ԿԳՄՍՆ-ն, իր «պարզաբանումներով», հանձն է առել հաստատել մեր լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022-ի դեկտեմբերի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած լուրը, որ վերաբերում էր այժմ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝ փոխնախարար եղած ժամանակ մարզպետարաններ ու Երևանի քաղաքապետարան հասցեագրված շրջաբերականին, մեծ իրարանցում էր առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ոլորտով հետաքրքրվող անձանց, թե՛ նախարարության լրատվական ծառայության աշխատակիցների շրջանում (վերջիններս պետք է կարողանային թեման գեղեցիկ կերպով «բարի» կամ «անշառ» քողի ներքո ներկայացնել): Տիկին Անդրեասյանի շրջանառած շրջաբերականը, հիշեցնենք, «դպրոցները ռազմական օգտագործումից» հեռու պահելու մասին էր, ինչը, օրինակ, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի համոզմամբ՝ ռազմահայրենասիրական նշանակության ուսումնական ակումբներին կամ խմբակներին դպրոցներից հեռու պահել է նշանակում: Նորանշանակ նախարարը թեև քանիցս անձամբ է փորձել թեման «մեկնաբանել» ու մեղքն իր վրայից մեզ վրա գցել, բայց նախարարությունում վերջերս տեղի ունեցած հանդիպումն, օրինակ, ճիշտ հակառակն է ապացուցում, ավելին՝ վերահաստատում մեր լուրի իսկությունը:

Այսպես՝ հունվարի 10-ին ԿԳՄՍՆ նորանշանակ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ու ըստ նախարարության լրատվական ծառայության տարածած հաղրորդագրության՝ հանդիպման նպատակը «համագործակցության հետագա հեռանկարները քննարկելն» է եղել: Նախարաությունը, փաստացի, հասկանալով, որ հարցը նախևառաջ հանրային դաշտում պետք է քննարկեր, ապա նոր շրջաբերականներ շրջանառել (թեկուզ միայն ավելորդ աղմուկից խուսափելու համար), ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում է կազմկերպել։ Եվ եթե իսկապես «մութ սենյակում կատուներ չլինեին», ապա գործադրի ներկայացուցիչները ո՛չ հանդիպում կկազմակերպեին, ո՛չ էլ մեր կողմից բարձրաձայնված հարցը կքնարկեին: Հաղորդագրության մեջ ամենազավեշտալին այն է, որ Սվաջյանը վերոնշյալ հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, թե շրջաբերականը որևէ առնչություն չի ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուսումնական գործընթացի և ռազմահայրենասիրական կազմակերպությունների գործունեության հետ»: Սակայն հատուկ տիկին փոխնախարարուհու համար շեշտենք՝ «ՆԶՊ» առարկան դպրոցական ծրագրերից հանելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը բառ անգամ չի գրել, այդ մասին նույնիսկ ակնարկ չի եղել: Ավելին՝ սևը սպիտակի վրա գրել ենք . «Դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել»: Հետրաբար, խիստ կարևոր է նախ լուրը լավ կարդալ ու ըմբռնել, ապա նոր միայն հայտարարություններ անել:

ԿԳՄՍՆ լրատվական ծառայության մեկ այլ «պարզաբանում», որ վերաբերում էր Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցած ռեկոտորի աննախադեպ ընտրության մասին «Ժողովուրդ» օրաթերում տպպագրված լուրին, իրականում նորից մեր տեղեկության հաստատումն էր: Լրատվականի կողմից ներկայացված տեքստի վերջին պարբերությունը, այն է՝ «Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել», ուղղակի հաստատումն է մեր կողմից բարձրաձայնված այն թնջուկի, որ գրանցվել էր Գեղարվեստի ակադեմիայի ընտրության ժամանակ:

Սևակ Վարդումյան




Լրահոս