ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը էկոակտիվիստների անվան տակ արգելափակվել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

 

Դադարեցվել են դեպի Արցախ մատակարարումները, կանգնել է տնտեսությունը, դատարկվել են խանութները, բնակչությունը, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, թերսնման վտանգի առջեւ են:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր է լինում փոքր ծավալի դեղորայք եւ հումանիտար բեռներ բերել, բայց դա բավարար չէ խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով միայն ծանր հիվանդներին է հնարավոր լինում տեղափոխել Երեւան, իսկ մյուսները զրկված են պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից:

Այսպիսով, խախտված են մարդկանց ազատ տեղաշարժի, առողջապահության, կրթության, պատշաճ սննդի եւ այլ կենսական իրավունքները:

Արցախի շրջափակման հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց է կիրառել, բայց Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը՝ 120 հազար մարդու պահելով պատանդի կարգավիճակում:

Լաչինի միջանցի փակումը դատապարտել եւ այն անհապաղ բացելու կոչ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Հռոմի Պապը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, USAID-ն, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Freedom House-ը, UNICEF-ը, Genocide Watch-ը եւ այլն:

 

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները Կաշենի ու Դրնբոնի հանքավայրերում ստուգումներ են պահանջում, որ կանխեն, ինչպես պաստառներին են գրել, «էկոցիդը»։ Սակայն լրատվամիջոցները շատ կարճ ժամանակում կարողացան բացահայտել, որ բնապահպանությունից նրանք հեռու են, ցույցերի, ակցիաների երբեւէ չեն մասնակցել, փոխարենը սոցիալական ցանցերում ակտիվ գովերգում են Ալիեւների ընտանիքին, խրախուսում հայատյացությունը եւ այլն:

 

Ու թեեւ Արցախի իշխանությունները հայտարարեցին հանքարդյունահանումը դադարեցնելու մասին պայմանը, որ միջազգային փորձագետները դիտարկեն տարածքը, ճանապարհը չբացվեց։ Պաշտոնական Երեւանը հենց առաջին օրվանից Ռուսաստանի կողմն է կարծես թե ուղղում ակնկալիքները՝ մեղադրելով, թե խաղաղապահները Արցախի հայաթափման լուռ վկան են դարձել։

 

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը», – հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

 

Ադրբեջանի արտգործնախարարությունը ինչպես շրջափակումից առաջ, այնպես էլ այս ընթացքում կրկնում է. «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, եւ այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»։

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրերում գրեթե ամեն օր միայն նշվում է, որ բանակցությունները հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են։

 

Այս ընթացքում ընդամենը տասը տոննա բեռ է Հայաստանից Արցախ տեղափոխվել Կարմիր խաչի միջնորդությամբ (մանկական սնունդ, դեղեր ու բժշկական պարագաներ), այնինչ, ըստ մոտավոր հաշվարկների, օրական մոտ 400 տոննա բեռ էր մինչեւ շրջափակումը Ղարաբաղ մտնում։ Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված 18 հիվանդ Արցախից Հայաստան է տեղափոխվել Կարմիր խաչի միջոցով, Ստեփանակերտի պնդմամբ՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մոտ 3 տասնյակ մարդ սպասում է իր հերթին, այդ թվում՝ երեխաներ։

 

Հազարից ավելի մարդ մեկ ամիս է՝ սպասում է Հայաստանում, որ ճանապարհը բացվի, հասնեն ծնողներին, զավակներին։ Ռուսաստանից Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը, ի պատասխան Ադրբեջանի պահանջների՝ լքելու Ղարաբաղը, բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից բացառեց այդ սցենարը. «Ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ու ես այստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», – հայտարարեց նա։ Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ուղիղ չասաց՝ Ադրբեջանը Սյունիքով միջանցք է արդյոք պահանջում Լաչինի ճանապարհը բացելու համար։ Բաքվի նպատակը, ըստ Երեւանի, արցախահայերի կամքը կոտրելն է։ «Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում», -երեկ ասաց նա։

 

Առաջիկա բանակցությունների մասին դեռ չի հայտարարվել։ Արցախում դրությունն ավելի ու ավելի ծանր է դառնում։

 

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Վերջերս սոցիալական ցանցերում հրապարակվել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ նրա ընտանիքի լուսանկարը «Զվարթնոց» օդանավակայանից: Լուրեր տարածվեցին նաեւ, որ Սաղաթելյանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմավորել: Լուսանկարը ակտիվորեն տարածում էին հատկապես իշխանության ներկայացուցիչները եւ նրանց կողմնակիցները:

 

