ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ԵՄ-ին պահանջներ է ներկայացրել. որ դեպքում համաձայնություն կտան առաքելությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով: Այս մասին այսօր հայտնել է Ազատություն ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին:

ArmLur.am-ին այս մասին մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք, որ  ԵՄ դիտորդական առաքելության առաջին խումբը Հայաստան էր ժամանել երկու ամսով՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին: Դիտորդություն իրականացնող ԵՄ 40 քաղաքացիական փորձագետ տեղակայվել է երկու ամիս տևողությամբ: ԵՄ դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում իրականացրել են շուրջ 175 պարեկային հերթափոխ։ Այս դիտորդական առաքելությունը տեղակայվել էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև ձեռք բերված քառակողմ պայմանավորվածության համաձայն: Արդեն դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարելէր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։

Այսպիսով, մեր տեղեկություններով, ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի արդեն փետրվար ամսվա ընթացքում, այս օրերին կատարվում են վերջին հստակեցումները: ԵՄ-ն Ադրբեջանից երաշխիքներ է ակնկալում, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն լինի եւ այլ խոսքով ասած, դիտորդների ուղղությամբ կրակոցներ չեն լինի: Նախորդ անգամ Ադրբեջանը տվել էր այդ երաշխիքը եւ խոստացել ԵՄ-ին, որ սադրանքներ չեն լինի: Այս անգամ սակայն այդպես վարվելու համար Ադրբեջանը, մեր տեղեկություններով,  ԵՄ-ին պահանջներ է ներկայացրել:

Նախ նկատենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հրապարակային քննադատությամբ ուղղված ԵՄ-ին՝ ասելով, թե վերջիններս խաբել են իրեն: Ադրբեջանի ղեկավարը մասնավորապես նշել էր. «Երկու ամսով էինք պայմանավորվել, իսկ դուք երկարաժամկետ առաքելություն եք տեղակայում, միևնույն է, այդ առաքելությունը չի ամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, բացասաբար կազդի ԵՄ-ի հովանու ներքո բանակցությունների վրա»:

Այսինքն, հրապարակային կերպով Ադրբեջանի նախագահը ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա,  փորձում իր կանոնները թելադրել: Եվ ահա Ադրբեջանի պայմաններից մեկն այն է, որ պետք է հրապարակվելուց առաջ ընթերցի ԵՄ առաջին դիտորդական առաքելության զեկույցը եւ միայն դրանից հետո կորոշի՝ համաձայնություն տալ, թե ոչ:

Ընդգծենք՝ Հայաստանի սուվերեն տարածքի ներսում է տեղակայվում առաքելությունը և այստեղ Ադրբեջանի համաձայնությունը չպետք է էական լինի, սակայն փաստացի նման պահանջներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս