Այն, որ իշխանության ներկայացուցիչները եւ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում են հայտարարություններ, որոնք հակասում են միմյանց եւ սուտ են, այլեւս նորություն չէ: Շատ հաճախ նրանք անում են այնպիսի հայտարարություններ, որպիսիք անելու համար մեղադրում են ուրիշներին: Այսպես, կառավարության 2020 թվականի մարտի 19-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ՀՀ պարենային ապահովվածության մակարդակին եւ պետական գաղտնիքներ հայտնել։ ««Իհարկե ասվել է, որ մենք այդ առումով խնդիրներ չունենք, եւ հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք, օրինակ՝ շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք, բայց միեւնույն ժամանակ, օրինակ, իմ ձեռքին տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին, 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, եւ էդպես շարունակ, արեւածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ։ Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաեւ վառելիքով՝ բենզինով եւ դիզելային վառելիքով, եւ ներմուծվում է»։ Ապահովվածության մասին այս տվյալների հրապարակումից հետո իշխանական պատգամավորները եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները, հղում անելով տեղեկատվության գաղտնի բնույթին, հրաժարվում են խոսել եւ պարզաբանումներ տալ: Օրինակ՝ Ազգային ժողովում 2022թ. մարտի 7-ին՝ պատգամավորական ճեպազրույցների ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ցորենի պաշարների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ դա հրապարակման ոչ ենթակա, գաղտնի տեղեկատվություն է։ Ստացվում է, որ Էդուարդ Աղաջանյանը անուղղակիորեն մեղադրում է Նիկոլ Փաշինյանին պետական գաղտնիք բացահայտելու եւ հանցագործության համար: Զուգահեռ իրականությունում 2021 թվականի մայիսի 3-ի Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, որտեղ պետք է վարչապետ ընտրեին, դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հայկական դիրքերի կահավորման եւ անվտանգային ապահովման խնդիրներին, ասել էր. «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի»: Այսինքն՝ նա անկախ պատգամավորին մեղադրում էր պետական գաղտնիք հայտնելու համար, այնինչ հենց վարչապետն էր պետական գաղտնիք բացել: Մյուս կողմից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանի դեպքը եկավ ապացուցելու, որ բանակում եւ առաջնագծում խնդիրներն իսկապես շատ են:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն առ այս պահը խելամիտ մեկնաբանություն չի տալիս՝ ինչպես է ստացվել, որ դեռեւս 2022-ի դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած ռեկտորի ընտրության արդյունքները գործադիրն այդպես էլ չի հաստատում, ու 16 կողմ ձայներով միաձայն ռեկտոր վերընտրված Արամ Իսաբեկյանին ռեկտոր չի նշանակում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթն էր բարձրաձայնել՝ ընդգծելով, որ Խզմալյանի հովանու ներքո բուհում պաշտոնեական կեղծիք է կատարվել: Մեր հրապարակած լուրից հետո նախարարության լրատվական ծառայությունը, հաստատելով, որ ընտրության ժամանակ ինչ-որ մութ բան է կատարվել, «պարզաբանում» անունով տեքստ էր հրապարակել: «Խնդրի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»։ Հաջորդ շաբաթն այս անցնող շաբաթն է, ու առ այսօր ո՛չ ԿԳՄՍ-ն, ո՛չ Գեղարվեստի ակադեմիան խորհրդի նիստ գումարելու մասին հայտարարություն չեն տարածել: Թեեւ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳՄՍ լրատվական ծառայությունից երեկ վստահեցրին, որ հունվարի 19-ին նիստ, այնուամենայնիվ, եղել է (նման բան նաեւ Գեղարվեստի ակադեմիայից ակնարկեցին), բայց փաստն այն է, որ դա հաստատող որեւէ արձանագրություն, հաղորդագրություն չկա: Ակադեմիայում նիստ չլինելու եւս մեկ փաստարկ է այն, որ հունվարի 18-19-ին ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ ու ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանը Թբիլիսիում է եղել՝ մասնակցելու վրաց դերասան Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի արարողությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից փրկվածներից մեկի՝ իրավապահներին պատմած դրվագներից որոշ մանրամասներ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ փրկված զինվորներից մեկը, որի անունը նախաքննությանը այս փուլում չվնասելու համար չենք հրապարակում, իրավապահներին հայտնել է, որ լսել է ձայներ եւ այսպիսի հայտարարություններ. «Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է»: Այդ գոռգոռոցներից արթնացել է, բացել սենյակի դուռը ու տեսել՝ ողջ միջանցքը ծխի մեջ է, տեսել է երկու հոգու, չի հիշում՝ ովքեր էին, ու դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհան, դրսից տեսել է՝ տղաները ջարդում են պատուհանը, որի արդյունքում կարողացել են իրեն մի կերպ պատուհանի ճաղավանդակների արանքից հանել դուրս: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, 7 վիրավոր:
Երկու ամսից կլրանա մեկ տարին, բայց կառավարությունը դեռ չի նորոգում դեռեւս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը։ Խոսքը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մասին է, որն ավելի քան 10 ամիս է, ինչ անանցանելի է։ Նշենք, որ նախորդ տարվա մարտին մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր էին առաջացել, եւ այդ հատվածով երթեւեկությունը մինչեւ հիմա անհնար է, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է. մի հատվածը ճաքած է: Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել երթեւեկելի հատվածից: Ե՞րբ են, ի վերջո, սկսվելու կամրջի նորոգման շինաշխատանքները. այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արմավիրի մարզպետարան: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը չբարեհաճեց պատասխանել մեր հարցերին: Թե ինչով է զբաղված մարզպետը, հայտնի չէ, բայց այն, որ իր ղեկավարած մարզում տասից ավելի ամիս է, ինչ փլուզված կամրջի վրայով են մարդիկ երթեւեկում, կարծես թե իրեն չի հետաքրքրում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ խորհուրդ տվեցին դիմել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ: Պարզվեց, որ հիմնանորոգման աշխատանքների ձեռք բերման մրցույթը 2022թ. հայտարարվել է, սակայն չի կայացել մրցույթին դիմած միակ մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով։ Հիմնադրամից հայտնեցին, որ առաջիկայում կհայտարարվի կամրջի հիմնանորոգման նոր մրցույթ. այն կլինի փետրվարին: Հայտնի չէ, թե ինչու են մինչ այժմ շարունակում պաշտոնավարել անգործության մատնված նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: Նման դանդաղկոտությամբ եւ բառացիորեն անգործության մատնված՝ ցանկանում են հայ-թուրքական ցամաքային սահմանը այդ հատվածից բացել երրորդ երկրների քաղաքացիների համար: