700-ԻՑ ԱՎԵԼԻ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության եւ մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման արարողությունը:

 

Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը այս կարեւոր եւ օգտակար ծրագրին աջակցության համար, նշել է, որ Դիլիջան քաղաքն ընտրվել է՝ հաշվի առնելով նաեւ նրա աշխարհագրական դիրքը՝ լինելով Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի աշխարհագրական կենտրոնում, խաչմերուկում: Նա իր խոսքում հայտնել է. «Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական ձեռնարկատիրության եւ մասնագիտական ուսուցման մոդելային կենտրոնի ստեղծումն է հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին ոլորտային գիտելիքներ փոխանցելու եւ նրանց զբաղվածությանն օժանդակելու նպատակով»:

Պարոն դեսպանն իր հայերեն ելույթում ընդգծել է, որ այս ծրագիրը համապատասխանում է Տավուշի մարզի ռազմավարական եւ տնտեսական զարգացման ծրագրին՝ խթանելով տեղական արտադրությունն ու զբոսաշրջությունը եւ ընդգկելով այս ոլորտներում խոցելի մարդկանց: Նա նաեւ փաստել է: «Ճապոնիայի կառավարության հանձնառության համապատասխան՝ անհատների պաշտպանությունը կարեւոր է պետությունների եւ հասարակությունների կառուցմանը նպաստելու համար: Հույս ունենք, որ այս լուծումը նպաստելու է խոցելի խմբերի տնտեսական անկախությանը եւ նրանց կյանքի որակի բարելավմանը»:

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը, տեղեկացրել է, որ, ըստ վիճակագրական տվյալների, Դիլիջանում հաշվառված է խոցելի խմբերում գտնվող 700 եւ ավելի անձ, այդ թվում՝ տեղահանվածներ Արցախից, սոցիալապես անապահով եւ հաշմանդամություն ունեցող անձինք, 44-օրյա պատերազմի պատճառով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Քաղաքապետը մասնավորապես նշել է. «Դիլիջանի համայնքապետարանն իր հերթին այս քաղաքացիներին տրամադրում է ֆինանսական, նյութական աջակցություն: Մենք քաջալերում ենք ցանկացած միջոցառում եւ ծրագիր, որը միտված է խոցելի խմբերի աջակցությանը: Ողջունելի է ուսուցման կենտրոնի գաղափարը եւ դրան կից գործող լվացքատունը, որը, կարծում եմ, իրապես կնպաստի խոցելի խմբերի մասնագիտական ու անձնային հմտությունների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը»:

Հայաստանի համայնքների միության կողմից մշակված «Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության եւ մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ն,  «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան», «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն, «ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոն»-ը: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ:

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը, կարեւորելով սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը, փաստել է, որ այն հզոր մեխանիզմ է աջակցելու տեղական ինքնակառավարման մարմիններին՝ լուծելու բազում համայնքային խնդիրներ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, կարեւորելով ծրագիրը, վստահեցրել է, որ, որպես ծրագրի գործընկեր կազմակերպություն, իրենք նույնպես օժանդակություն կցուցաբերեն ծրագրի շարունակականության համար:

Տավուշի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանն էլ փաստել է՝ ծրագիրը համահունչ է Տավուշի մարզի ռազմավարական զարգացման ծրագրին: Նա շնորհակալություն է հայտնել, որ ծրագիրն իրականացվում է հենց Տավուշի մարզում, քանի որ այն դրական ազդեցություն կունենա սոցիալապես խոցելի խմբերի ձեռնարկատիրական զարգացման վրա:

Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փաստել է՝ տուրիզմը մեծ նշանակություն ունի տնտեսական, սոցիալական եւ մշակութային առումով ու շեշտել. «Որպեսզի ունենանք կայուն տուրիզմ, դրա համար անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր: Կարծում եմ՝ կենտրոնը նպաստելու է նաեւ տուրիզմի ոլորտը որակյալ կադրերով ապահովելու գործին»:

Ծրագրի փակման պաշտոնական արարողությունից հետո կազմակերպվել է  նաեւ այցելություն Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության եւ մասնագիտական ուսուցման նորակառույց կենտրոն:

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ երեկ տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

 

Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Երեկվանից Ստեփանակերտի 200 եւ շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների՝ կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ իրականացվելու է գների եւ ընթացիկ իրավիճակի վերահսկողություն:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար եւ կարեւորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների եւ առեւտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առեւտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան՝ տեղեկացվել է, որ մինչեւ շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում եւ գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով եւ գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետեւանքով ժամանակ առ ժամանակ նաեւ էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

Նա հանձնարարել է նաեւ ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

 

 

 

 

ՆՈՐ ՓԱԹԵԹ

Եվրոպական միությունը միակողմանի որոշումներով շարունակում է Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու փորձեր կատարել: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Եվրամիության անդամ երկրներն օրերս հերթական՝ 9-րդ պատժամիջոցային փաթեթն են ընդունել՝ ընդդեմ Ռուսաստանի: ԵՄ-ի նման գործելաոճը ոչ լեգիտիմ ենք համարում, որ խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած միջազգային իրավունքի նորմերը»,- ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը դատապարտել է նաեւ Եվրական խորհրդի գործունեությունը՝ նշելով, որ ԵԽ-ն նույնպես հակառուսակական քաղաքականություն է վարում:

«ԵԽ-ի՝ 2022-ի դեկտեմբերի 22-ին ընդունած բանաձեւը, որ «Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետություն» է ճանաչում, վկայումն է այն բանի, որ ԵԽ-ն հակառուսական ագրեսիվ քաղաքականություն է վարում:

Հերթական անգամ ականատեսն ենք լինում Արեւմուտքի քաղաքական հանրության կողմից բանեցվող երկակի ստանդարտներին: Նույն այդ հանրությունը, ի դեպ, 2014-ին աչք փակեց Կիեւի ուժայինների կողմից Դոնբասի խաղաղ բնակչությանը սպանելու փաստի վրա»,- գրում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Ի պատասխան Արեւմուտքի կողմից գործադրվող պատժամիջոցների հերթական փաթեթի՝ Ռուսաստանն էլ իր հերթին «սեւ ցուցակ» է կազմել Եվրոպական երկրների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ: Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերին վերապատրաստող Եմ երկրների իրավապահ մարմինների ղեկավարության, Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող ԵՄ երկրների կառավարության ու առեւտրային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԵՄ երկրների քաղաքացիների մասին է, որ համակարգված ու հրապարակային հակառուսական հայտարարություններով են հանդես գալիս:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 




Լրահոս