Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը վստահ է՝ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, հապշտապ, ոտքի վրա 15 զինվորի մահվան դեպքը բենզինի տարայի հետ կապեցին՝ թեման փակելու, մարդկանց շեղելու համար: Նա վստահ է՝ երաշխիք չկա, որ մոտ ապագայում նման ցավալի դեպքեր է՛լ տեղի չեն ունենա:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, 7 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։
-Պարո՛ն Վրթանեսյան, երեկ Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք էր տեղի ունեցել, 15 ժամկետային զինծառայողներ հրդեհի զոհ էին դարձել: Նախ՝ ուզում եմ հասկանալ՝ հնարավո՞ր է այսպես հրատապ որոշել, թե ինչ է տեղի ունեցել, եւ երկրորդը՝ ո՞վ է այս ամենի իրական մեղավորն ու պատասխանատուն:
-Տեսեք, հապշտապ որոշել իսկապես անհնարին էր, եւ Նիկոլ Փաշինյանն ուղղակի արդեն բոլորիս ծանոթ իր գործելաոճով գտավ ինչ-որ մի անձ, ում վրա կարելի է սեւեռել ամբողջ խնդիրը, եւ այդ մի անձը դասակի հրամանատար էր, սպա: Եվ այդ գեղարվեստական նկարագրությունը՝ ուղղված դրան, որ բոլորի ուշադրությունը սեւեռվի դրա վրա: Ինչո՞ւ էր 22 հոգի, դատելով ինֆորմացիայից, լրիվ անհասկանալի շինության մեջ առանց կանոնների ապրում եւ բավական երկար ժամանակ: Այնպես չէ, որ արտառող իրավիճակ էր, եւ այդ տղաներին մի քանի հոգով էին տեղակայել: Այստեղ խոսքն ամիսներով այդտեղ մնալու արդյունք է, եւ ոչինչ չի արվել այդ ընթացքում: Նա այնպես էր խոսում, կարծես թե այդ մասին ոչ մեկ չգիտեր: Այդ խնդիրները համակարգային մակարդակով բարձիթողի է, եւ այդ խնդիրների մասին բազմիցս զգուշացվել է, եւ ասվել է, որ քայլեր չեք անում, բայց պետք է անել, իրենք միանգամից հարձակվում են այդ մարդկանց վրա, գորգոռում են: Նույն բանակում անվտանգության կանոններն աշխատացնելը գինու բաժակով կենաց ասել չէ. պետք է աշխատանք, եւ դա չի արվում: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ահռելի գումարներ չեն ծախսվել, այսինքն՝ ռազմական բյուջեից հատկացված է եղել ու չի ծախսվել: Ամեն անգամ մեզ հեքիաթներ էին պատմում, թե ինչու չի արվում, եւ երկու տարի շարունակ մարդիկ վրաններում են քնում՝ վառարանով տաքացնելով:
-Ի վերջո, ո՞վ է այս ամենի պատասխանատուն:
-Այս ամենի մեղավորը ՀՀ պաշտպանության նախարարն է եւ այդ նախարարին ամեն կերպ պաշտպանողը: Տեսեք, երեկվանից սկսած՝ ժամերի ընթացքում, որոշեցին ազատել կորպուսի գրեթե ամբողջ հրամանատարներին. կորպուսը գլխատվեց, որն առաջնագիծ էր պաշտպանում: Մեղավորներ նշանակվեցին հանրության ուշադրությունը շեղելու համար, իսկ երբ հերթը հասավ իրական պատասխանատուին, ասվեց՝ եկեք չշտապենք, քննություն է պետք եւ այլն: Ստացվեց՝ իրենց համար թիվ չէր այս 15 զոհը: Իշխանական քարոզչամեքենան նախ բարձրաստիճան սպաներին շտապ հանեց պաշտոններից՝ սահմանագիծը պաշտպանողների գնով: Այնուհետեւ դավադրապաշտական տեսություններ սկսեցին տարածվել, թե միգուցե դիվերսիա էր կամ այլ դեպք: Թեմա գցեցին, թե, իբր, իտալական տնակներ պետք է բերեին եւ այլն: Սրանք հեքիաթներ էին եւ մարդիկ սկսել էին այդ չեղած տնակներից խոսել, որոնք կա՛մ տեղ չեն հասելմ կա՛մ չեն դրվել: Հիմա էլ տարածեցին, թե պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ է գործ հարուցվել: Իրական անունները պատասխանատուների այդպես էլ չի նշվում՝ Նիկոլ Փաշինյան եւ Սուրեն Պապիկյան:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ
«Արցախի եւ Ադրբեջանի չկարգավորված հարաբերություններում Հայաստանը դիտորդ լինել չի կարող». ArmLur.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
