«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի համար անհասկանալի է՝ ինչպես է հնարավոր, որ ժամկետային զինծառայողը խաղաղ պայմաններում վառվի, մոխրանա:
«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երվանդ Թարվերդյանն ասում է՝ կատարվածի մասով որեւէ բացատրություն ու պատճառաբանություն իր համար ընդունելի չէ:
Զարմանում է՝ պաշտպանության ու ներքին գործերի նախարարներն ինչ էին անում կառավարության այսօրվա նիստին, ինչու դեպքի վայրում չէին:
Ողբերգական իրադարձությունից հետո, վստահ է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է իր իսկ ձեռքով հրաժարականի դիմում գրեր, սակայն երեկ կառավարության նիստ էր, որին մասնակցում էր անձամբ Սուրեն Պապիկյանը՝ դեպքի վայր մեկնելու փոխարեն:
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետեւանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ եւ մեկ սպա մարմնական վնասվածքներով ժամը 02:00-ի սահմաններում տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
-Պարո՛ն Թարվերդյան, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինվոր, եւս 7-ը՝ վիրավորվել: Ի՞նչ կարող եք ասել կատարվածի եւ այն հանգամանքի մասին, որ հրաժարականներ եղան, բայց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել:
-Ո՞նց կարող է մարդ իր զորամասում խաղաղ պայմաններում վառվի ու այրվի: Ես որեւէ բացատրություն չեմ ընդունում ոչ մեկից, այսպես ասեմ:
-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինը իր շուրթերով հայտարարեց, թե ինչ է կատարվել այն դեպքում, երբ նախաքննություն կամ որեւէ գործողություն չի ավարտվել: Հնարավո՞ր է այսպես՝ հանպատրաստից հայտարարել, թե ինչն է զորամասի կացարանում հրդեհի պատճառ եղել:
-Ես չեմ ընդունում այդ հայտարարությունն ու իր այդ հանգիստ մոդելը, որ կարելի է 15 զոհ եւ եւս 7 վիրավոր ունենալ ու առանց բացահայտման: Նախ, ես ամենաառաջինը զարմացա, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում էր նիստին, այլ ոչ թե դեպքի վայրում էր: Ամենամեծ զարմանքներից մեկը դա էր, որ ՀՀ պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Վահե Ղազարյանը կառավարության նիստին էին. փոխարենը պետք է լինեին Գեղարքունիքի մարզում: Ներքին գործերի նախարարը նաեւ պատասխանատու է այդպիսի իրավիճակների համար, քանի որ Փրկարար ծառայությունը եւս այդ կառույցի կազմում է արդեն, եւ պաշտպանության նախարարն էլ խաղաղ պայմաններում 15 զոհ ունի ու իր հերթին զեկուցում է: Իր հերթին էլ վարչապետն է երկրի փորձում բացատրություններ գտնել, ասում է, թե սպան է բենզինով շիշը նետել կացարանի վրա, ու այդ ամենը՝ հանգիստ տոնով: Աշխարհում ամենամեծ արժեքը մարդու կյանքն է: Մեզ մոտ չի արժեւորվում, չգիտես՝ ինչու: «Սուրմալու»-ի դեպքում 16 հոգի զոհվեց, սեպտեմբերյան դեպքերին 200 հոգի զոհվեց, 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ 5000, եւ այդ ամենի մասին ասվում է հանգիստ տոնով: Այդ մարդիկ պատկերացնո՞ւմ են, որ իրենց ընտանիքի անդամներն այդպես վառվեին կացարանում, նրանք էլի հանգիստ կլինե՞ին: Պարզ է, որ չէ:
-Մի քանի զինվորականներ արդեն ազատվել են պաշտոնից: Սա հարցի լուծո՞ւմ է:
-Գիտեք , ասել եմ՝ մեր կառավարման սխալն այն է, որ իրենք ֆուտբոլի նման են կառավարում, այսինքն՝ թիմով եկել ենք, մենք մեղավոր ենք, բայց ուրիշն է հրաժարական տալիս: Պաշտպանության նախարարն ինքը պետք է հրաժարական տար, այլ ոչ թե իրեն ասեին՝ դու հեռացիր: Նա պետք է հեռանա, իսկ շատերը պետք է դատվեն:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքին անդրադարձել են նաեւ Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները եւ պաշտոնական հաղորդագրություն տարածել:
«ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի եւ ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետեւանք է:
Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ցավակցություններն է հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին եւ ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում», -ասվում է «Պատիվ ունեմ» խմբակցության տարածած հաղորդագրությունում։
Իսկ «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ զինված ուժերում արձանագրվեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղետը, որի հետեւանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, մտերիմներին եւ մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Միաժամանակ, ցավով արձանագրում ենք, որ նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը եւ մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր Զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման եւ զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը»։
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ ժամը 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Քննչական կոմիտեի շենքի մոտ: Մեզ հայտնի դարձավ, որ ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը: Այսօր լրանում է միջադեպի 5 ամիսը, ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ պաշտոն ստացավ եւ այս պայմաններում էլ դատի է տվել ծնողներին, պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ
Օտարերկրացիները Հայաստանում կկարողանան առանց լիցենզիա ստանալու բիզնես գործունեությամբ զբաղվել։ Օտարերկրյա ընկերությունները պարզեցված ընթացակարգով կկարողանան զբաղվել միայն բիզնեսի որոշ տեսակներով. դրանք են՝ մասնավոր պահնորդական գործունեություն, փոստային կապի գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացում, տաքսի ծառայություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում, շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն եւ այլն: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս կարգի գործողությունը տարածվելու է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա: Նշենք, որ այս մասին որոշման նախագծի հեղինակն Էկոնոմիկայի նախարարությունն է: Բայց, մյուս կողմից, փորձագիտական համայնքն է սկսել մտահոգվել՝ այս թեմայի հետ կապված: Շատերը կարծում են, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելուց հետո Իրանում բնակվող հազարավոր ադրբեջանցիներ կարող են գալ ՀՀ ու այստեղ զբաղվել ուղեւորափոխադրմամբ, շինարարությամբ կամ մեկ այլ բիզնեսով: Արդյոք վերահսկողություն կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրացիների կողմից գրանցվել է ավելի քան 3000 իրավաբանական անձ: Օտարերկրացի անհատ ձեռնարակատերերի թիվը հասնում է 5000-ի: Նշենք, որ նրանք հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք գործունեություն են ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առեւտրի ոլորտներում: