ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՂՄԵՐԸ ՀԱՇՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախն արդեն շրջափակման մեջ է 36 օր, սակայն այս պայմաններում Արցախում անառողջ մթնոլորտ է եւ լարված ներքաղաքական իրավիճակ: Ստացվում է՝ մի կողմից Ադրբեջանն է բզկտում ու թուլացնում Արցախին, փորձում հայաթափել, մյուս կողմից հենց արցախցիներն են ներսում անհաշտ, իշխանության համար կռիվ են տալիս։

 

Այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները լարվել են, ակնհայտ դարձավ տարբեր դրսեւորումներով: Նախ՝ Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով սկսեց նախկինների դեմ ատելություն գեներացնել, հագավ արդարության մարտիկի պատմուճանը, բարձրաձայնեց անարդարությունների մասին, սակայն իրականում, բացի խոսքից, որեւէ գաղափարական քայլ, ռազմավարական տեսլական չներկայացրեց ու գործնական որեւէ քայլ չարեց: Նա սկսեց Արցախի շահի դեմ բաներ խոսել, օրինակ՝ հայտարարեց, թե Լաչինի ճանապարհը ամբողջովին փակ չէ, սնունդ հասնում է ինչ-որ ճանապարհով, հայտարարեց, թե Արցախը երբեք միասնության համար չի պայքարել, եւ այլն:

Իսկ իրականում Վարդանյանն անզոր եղավ անգամ կառավարական կաբինետ ձեւավորել, ամիսներով թափուր մնացին նախարարի պաշտոնները, ի վերջո Արայիկ Հարությունյանի հավատարիմները նշանակվեցին նախարարներ:

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանն իր փոքրաթիվ թիմին անուղղակի հրահանգել է Արցախի իշխանությունների դեմ լրատվական պայքար մղել՝ հիմքում ունենալով այն թեզը, թե Վարդանյանը հերոս է, Ադրբեջանն ուզում է նրա հրաժարականը, իսկ մյուսներն Արցախի շահին դեմ են աշխատում: Այսինքն՝ Արցախի գործող իշխանության մի թեւը մյուս թեւի դեմ լրատվական պայքար է մղում, ինչն առնվազն տարակուսելի է:

Ստացվում է՝ մի կողմից շրջափակման մեջ է Արցախը, մյուս կողմից՝ սով ու ճգնաժամ է, բայց Արցախում զբաղված են փոխադարձ հարձակումներով, ինչը անթույլատրելի է։

Վիճակն այնքան է լարվել, որ լուրեր սպրդեցին, թե Արայիկ Հարությունյանը ցանկանում է աշխատանքից ազատել Ռուբեն Վարդանյանին, իսկ որոշներն էլ պնդում են, թե այդ դեպքում Հարությունյանն էլ պետք է հրաժարական տա, հեռանա: Ինքը Հարությունյանն էլ, ArmLur.am-ի տեղեկություններով, պատրաստակամություն է հայտնել հրաժարվել եւ հեռանալ Վարդանյանի հետ միասին՝ նոր ընտրության հնարավորություն բացելով:

Նոր ընտրությունները Արցախում լուրջ մարտահրավեր կարող են  լինել, եւ անթուլատրելի է անգամ մտածել այդ մասին:

Դրանով Ադրբեջանին հնարավորություն կտրվի վերջ դնել Արցախի ինքնակառավարման մարմիններին եւ հաստատել իր գերիշխանությունը։ Չի բացառվում, որ այն կարողանա հասնել միջազգային դերակատարների՝ ընտրությունները չընդունող ու դատապարտող հայտարարություններին, ինչպես դա եղել է Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում։ Բացի այդ, դրանք պատրվակ բռնելով՝ կարող է հերթական «հատուկ օպերացիան» կամ «ակտիվիստների» հերթական ակցիան ծրագրել։

Բացի այդ, փորձագետները պնդում են, որ հումանիտար ճգնաժամի կիզակետում արտահերթ ընտրությունների օրակարգ ձեւավորելը միջազգային հանրությանը մտածելու տեղիք կտա, թե արդյոք կա իրական հումանիտար աղետ։

Այս իրավիճակում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ չի համարում Վարդանյանին հեռացնելը եւ ճիշտ չի համարել նաեւ իր հրաժարականը, որը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել:

Այսօր Արցախն ունի օրինակսն, ընտրված ղեկավարություն՝ նախագահ եւ խորհրդարան, որը պետք է գործի:

Երեկ Արցախում իրավիճակի մասով բազմաթիվ քննարկումներ են եղել։ Armlur.am-ի տեղեկություններով՝ քննարկումների ժամանակ Ռուբեն Վարդանյանը պնդել է իր տեսակետը, Արայիկ Հարությունյանն ասել է, թե պատրաստ է եւ ցանկանում է իշխանություն հանձնել, ժողովուրդը նոր ղեկավար ընտրի, սակայն ԱԺ մեծամասնությունն ասել է, որ պետք չէ փորձություն սարքել, եւ ճիշտն այն է, որ  նախագահը շարունակի իր պաշտոնավարումը, իսկ ՀՅԴ-ականները կողմ են եղել հրաժարականին. ի վերջո որոշում է կայացվել ներդաշնակ աշխատել։ Առաջիկայում Արցախի ներքաղաքական ճգնաժամն այսպես կհանգուցալուծվի:

