ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ՝ ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում լիարժեք պարզելու Լոռու մարզում երկու անձի կողմից առերեւույթ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու, բռնությամբ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնության սպառնալիքով ծառայողական զենքը հափշտակելու, գույքը վնասելու, ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու եւ շրջանառելու դեպքի հանգամանքները։

 

Քննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ 2023 թվականի հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ 24 եւ 22-ամյա եղբայրները, նույն քաղաքի Դարպասի ճալ կոչվող տեղանքում իրացնում են թմրամիջոց:

Օպերատիվ տվյալները ստուգելու նպատակով ոստիկանության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են վերը նշված վայր, որտեղ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում նկատելով եղբայրներին՝ մոտեցել են, ներկայացել եւ հորդորել վերջիններիս իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Եղբայրները, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել, ձեռքերով հարվածել են նրանց, իսկ եղբայրներից մեկը այդ ընթացքում հափշտակել է ոստիկանության աշխատակցի «Մակարով» տեսակի ատրճանակը:

Դրանից հետո 24-ամյա երիտասարդը, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրանց հաջողվել է խուսանավել, որից հետո երիտասարդը ատրճանակի կոթով ջարդել է հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:

Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ եւս: Վերջիններս 22-ամյա երիտասարդին փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, սակայն մյուս եղբայրը, վերոհիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարելով նրանց ուղղությամբ, բախվել է վերջիններիս ծառայողական ավտոմեքենային եւ պահանջել բաց թողնել եղբորը, որից հետո դիմել են փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղբայրները ձերբակալվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են  պարկուճներ, փամփուշտ, օդաճնշիչ ատրճանակ, արնանման հետքեր, թմրանյութի նմանվող նյութով փաթեթներ, տրանսպորտային միջոցներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական, փորձաքննություններ: Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Ձեռք բերված փաստերի հիման վրա երկու եղբայրների նկատմամբ դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ նրա 24-ամյա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի  3-րդ մասով։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց  ընտրելու վերաբերյալ։

 

 

 

ԿԿԻՐԱՌԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել կառավարության որոշումներից մեկում։ Նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից հանել «ազդանշանային զենքը» եւ «գազային ատրճանակ եւ ռեւոլվեր» եւ վերջիններիս կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկը լրացնել «մարտական ձեռքի մարտական հրաձգային» զենքով։

 

Հիմնավորման մեջ նշվում է. «Ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից կհանվի ազդանշանային զենքը, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, որպես քաղաքացիական զենքի տեսակ, ազդանշանային զենք այլեւս նախատեսված չէ։

Բացի այդ, նույն օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ազդանշանային սարքերը հաշվառման (գրանցման) ենթակա չեն, հետեւաբար ձեռք է բերվում առանց թույլտվության։

Միաժամանակ նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկից հանել գազային ատրճանակը եւ ռեւոլվերը, քանի որ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռեւոլվերի նմանվող սարքերը բավարար չեն ապահովելու հուսալի անվտանգություն ինկասացիոն կազմակերպությունների առջեւ դրված խնդիրների իրականացման համար։

Նախագծով նախատեսվում է որոշման 1-ին կետի «գ» ենթակետը խմբագրել՝ ենթակետով նշված իրավական ակտը ուժը կորցրած ճանաչվելու» ՀՀ ոստիկանության պետի 30.04.2021թ? թիվ 5-Ն հրաման» եւ իրավահաջորդ իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» թիվ 429-Ն որոշման ընդունմամբ պայմանավորված։

Նախագծով առաջարկվում է որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսվել է ՀՀ ոստիկանության կողմից ինկասացիոն ծառայություններին մարտական զենք տրամադրելու իրավակարգավորումը։ Բացի այդ, նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով արդեն իսկ մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային զենքը նախատեսվում է որպես ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկում:

 

 

 

 

 

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ

Գեղարքունիքի մարզում երեկ՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 66.5 կմ հատվածում դեպի Իջեւան ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա՝ գազատար խողովակին, եւ հայտնվել ձորակում։ Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենայում եղել են 3 հոգի, որոնցից 2-ին Սեւանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորի ինքնությունը։

 

 

 

 

ՀՐԴԵՀ Է  ԲՌՆԿՎԵԼ

Հունվարի 20-ին՝ ժամը 11։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երեւանյան փողոցի տներից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել` 12:17-ին: Այրվել են էլեկտրական մալուխներ եւ տան տանիքի 1 քմ հատվածը:

 

 

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հունվարի 19-ին «Սեւան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերվել եւ առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ եւ 41 ձկնորսական ցանց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի եւ ձկնորսության, ինչպես նաեւ կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչեւ հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաեւ հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների եւ կենդանիների բռնագրավմամբ: Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը՝ առանց դրա թույլտվության, կամ արգելված վայրերում կամ արգելված ժամանակ կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաեւ որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաեւ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների եւ կենդանիների բռնագրավմամբ եւ որսորդության իրավունքի զրկմամբ մինչեւ 3 տարի ժամանակով:




Լրահոս