Ինչպես հայտնի է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը մտել է դատարան, եւ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստերը մեկնարկել են: Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը արդեն երեք ամիս է՝ կալանքի տակ է: Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով ԱԱԾ-ում հարցաքննվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Գագիկ Պողոսյանի ցուցմունքը:
Հարց
-Ասացե՛ք, թե երբվանի՞ց եք աշխատում Ձեր հիշյալ պաշտոնում, Արուսյակ Ալեքսանյանի հետ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվում:
Պատասխան
-Հարցին պատասխանում եմ, որ 1996թ.-ից աշխատում եմ դատավորի պաշտոնում, իսկ 2022թ.-ի օգոստոսի 10-ից աշխատում եմ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար: Արուսյակ Ալեքսանյանին անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ դատավոր է:
Հարց
-Ասացե՛ք, թե դատարան ներկայացված միջնորդություններն ինչ կարգով են մակագրվում:
Պատասխան
-Հայտնում եմ, որ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ անձամբ՝ մակագրման թերթիկի վրա նշում կատարելով համապատասխան դատավորի անվան դիմաց, իսկ ժամը 18:00-ից հետո եւ ոչ աշխատանքային օրերին դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ էլեկտրոնային եղանակով: Կոնկրետ ոչ աշխատանքային օրերին «Աջափնյակ-1» նստավայրում ներկայացված միջնորդությունները մուտք են արվում «Աջափնյակ-1» նստավայրի գրասենյակում, էլեկտրոնային եղանակով պատրաստվում են մակագրման թերթիկներ, որոնք «Աջափնյակ-1» նստավայրի գրասենյակի էլեկտրոնային կայքի միջոցով ուղարկվում են դատարանի «Կենտրոն» նստավայրի գրասենյակի էլեկտրոնային կայքին, որը գործարկում է գրասենյակի ղեկավարը: Գրասենյակի ղեկավարը էլեկտրոնային մակագրման թերթիկը «Կենտրոն» նստավայրի գրասենյակի էլեկտրոնային կայքով ուղարկում է իմ անձնական էլեկտրոնային կայքին: Ես իմ անձնական էլեկտրոնային կայքով կատարում եմ մակագրություն, համապատասխան դատավորի անվան դիմաց նշում եմ կատարում եւ հետ եմ ուղարկում «Կենտրոն» նստավայրի գրասենյակի էլեկտրոնային կայքին, որպեսզի գրասենյակի ղեկավարը ուղարկի «Աջափնյակ-1» նստավայրի գրասենյակի էլեկտրոնային կայքին: «Աջափնյակ-1» նստավայրի աշխատակիցը, ստանալով էլեկտրոնային մակագրման թերթիկը, այն տպում է եւ միջնորդության հետ հանձնում է կամապատասխան դատավորին կամ նրա աշխատակազմին: Գործավարության կանոնակարգի համաձայն՝ մակագրված միջնորդությունները հանձնվում են համապատասխան դատավորին կամ նրա օգնականին:
Հարց
-Ասացե՛ք, թե ինչ կարգով կամ նորմատիվ իրավական ակտով եք ղեկավարվում նույն անձի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները նույն դատավորին մակագրելու հարցում:
Պատասխան
-Հարցին պատասխանում եմ, որ դատարան ներկայացված միջնորդությունները հիմնականում մակագրվում են տվյալ օրը հերթապահ դատավորին. բացառություններ լինում են, երբ, օրինակ, հերթապահող դատավորը ծանրաբեռնված է լինում, ապա տվյալ օրվա միջնորդությունների մի մասը մակագրվում է այլ դատավորի: Նույն անձի վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները նույն դատավորին մակագրելու հարցի վերաբերյալ իրավական կարգավորում չկա, միայն կա ներքին կարգով սահմանված աշխատանքային կարգ, որը նախապես համաձայնեցվել է դատավորների հետ այն մասով, որ կալանքի հետ կապված բոլոր միջնորդությունները մակագրվում են նույն դատավորին, այսինքն՝ եթե մի դատավոր քննել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, ապա դրանից հետո դատարան ներկայացված նույն մեղադրյալի հետ կապված կալանքի ժամկետը երկարացնելու կամ կալանքը վերացնելու, գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունների քննարկումը մակագրվում է նույն դատավորին: Այս պարագայում եւս լինում են բացառություններ, օրինակ՝ երբ սկզբնական կալանքի միջնորդությունը քննած դատավորը երկարացման ժամանակ գտնվում է արձակուրդում, գործուղման մեջ կամ հիվանդ է, ապա տվյալ միջնորդության քննարկումը մակագրվում է հերթապահող դատավորներից որեւէ մեկին՝ հաշվի առնելով տվյալ դատավորի ծանրաբեռնվածությունը: Նման պայմաններում երբ դատավորին մակագրվում է օրինակ կալանքի ժամկետի երկարացում, որի սկզբնական կալանքը քննել է այլ դատավոր, եթե չկան հիշյալ բացառության դեպքեր, ապա տվյալ դատավորը, որպես կանոն, հետ է վերադարձնում միջնորդությունը՝ խնդրելով այն վերամակագրել սկզբնական միջնորդությունը քննած դատավորին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՔՑՐԵԼ Է ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ
Հ.Բ.-ն, 2014 թվականից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող եւ ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ:
Հ.Բ.-ն թաքցրել է նաեւ հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր կողմից ներկայացված հայտարարագրերում:
Հ.Բ.-ի կողմից առերեւույթ ենթադրյալ հանցանքներ կատարելու փաստերը ձեռք են բերվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի (ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազի կողմից տրված հանձնարարության հիման վրա ձեռնարկված քննչական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում:
Դեպքի առթիվ 2023 թվականի հունվարի 13-ին ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), որոնք համապատասխանում են գործող Քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասին եւ 444-րդ հոդվածի 2-րդ մասին, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ
ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է համակարգն իրենց գործառութային պարտականությունների կամ կարգապահական կանոնների նկատմամբ անբարեխիղճ, անպատասխանատու կադրերից թոթափելուն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։
Իրականացված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարեւոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տեւական ժամանակ դրսեւորել է անգործություն:
Առանձին վարույթներով 45 օրից մինչեւ ավելի քան 6 ամիս շարունակ քննչական եւ այլ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հիմքերի, ինչպես նաեւ հսկող դատախազի օրինական, առարկայական ցուցումների առկայության պայմաններում նա չի ապահովել դրանց պահանջների ամբողջական կատարումը, չի պահպանել քննության ողջամիտ ժամկետները, չի դրսեւորել պատշաճ ջանասիրություն։ Վերջինս քրեական վարույթները թողել է անշարժ վիճակում, իսկ որոշ քրեական վարույթներով՝ բավարարվել սակավաթիվ քննչական գործողություններ կատարելով: Բացի այդ, ՀԿԳ քննիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել հերթական ատեստավորմանը:
Մյուս դեպքում հարուցված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչը, նշանակված լինելով այդ պաշտոնին, պատշաճ կարգով իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր, չի ներկայացրել գրավոր բացատրություն՝ անհարգելի բացակայությունների վերաբերյալ, չի կատարել զբաղեցրած պաշտոնից բխող գործառութային պարտականությունները, ինչի պայմաններում տուժել է արդարադատության եւ նախաքննության շահը:
Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների բնույթը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է վերոնշյալ երկու քննիչների նկատմամբ օրենքով սահմանված ամենախիստ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառման հնարավորության վերաբերյալ միջնորդություններ։
Կարգապահական հանձնաժողովն իր որոշումներով բավարարել է միջնորդությունները, եւ, ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով, նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։