Թե որքան կտեւի այս ներդաշնակությունը, դժվար է ասել, բայց փաստ է, որ ողջ Արցախում իրավիճակը, միեւնույնն է, լարված է, եւ օրվա իշխանությունները դե ֆակտո զբաղված են մեկ հարցով՝ օրվա հացի խնդրի ապահովմամբ բնակիչների համար: Ռուբեն Վարդանյանն էլ փաստացի կտրոն բաժանող է:

Ու թեեւ Արցախը պատրաստակամ է բանակցությունների աշխարհի եւ Ադրբեջանի հետ, սակայն դրանք չեն կայանում, եւ կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ աշխարհի լռության, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի անգործության պատճառով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային կոչ է արել մարդասիրական միջանցք բացել ռազմագերիներին փոխանակելու համար։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներն են գրում։

Թուրքայի նախագահի առաջարկ-հորդորի մասին նաեւ Ուկրաինայի օմբուդսմենը՝ Դմիտրի Լյուբինեցն է հայտարարել «Ուկրինֆորմ»-ին տված հարցազրույցում՝ ակնարկելով նման միջանցքի գաղափարի մասին։

Նշենք, որ նախորդ շաբաթվա սկզբին հանդիպել էին Ուկրաինայի եւ Ռուսաստանի օմբուդսմեններ Դմիտրի Լյուբինեցն ու Տատյանա Մոսկալկովայան։ Հանդիպումը տեղի էր ունեցել Թուրքիայում, ինչի ժամանակ երկուստեք կարեւորվել էր մարդասիրական միջանցք բացելու անհրաժեշտությունը։

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝ գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից եւ արձակվել Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։

 

 

 

 

ՆԻՍՏ Է ԱՐՎԵԼ

ArmLur-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շաբաթ օրը նիստ է արել: Մեր տեղեկություններով՝ ԱԺ նոր նստաշրջանին ընդառաջ՝ ընդդիմությունը քննարկել է առաջիկա քայլերը, խմբակցության ռազմավարությունը, ինչպես նաեւ նստաշրջանի օրակարգի հետ կապված քննարկում է եղել:

 

 

 

ՆԵՂԱՑԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, քպ-ական Արմեն Փամբուխչյանը չնշանակվեց ներքին գործերի նախարաի տեղակալ, արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատու: Նշենք, որ Ներքին գործերի նախարարության հաստատված կառուցվածքի համաձայն՝ նախարարը պետք է ունենա չորս տեղակալ, եւ այդ հաստիքներն արդեն զբաղեցված են: Նրանք են Արամ Հովհաննիսյանը, Արփինե Սարգսյանը, Դավիթ Համբարյանը եւ Կամո Ցուցուլյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արմեն Փամբուխչյանին առաջարկել են զբաղեցնել փոխնախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է: Իրականում պաշտոնից նրա հրաժարումն ունի խորը արմատներ: Իշխանություններից մեզ հասած լուրերի համաձայն՝ նա հրաժարվել է փոխնախարարի պաշտոնն ընդունել, քանի որ քաղաքական իշխանությունները նրան չտարան ներքին գործերի նախարար եւ նախընտրեցին Վահե Ղազարյանին: Փամբուխչյանը, մասնավորապես, ասել է, որ չի պատրաստվում նախարարից հետո գնալ եւ որպես ենթակա աշխատել որեւէ նախարարի: Ասել է թե՝ ՔՊ-ական Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ ԿԱ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից 3 ամիս անց գործն այդպես էլ չի բացահայտվել. չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։ Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելին՝ այս իրավիճակից հետո ոստիկանությունում սկսել են քննարկել նաեւ այն վարկածը, թե հենց Էդգար Ղազարյանը կարող էր ծրագրած լինել իրեն ծեծի ենթարկելու գործը: Եվ, ահա, վաղը, երբ լրանալու է այս միջադեպի երրորդ ամիսը, Էդգար Ղազարյանը որոշել է անձամբ ասուլիս տալ, բացահայտումներ անել եւ ներկայացնել նաեւ տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են բակում ծեծի ենթարկում իրեն: Իհարկե, ոստիկանների կողմից շրջանառվող այս կարծիքը, թե միգուցե հենց նա է կազմակերպել այս ամենը, իրենց անգործությունը քողարկելու պատրվակ է, քանի որ իրականում կա տեսանյութ, թե ովքեր որտեղից են հարձակվում Էդգար Ղազարյանի վրա: Այ եթե որեւէ իշխանական գործիչ ծեծի ենթարկվեր, գործը կբացահայտվեր ժամերի ընթացքում:




Լրահոս