոխվել բուժման անհապաղ կարիք ունեցող 18 անձ, այդ թվում՝ երկու օտարերկրացի։

 

 

 

 

 

ԲԱԽՈՒՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ

Զորավարժություններ չեն անցկացվի

ՀԱՊԿ-ը Հայաստանում խաղաղապահ զորավարժություններ չի անկացնի. այս մասին երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել:

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում համենայնդեպս այս տարի չեն կայանա»,- ասել է Փաշինյանը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած այն հայտարարության, որ Ռուսաստանի ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հայաստանում կազմակերպվելիք խաղաղապահ զորավարժություններին։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը որոշ ժամանակ առաջ դեռ մեզ հետ զրույցում տարօրինակ էր որակել հանգամանքը, որ Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների մասին մենք իմանում ենք ոչ թե ՀՀ ՊՆ-ից, այլ ՌԴ ՊՆ-ի կայքից:

«Զուտ տրամաբանորեն Փաշինյանի իշխանությունը զորավարժության անվան ներքո կա՛մ ինչ-որ ֆորմալ բան է անելու, կա՛մ էլ պատճառներ են գտնելու՝ չանեն այդ զորավարժությունը»,- ասել էր նա:

Երեկ արդեն ռազմական փորձագետը ArmLur.am-ի հետ զրույցում Փաշինյանի երեկվա հայտարարությանն այսպիսի գնահատական տվեց. «Այդ հայտարարությունն այսպես եմ հասկանում. Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ բախում հրահրելու ուղին: Այլ բացատրություն չունեմ»:

Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել 2023 թ.-ին Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններ անցկացնելուց Երեւանի հրաժարվելու մասին հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությոինց ժամեր անց ՀԼԸ ծՏՉՏրՑՌ  գործակալությունը վկայակոչել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:

«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավականին նոր հայտարարություն է: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 




Լրահոս