-Մեկ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է գտնվում, փակ է Լաչինի միջանցքը: Իրավիճակը գնալով բարդանում է, կենսական նշանակության հարցեր են առաջ գալիս: Ստեղծված իրավիճակից, Արցախը շրջափակումից դուրս բերելու համար ի՞նչ լուծումներ եք տեսնում:
– Քանի որ ստեղծված իրավիճակին գնահատական տալու փորձերի պակաս չկա, առաջարկում եմ նույն հարցերին նայենք մեկ այլ դիտանկյունից` ինչո՞ւ ենք հայտնվել նման կացության մեջ, եւ ի՞նչ կարելի է անել այդպիսի վիճակներից խուսափելու համար:
Որքան էլ մեծ լինի Արցախում արդեն մեկ ամսից ավել տեւող հումանիտար ճգնաժամը նկարագրելու գայթակղությունը, այնուամենայնիվ, պետք է ի սկզբանե արձանագրենք այն պարզ իրողությունը, որ մեզ առաջադրված մարտահրավերը համակարգային լուծման, պետական մակարդակով մոբիլիզացիայի խնդիր է, եւ այն պահանջում է ներգրավել բոլոր կարող ուժերին՝ անկախ նրանց հանդեպ ունեցած կանխակալ կամ կարծրացած վերաբերմունքից:
Թերեւս այստեղ է, որ մենք բախվում ենք համակարգային շեղման փաստին (չնայած ամեն ինչ արվում է, որ մենք չհանգենք այդ խախտումը կամ շեղումը վերացնելու որոշմանը): Բացատրեմ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը շարունակվում է նաեւ 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց ինչքան էլ փաստեր են հավաքվում՝ հօգուտ այն պնդման, որ ժամանակակից պատերազմները հենց այսկերպ են լինում եւ հենց այդ պատճառով են ստացել հիբրիդային անվանումը, միեւնույնն է, մեր կառավարող ընտրախավերի մոտ տիրապետում է այն մտայնությունը, թե դա մեր տարածաշրջանի համար չի ասված:
Շրջափակումը նույն պատերազմական գործողությունն է, այսինքն՝ նույն ուժի կիրառման ամենացայտուն օրինակն է: Եվ եթե հայկական պաշտոնական քաղաքական միտքը դրան հակադրում է իր կողմից հնարած եւ միակողմանի օգտագործվող խաղաղության օրակարգը, ուրեմն նոր սադրանքներն ու կրկնվող շրջափակումները, հոսանքի, գազի եւ համացանցի անջատումները լինելու են մշտական ռեժիմով:
Հենց այս մոտեցումների տարբերությունն է այսօր երեւակվում հայկական երկու հանրապետությունների դիրքորոշումների մեջ, եւ որի պատճառով վերջերս հաճախակի են այդ տարբերություններն արտահայտվում պաշտոնական հայտարարություններում կամ բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային տեսակետներում:
Հայաստանը չի կարող դիտորդ լինել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ չկարգավորված հարաբերություններում, մենք չենք կարող հրաժարվել վերջին երեսուն տարիներին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեկ-մեկ հավաքված փաստաթղթերից եւ դրանց հիմքով ձեւավորված հակամարտության լուծման սկզբունքներից:
Մեր շահերից չի բխում մինչեւ հիմա չօգտագործված իրավական փաստաթղթերի (օրինակ` Ալմա Աթայի հռչակագրի) շրջանառումը քննարկումների մեջ: Ինքնորոշման իրավունքից կամովին հրաժարումը ի վերջո մեզ զրկելու է հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջազգային իրավունքի ընձեռած գործիքակազմից օգտվելու հնարավորությունից: Եթե մենք այսպիսի համատարած պաշտպանական բնագծեր ու շերտեր չձեւավորենք Արցախի շուրջ, մշտապես մեզ փորձելու են պահել օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամերից լուծումներ փնտելու վիճակում:
– Արցախում վերջերս քննարկվում էր արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Սրանք ի՞նչ խոսակցություններ են, արդյոք այս պահին ընտրությունների մասին խոսելու ժամանա՞կն է:
-Անկեղծ պիտի ասեմ, որ ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է մեր որոշ գործընկերների խանդավառությունը` արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ դրանց ակտիվ մասնակցելու հետ կապված: Մնում է ենթադրել, որ Արցախում վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատված ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման համար ոմանց մոտ դիտարկվել է արտահերթ ընտրությունների գաղափարը: Հակառակը պիտի պնդեմ. Արցախում եւ Արցախի շուրջ ձեւավորված իրավիճակը ոչ մի տեղ չի թողնում ներքաղաքական տարաձայնությունների եւ ճշտումների համար:
Իմ խորին համոզմամբ՝ այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, պահանջում է բոլորից համախմբվածություն, որի ստուգաբանության մեջ ընտրությունները հաստատ առաջին տեղում չեն:
Զրույցը՝ Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ
«Ժողովուրդ» օրաթերթի՝ հունվարի 21-ին հրապարակված «Քվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում» վերտառությամբ հոդվածից հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը նկատողություն են ստացել: Հիշեցնենք, որ քպ-ական պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, այսինքն՝ հանձնաժողովի անդամը կարողանա հետեւել ընտրողի շարժը, քայլերը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշել էին, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու: ՔՊ-ականները նախագծում չէին գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից, որպեսզի չնայի, թե ինչպես է քվեարկում: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո պատգամավորներին ասվել է շտկումներ կատարել, ավելի վստահելի դարձնել օրենքը, ու, որպես պատշաճ հեռավորության շեմ, առաջարկվել է 5 մետրը: Նկատենք՝ այստեղ էլ հարցը չի փակվում. նախ՝ գրիչներով քվեարկությունը շատ դեպքերում չի գործում, եւ ընտրողները մի քանի քվեաթերթիկից պարզապես ընտրում են իրենց նախընտրելին, դնում ծրարի մեջ, իսկ մյուսները նետում աղբարկղը, այսինքն՝ վերահսկել ցանկացողը 5 մետրից էլ կարող է տեսնել՝ որերորդ ծրարը հանեց ընտրողը: Մյուս կողմից՝ շատ գյուղական վայրերում քվեարկության համար նախատեսված տեղամասերի տարածքն այնքան փոքր է, որ 5 մետր հեռավորությունն անհնար կլինի պահել: Մի խոսքով, քպ-ն նոր կեղծիքների մեխանիզմներ է մշակում:
ԹԵԺ ՔԱՌՕՐՅԱ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը նախ պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո նոր միայն նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացվել: Նույն օրենքի համաձայն՝ պատգամավորը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միայն գրանցված եւ քվեարկությանը մասնակցած պատգամավորների մեծամասնության որոշմամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին։ Բանն այն է, որ ԱԺ-ն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանն համաձայնություն տվել է: Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ սպասվող քառօրյայի ընթացքում: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: Հավելենք, որ Օհանյանն առայժմ չի կալանավորվի: Կալանքի համար էլ առանձին պետք է դատախազը մտնի ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ իշխող ֆրակցիան քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հետ կապված միասնական որոշում դեռ չունի, բայց տեղեկացանք, որ կան պատգամավորներ, որոնք դեմ են այս գործընթացին: Չի բացառվում, սակայն, որ անգամ այս պատգամավորները կողմ քվեարկեն ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, որպեսզի ցույց տան, որ այս հարցում միասնական են: