ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ է աչքի ընկնում մանիպուլատիվ հայտարարություններով: 2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է: «Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք՝ ասեմ՝ ստում է, որովհետեւ այդ հարցին եղել է պատասխան, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, ընդունել Երեւանում եւ դա հետազոտել։ Դա արվել է, պարզապես այդ նմուշը սովորական նմուշների համար նախատեսված անոթներով պետք է տեղափոխվեր Երեւան, այսինքն՝ այդ առումով Միքայել Համբարձումյանը ստում է»,- նշել էր Արսեն Թորոսյանը։ Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»,- նշել էր նա: Կարճ ասած, Արսեն Թորոսյանն է ստել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ղեկավարում, առաջիկայում լքելու է այդ պաշտոնը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էդուարդ Աղաջանյանի՝ դեսպան նշանակվելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ: Կուսակիցների հետ քննարկումների ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ նպատակ ունի երկրից հեռանալու, սակայն կոնկրետ երկիր չի նշել: Աղաջանյանը նաեւ հայտարարել է, որ այլեւս ցանկություն չունի այստեղ ապրելու եւ աշխատելու: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ պատգամավորը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը: Վերջինիս թեկնածությանը խմբակցությունում ոչ բոլորն են կողմ, սակայն կան պատգամավորներ, այդ թվում՝ Մարիա Կարապետյանը, որ ակտիվ գովազդում է նրան եւ հենց պայքարել է Խանդանյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի ցուցմունքը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով: Ինչպես հայտնի է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն արդեն երեք ամիս է՝ կալանքի տակ է, իսկ Գագիկ Պողոսյանն էլ հարցաքննվել է ԱԱԾ-ում: Հենց առաջին հարցով քննիչը հետաքրքրվել է, թե երբվանից է Պողոսյանն աշխատում այդ պաշտոնում եւ Արուսյակ Ալեքսանյանի հետ ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում: Ի պատասխան՝ դատավորը նշել է. «1996թ.-ից աշխատում եմ դատավորի պաշտոնում, իսկ 2022թ.-ի օգոստոսի 10-ից աշխատում եմ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար: Արուսյակ Ալեքսանյանին անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ դատավոր է»: Ապա քննիչը հետաքրքրվել է, թե միջնորդությունները դատարան ինչ կարգով են մակագրվում: «Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ անձամբ՝ մակագրման թերթիկի վրա նշում կատարելով համապատասխան դատավորի անվան դիմաց, իսկ ժամը 18:00-ից հետո եւ ոչ աշխատանքային օրերին դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ էլեկտրոնային եղանակով»:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է, կտրված է կապը Արցախի եւ արտաքին աշխարհի հետ: Այս օրերին հնչել են տարբեր հայտարարություններ եւ կոչեր՝ ճանապարհը բացելու շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե այս օրերին ինչով է զբաղված եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը նշել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար զանազան քայլեր են իրականացվում Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի կողմից։ «Ադրբեջանական ագրեսիայի եւ սադրանքի ապօրինի գործողությունների հակազդման համար Մայր Աթոռի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։ Վեհափառ Հայրապետի կողմից համապատասխան հրահանգներ են եղել աշխարհասփյուռ թեմերին, թեմակալ առաջնորդներին տեղերում պետական, դիվանագիտական, քաղաքական, հասարակական շրջանակներում իրականացնել իրազեկման ակցիաներ՝ բարձրաձայնելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին եւ, ըստ ամենայնի, աջակցելու Արցախին»,- նշել է նա։ Տ. Եսայի քահանա Արթենյանի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ են նոր նախաձեռնություններ: