Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաեւ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը. հայտնում են դատախազությունից:
Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (երկու դրվագ)։
Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաեւ չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել էր դեռ նախորդ տարի. բացի Օհանյանից, այլ պատգամավորների նկատմամբ եւս կարող են նման միջնորդություններ ներկայացվել:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաեւ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի՝ միջնորդագիրը քննարկվում է հերթական նիստերի ժամանակ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի հերթական նստաշրջանը գումարվելու է փետրվարի 7-ին, այսինքն՝ այդ օրը մեկնարկող նստաշրջանի ժամանակ էլ Աննա Վարդապետյանը կգա խորհրդարան:
Օրենքում ասվում է. «1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
- Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետեւյալ կարգով.
1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել,
2) մտքերի փոխանակություն,
3) միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե:
- Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
- Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
- Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ հրապարակում է անհապաղ»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՍԱՄԲ ԲԱՑԵԼ ԵՆ ԳԱԶԱՏԱՐԸ
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Արցախի Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով. այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը եւ բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար: Բնակչությանը հորդորում ենք լինել ուշադիր եւ պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները»,- ասված է հայտարարությունում։
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Իր խոսքում վարչապետը նշել է. «Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռեւս մի քանի ամիս առաջ նախաձեռնել եւ պատվիրել էինք սոցիոլոգիական հարցում վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիների շրջանում: Եվ արդեն մոտավորապես 10-15 օր հարցման արդյունքները պատրաստ էր, ու դեռեւս նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ՝ այս օրը, պլանավորում էինք լսել հարցումների արդյունքները, որոնք կներկայացնի հարցումներն իրականացրած ընկերությունը: Որոշեցինք չհետաձգել միջոցառումը, մանավանդ որ այն նախապես պլանավորված էր»:
ԿԿԱՅԱՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 23-ին կկայանա հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջեւ: Հանդիպումը տեղի կունենա լրատվամիջոցների համար փակ ռեժիմով:
ՆՈՐ ՎԵՐԵԼԱԿ
Հայաստանի վարչապետի աշխատակազմը նոր վերելակ է գնելու: Այդ մասին պաշտոնական փաստաթուղթը հայտնվել է ArmLur.am-ի ձեռքի տակ, որտեղից պարզ դարձավ, որ վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել «ՌաֆԷլԳրիգ» ընկերության հետ հունվարի 18-ին: Նշենք, որ վերելակի գնման հրավերին մասնակցել է 3 ընկերություն, ցածր գին առաջարկել է «ՌաֆԷլԳրիգ» ընկերությունը՝ 12 մլն դրամ, բայց վարչապետի աշխատակազմի համար նախատեսված վերելակը պետության վրա արժեցել է 14 մլն 400 հազար դրամ կամ 35 հազար 550 դոլար. գումարվել է 20 տոկոս ԱԱՀ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Երեւանի բազմաբնակարան շենքերում հենց այս ընկերությունն է վերելակներ տեղադրում: Պետական գնումների առյուծի բաժինը կնքվում է հենց այս ընկերության հետ: Իսկ թե երկու օր առաջ ձեռք բերված վերելակը կոնկրետ ում է սպասարկելու, կնքված պայմանագրում նշված չէ: Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու աշխատակազմի ղեկավարի ընդունարաններ տանող վերելակներն են նորով փոխարինվել. Ըստ հիմնավորման՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակն իբր ֆիզիկապես մաշված վիճակում է եղել, այն հաճախակի խափանվել է: Նախորդ տարի վերելակ ձեռք բերելու նպատակով պետական միջոցներից ծախսվել է 21 մլն 516 հազար դրամ։
Հ. Գ. Վարչապետի աշխատակազմը 35 հազար դոլարով վերելակ է գնում, իսկ զուգահեռ իրականությունում բանակում առկա անմխիթար վիճակն է, որին երեկ զոհ գնաց 15 երիտասարդ:
ԵՐԿՈՒ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ հունվարի 19-ին ֆինանսների երկու փոխնախարար վերանշանակվել են իրենց պաշտոններում: ArmLur.am-ի տեղեկությունններով՝ փոխնախարարներ Ավագ Ավանեսյանն ու Արման Պողոսյանը վերանշանակվել են: Վերոնշյալ փոխնախարարները, նշենք, մինչեւ այս էլ պաշտոնավարում էին Ֆիննախում, սակայն բանն այն է, որ, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, նախարարի փոփոխության դեպքում նոր նշանակված նախարարի կաբինետի փոխնախարարները (եթե շարունակում են մնալ նույն պաշտոնին) վարչապետի հրամանով նորից պետք է նշանակվեն: Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ փոխվարչապետ էր նշանակվել, իսկ նրան փոխարինելու էր եկել Վահե Հովհաննիսյանը:
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔ
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքը արգելանքի տակ է դրվել, եւ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա գույքի ուսումնասիրության գործընթացն իրավապահներին խնդրի առաջ է կագնեցրել: Չի բացառվում, որ գործը հասնի Սահմանադրական դատարան: Բանն այն է, որ Կճոյանը հոգեւորական է, եւ Սահմանադրությունը հոգեւորականի մասով այլ կարգավորումների ունի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կճոյանն անձամբ դատախազություն չի գնացել, նրա ներկայացուցիչն է ներկայացել։ Իրավապահները հարց են բարձրացրել՝ հոգեւորականը չունի եկամուտ, բայց ունի մեծ ծավալների գույք. որտեղի՞ց նրան այդ գույքը: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգեւորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունը իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, եւ նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն: