«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝ 2022 թվականին իրականացրած բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
2021 թվականի համեմատ՝ անցյալ տարի 15 %-ով ավելի ուղեւոր է փոխադրվել։ Ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։ Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի եւ կոնտեյներային բեռների հաշվին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 մլն 144 հազար տոննա բեռ, ինչը 3,3 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը։ Ներմուծման հաղորդակցությունում ապահովվել է 39,9 տոկոս աճ՝ ավելի քան 906 հազար տոննա, հիմնականում՝ երկաթուղում հացահատիկի, նավթալից եւ արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:
Երկաթուղային փոխադրումների գրավչության ավելացման հաշվին ավելացել է նաեւ ՀԿԵ-ի ուղեւորների թիվը։ 2022 թվականին ընկերությունը փոխադրել է 501 հազար ուղեւոր, ինչը 15 %-ով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղեւոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղեւոր։
Ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջությամբ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, շարժակազմում՝ մոտ 900 մլն դրամ։
«ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին։ Բիզնեսի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ մեզ տեսնում են որպես հուսալի գործընկեր, որն ապահովում է բեռների երաշխավորված եւ ժամանակին առաքումը,- հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը՝ ամփոփելով ընկերության 2022 թվականի աշխատանքի արդյունքները։- Ավելի ու ավելի շատ հյուրեր եւ Հայաստանի քաղաքացիներ են վստահում մեզ իրենց ժամանակը եւ անվտանգությունը՝ ճամփորդությունների համար ընտրելով երկաթուղին, ընդ որում՝ այս բոլոր ցուցանիշները մեր աշխատանքի միայն տեսանելի մասն են, որի տակ այսբերգի նման թաքնված է հազարավոր մարդկանց ամենօրյա ու տքնաջան հսկայական աշխատանքը»։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԴԱՏՎՈՒՄ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ընթանում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Գեղամ Արթուրի Գինովյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ փաստաթղթերի, ինչպես նաեւ ռազմական բնույթի այլ տեղեկությունների հետ, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին ռազմական բնագավառում պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող եւ ռազմական բնույթի այլ տեղեկություններ հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Գ. Գինովյանին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով։ Սույն հոդվածը, որպես պատիժ, նախատեսում է 15-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Գ. Գինովյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը կայացել է հունվարի 5-ին։
ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2022 թվականին սոցիալապես անապահով բաժանորդների համար խմելու ջրի սակագինը եղել է նախկինի համեմատ անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ։ Տավուշի մարզի սոցիալապես անապահով, ընտանեկան նպաստառու ընտանիքները «Ժողովուրդ» օրաթերթին բողոքել են, որ իրենք 2022 թվականին խմելու ջրի մեկ խորոնարդ մետրի հաշվով վճարել են 200,47 դրամ, վերջնահաշվարկներ չեն կատարվել, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից իրենց չեն վերադարձվել ավել մուծած գումարները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման( կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները, սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը պետք է մնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար սահմանված է 208,42 դրամ։ Սոցիալապես անապահով բաժանորդները մտահոգված են, որ 2023-ին էլ իրենք ստիպված կլինեն խմելու ջրի համար վճարել չզեղչված սակագնով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՈՉ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ
Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեամավան գյուղի բուժկետի տանիքն ավելի քան երկու տարի առաջ ուժգին քամուց պոկվել է, այդ ժամանակից մինչ այսօր անձրեւները, ձյունը լցվում են առողջապահական այդ շենք, որի հետեւանքով ստեղծվել է հակասանիտարական ահավոր վիճակ, այդ վատթարագույն պայմաններում է աշխատում տեղացի բուժքույրը, բարեկամավանցի բուժառուները բուժսպասարկում եւ դեղեր են ստանում։ Երկու տարի առաջ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիները գումարներ են հանգանակել, որով կատարվել է Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքի նորգումը։
Այն ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որպես նախահաշվի գումար փոքր թիվ է ներկայացրել բարեգործներին, Ստավրոպոլի բարեկամավանցիների հանգանակած գումարը չի հերիքել, տանիքի նորոգումը չի ավարտվել, անձրեւաջրերը լցվում են դպրոցի շենքից ներս։ Ստավրոպոլում բնակվող բարեկամավանցիների հանգանակած գումարով գնված շինանյութն առկա է դպրոցում, սակայն տանիքի նորոգումն ավարտելու համար վարպետներին եւ բանվորներին վճարելու գումար չկա: Գրավոր հարցումով դիմել եմ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանին՝ նրան հարցնելով, թե երբ, ֆինանսական ինչ միջոցներով են ավարտելու Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տանիքի նորոգումը եւ Բարեկամավանի բուժկետի տանիքի վերանորոգումը։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Բուժկետի հիմնանորոգումն ընդգրկված է Միջազգային կարմիր խաչի 2023 թվականի ծրագրում։ Բարերարների կողմից դպրոցի տանիքի հիմնանորոգումն իրականացնելու համար աշխատավարձի ոչ ճիշտ հաշվարկի պատճառով աշխատանքներն ընդհատվել են, սակայն ձեռք բերված անհրաժեշտ շինանյութն ամբողջովն պահեստավորված է դպրոցի տարածքում, եւ, ըստ պայմանավորվածության, ամռանն աշխատանքները վերսկսվելու են»: Ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է 2023թ.-ի ամռանը։ Տավուշի մարզպետարանին ի՞նչն էր խանգարում Բարեկամավանի միջնակարգ դպրոցի եւ բուժկետի շենքերի տանիքները նորոգել անցած երկու տարում։ Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկություններով՝ 2022 թվականին Տավուշի մարզպետարանի 80 աշխատակից, բացի համեմատաբար բարձր աշխատավարձերից, պետական բյուջեից որպես պարգեւավճար ստացել են ընդհանուր 59 միլիոն 462 հազար 700 դրամ։ Պետական հիմնարկներին ենթակա՝ սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի եւ դպրոցի տանիքները նորոգեն Կարմիր խաչը եւ բարեգործները, իսկ պետական բյուջեից պարգեւատրումները ստանան Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