ArmLur.am-ը գրել էր նաեւ, որ Սաղաթելյանի՝ ընտանիքով Դուբայ մեկնելու «ստոպ» կադրն օդանավակայանից տարածվել է Փաշինյանի հրահանգով: ArmLur.am-ը երեկ կապ հաստատեց նաեւ Իշխան Սաղաթելյանի հետ՝ պարզելու, տեղյակ է արդյոք՝ ինչպես է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից արված լուսանկարը հայտնվել համացանցում:

 

Սաղաթելյանն էլ ասաց, որ հիմա չի ցանկանում այդ մասին խոսել, բայց առաջիկայում կանդրադառնա դրան. «Ինձ համար հիմա թեման ակտուալ չէ, առավոտից մեր ընկերների տներն են հետախուզում, բերման են ենթարկել, կալանքի են տարել, հիմա ես չեմ ուզում նկարից խոսել, ուրիշ կարեւոր հարցեր կան, հետո կխոսեմ այդ թեմայով»:

 

 

 

 

 

50 ՀԱՍՏԻՔ

Հունվարի 9-ին հայտնի դարձան նորաստեղծ Ներքին գործերի նախարարության ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների անունները։ Վարչապետի որոշմամբ նախարարի պաշտոնը զբաղեցնում է Վահե Ղազարյանը, Դավիթ Համբարյանը,  Արփինե Սարգսյանը, Կամո Ցուցուլյանն ու Արամ Հովհաննիսյանը կլինեն նախարարի տեղակալներ:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն հաստատված է նորաստեղծ նախարարության հաստիքացուցակը:  Ըստ այդմ, նախարարությունը կարող է ունենալ առավելագույնը 50 հաստիք, այսինքն՝ աշխատող: Այդ հաստիքներից չորսը տեղակալներն են, որոնք արդեն նշանակվել են, չորսը ղեկավարի տեղակալի օգնականներն են,  երեքը կլինեն Վահե Ղազարյանի խորհրդականները,  իսկ երկուսն էլ նրա օգնականները:

 

Այսպիսով, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ներքին գործերի նախարարի լիազորությունները ստանձնելու օրվան հաջորդող երկրորդ շաբաթվա Կառավարության նիստի օրը Կառավարությունը լուծում է Ներքին գործերի նախարարության կազմավորման համար անհրաժեշտ գումարի հատկացման հարցերը, իսկ Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը կդադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն օրեր առաջ Facebook-ի իր էջում հրապարակում էր արել ու ահազանգել, որ, ըստ Առողջապահության նախարարության ընդունած փաստաթղթի, բժշկական հաստատություններում հետայսու երեխաների պատմագրերում սեռի դիմաց բացի «արականն» ու «իգականը» կարող է նաեւ չճշտվածը գրվել:

 

«Երեխայի ծննդյան վկայականի մեջ արդեն իսկ նշվում է, թե նա ինչ սեռի է, հետեւաբար Առողջապահության նախարարությունը չի կարող պատճառ գտնել ու ասել, թե իրավիճակներ են լինում, երբ երեխայի սեռը հայտնի չի լինում, հետեւաբար դրա համար ենք երեխայի սեռի դիմաց գրում «չճշտված»»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր Զոհրաբյանը:

 

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացրին, որ 2023թ. հունվարի 1-ից է ուժի մեջ մտել երեխայի հիվանդության պատմագրի ձեւը, ինչը բացառապես բուժաշխատողների համար է նախատեսված:

 

«Անդրադառնալով պատմագրի ձեւի կետ 21-ում նշված երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» ձեւակերպմանը` հարկ է նշել, որ եզրույթը զուտ բժշկական նշանակություն ունի` նախատեսված նորածնային եւ կրծքի հասակի երեխաների համար: Ցավոք, առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել երեխայի սեռը` ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից: Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ, մակերիկամի կեղեւի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները եւ այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում` գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում): Նշված բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ եւս նշում պետք է լինի: Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը»,- մեզ հետ զրույցում ասացին Առողջապահության նախարարությունից:

 

Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ դեռեւս ԽՍՀՄ-ում գործող «Ծննդի մասին» բժշկական վկայականի քաղվածքում եւս առկա է եղել նշում` «տղա», «աղջիկ», «չորոշված»: Նման կարգավորում նաեւ 2009 թվականին հաստատված ««Ծննդի մասին» բժշկական վկայականում» է եղել, որը վերանայվել եւ վերահաստավել է 2017-ին: Այստեղ կրկին նշվում է` «արական», «իգական», «չի որոշված»:

 




Լրահոս