Որ արտաքին ախտանշաններն են հուշում օրգանիզմում երկաթի պակասի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկաթը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր միկրոտարրերից մեկն է, որի դերը դժվար է գերագնահատել։ Այս տարրի պակասը վառ դրսևորվում է մարդու արտաքինի վրա։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ռոման Տերուշկինը։

«Ամենատարածված ախտանշաններից մեկը գունատ մաշկն ու աչքերի տակ ի հայտ եկած մուգ շրջանակներն են: Բացի այդ, մարդու մոտ կարող է նկատվել նաև մաշկի չորություն ու թեփոտվածություն և ճաքեր բերանի անկյուններում։ Երկաթի մակարդակի զգալի նվազման դեպքում աչքերի սպիտակուցային թաղանթը կարող է ձեռք բերել կապտավուն երանգ։ Բացի այդ, քանի որ երկաթի պակասի դեպքում օրգանիզմը քրոնիկ թթվածնաքաղց է ունենում, հիվանդի մոտ կարող է նկատվել ավելորդ քաշի կուտակման հակում և նիհարելու անկարողություն»,- նշել է բժիշկը՝ հավելելով, որ այս տարրի պակասն ազդում է նաև մազերի վրա, ինչը դրսևորվում է դրանց որակի վատթարացմամբ։

Տերուշկինի խոսքով՝ երկաթի դեֆիցիտի դեպքում խանգարվում է օրգանիզմի բոլոր համակարգերի ու օրգանների սնուցման ու թթվածնով հագեցման գործընթացը, ինչի հետևանքով մազերը դառնում են ավելի փխրուն ու չենթարկվող, նկատվում է մազաթափություն։ Այնուամենայնիվ օրգանիզմում երկաթի մակարդակի վերականգնումն օգնում է ազատվել այս խնդրից։

Մասնագետը նաև նախազգուշացրել է, որ երկաթի տևական պակասն ի վերջո կարող է հանգեցնել երկաթպակասորդային սակավարյունության, որի դեպքում հաճախ նկատվող ախտանշաններից է եղունգների ձևի փոփոխությունն ու գոգավորությունը։




Լրահոս