ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ.
«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ նրա 120.000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։
2022թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։ Արդյունքում հանրապետությունում օրեցօր սրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, պարենի եւ վառելիքի պակասը։ Շրջափակման կործանարար ազդեցությունը խորացնելու նպատակով Ադրբեջանը փակել էր իր կողմից օկուպացված տարածքներով Հայաստանից Արցախ հասնող գազի մատակարարումը։
Հետագայում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն 2023թ. հունվարի 9-ին դադարեցվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վթարի պատճառով, որը եւս անցնում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքով։ Մինչ այսօր Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է վթարավերականգնողական աշխատանքները, ինչը վկայում է նրա քայլերի կանխամտածվածության մասին։ Այսպիսով, Ադրբեջանի գործողությունները 120.000 բնակչություն ունեցող Արցախը կանգնեցրել են հումանիտար աղետի շեմին։ Արցախի շրջափակումը 2020թ. Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։
Չկարողանալով Արցախի ժողովրդին իր հայրենիքից վտարել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը զինադադարի հաստատումից ի վեր՝ ավելի քան երկու տարի, հետեւողական փորձեր է ձեռնարկում քիչ ակնհայտ, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով իր հանցավոր նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ամբողջությունը եւ նրա բարձրագույն ղեկավարության՝ Բաքվի իրական մտադրությունները բացահայտող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը։ Միտումնավոր ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խարխլել Արցախի ժողովրդի ընդհանրությունն ու ամբողջությունը՝ պարտադրելով օտարացում իր պատմական հայրենիքից եւ հրաժարում սեփական հավաքական իրավունքների իրացումից։
Ադրբեջանի գործողությունները, անկասկած, նրա ցեղասպան քաղաքականության շարունակությունն են։ Կոչ ենք անում պետություններին, որոնք գործում են եւ՛ անհատապես, եւ՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։ Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը եւ իրավական բոլոր հիմքերը՝ միջամտելու Արցախում ստեղծված եւ օրեցօր վատթարացող իրավիճակին։
Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է, այդ թվում նաեւ այն պատճառով, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում»։
«ՌԻՍԿԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ռուսական ԹջչսÿՊ պարբերականն անդարդարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ունեցած մամուլի ասուլիսին: «Փաշինյանը որոշել է ռիսկի տակ դնել հայկական պետականությունը» վերտառությամբ հրապարակման մեջ հոդվածագիրն առանձնացրել է լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսի՝ Ռուսաստանին ու տարածաշրջանին վերաբերող հատվածները:
Այսպես, հոդվածի առաջին պարբերությունում հեղինակն ասում է, որ Փաշինյանն ասուլիսի ընթացքում մի քանի սենսացիաներ արեց. նախ հայտարարեց, թե հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, ապա հասկացրեց, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին կարող են ՄԱԿ-ի զորքերը փոխարինել:
Հոդվածագիրը հաջորդիվ հարց է տալիս ու սկսում մանրամասնել, թե ինչու է հնարավոր, որ Փաշինյանի՝ Երեւանի ու Բաքվի կոնֆլիկտը Թուրքիայի կամ Արեւմուտքի միջոցով լուծելու քաղաքականությունը հայոց պետականության կորստի հանգեցնի:
Ըստ հոդվածագրի՝ Փաշինյանի խոսքերը երկու միտումների տրամաբանական հետեւանք են: «Դրանցից առաջինն Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ ղարաբաղյան կարգավորման հիմքերը խարխելու համակարգային քաղաքականությունն է, ինչը թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական չափումներ ունի: Մարտավարական առումով Ադրբեջանը, օգտագործելով Ռուսաստանի կենտրոնացումը ռազմական հատուկ գոտում (Ուկրաինայում- Ս.Վ.), փորձում է վերանայել ղարաբաղյան վերջին պատերազմի՝ իր համար առանց այն էլ հաղթական արդյունքները, մասնավորապես՝ շրջափակելով խեղդել Լեռնային Ղարաբաղի՝ Մոսկվայի կողմից փրկված հատվածը ու այնտեղի հայերին հարկադրել լքել իրենց տները։ Ըստ երեւույթին, Ադրբեջանը կարծում է, որ Մոսկվան չի միջամտի նման քաղաքականությանը»,- գրում է ռուսական պարբերականը:
Թարգմանեց՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԴԵՌ ՀԵՌՈՒ ԵՆ 2015Թ.-Ի ՑՈՒՑԱՆԻՇԻՑ
Ի պատասխան լրագրողական հարցմանս՝ Տավուշի մարզպետարանից գրավոր հայտնել են, որ 2022թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ Իջեւան խոշորացված համայնքի բնակավայրերում կատարվել է 633,2 հեկտար ցորենի, 37,3 հեկտար՝ գարու, Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ 981,2 հեկտար ցորենի, 354 հեկտար՝ գարու, Բերդ խոշորացված համայնքում՝ 1453,98 հեկտար ցորենի, 104,6 հեկտար՝ գարու ցանք։ Ընդհանուր առմամբ, 2022թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ Տավուշի մարզում կատարվել է 3068,7 հեկտար ցորենի, 486,9 հեկտար գարու ցանք, մարզում՝ ընդհանուր 3555,6 հեկտար աշնանացան։ Աշնանացանը խթանելու համար գործում է պետական աջակցության ծրագիր. էլիտար սերմերով աշնանացան ցորենի ցանքի դեպքում տնտեսավորող գյուղացուն տրվելու է հեկտարի հաշվով 120 հազար դրամ, իսկ սովորական սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ ֆինանսական աջակցություն։ Դա հետո է տրվելու, երբ Տավուշի մարզպետարանի աշխատողները տեղերում ճշտեն, ստուգեն ցանված հացահատիկի հեկտարների չափերը, իսկ գյուղացին նախ դրամական աջակցության կարիք ունի, որպեսզի թանկ վառելանյութ եւ հացահատիկի սերմեր գնի ու կարողանա ցանքս կատարել։ Նախկին տարիներին աշնանացան կատարելու համար պետությունը հացահատիկի սերմացուի, դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի գները սուբսիդավորում էր։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզում արված աշնանցանի 3555,6 հեկտարը նվաճում է համարում, մինդեռ ամեն ինչ համեմատության մեջ է երեւում։ 2016 թվականին Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքերը կազմել են 3012, 2015 թվականին՝ 5684 հեկտար։
ԳԱԶԱՏԱՐԸ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 12-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում նշանակված էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ««Ղազախ-Երեւան գիծ Dպ-1000մ» մայրուղային գազատարի կապիտալ նորոգում» նախագծի՝ շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման 2-րդ փուլը։ Համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունը ազդակիր համայնքին եւ շահագրգիռ հանրությանը հրավիրում էր մասնակցելու հանրային քննարկմանը։ Հայտնի չէ, թե ինչու է սույն մայրուղային գազատարի կապիտալ նորոգման վերաբերյալ հանրային քննարկումն անցկացվել հենց Դիլիջան համայնքում։ Այդ մայր գազատարի կապիտալ նորոգումը կարող է նշանակել, որ Հայաստանը պատրաստվում է բնական գազ ներկրել Ադրբեջանից՝ Ղազախի շրջանի տարածքով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