Լուսանկարը՝ համացանցից
Երեկ մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 104-րդ տարեդարձն էր:
Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երեւանում՝ Վանից գաղթած ընտանիքում: Սովորել է Երեւանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում: 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ «Պատասխան՝ Թումանյանին»:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Գրավատունը վաճառել է ոսկյա իրերս չմուծված պարտքի եւ տույժերի համար ու էլի գումար է պահանջում. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Նաիրա Յավրյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ հարկ է ուսումնասիրել Ձեր եւ գրավատան միջեւ կնքված գրավի պայմանագիրը, որով կարգավորված են բոլոր հարցերը: Պայմանագիրը ուսումնասիրելուց հետո անհրաժեշտ է քննարկել, թե որքանով են գրավատան այդ պահանջները եւ ցուցաբերած վարքագիծը համապատասխանում պայմանագրին եւ գործող օրենսդրությանը: Պետք է պարզել նաեւ, թե ինչ գումարով են վաճառել ոսկյա իրերը, եւ երբ են դրանք վաճառվել: Հաճախ գրավատները ոսկյա իրերը վաճառում են գրավադրված ոսկյա իրերի գնահատված արժեքից ավելից ցածր գումարով, որն էլ առաջ է բերում պարտքի ոչ ամբողջական մարում: Որոշ դեպքերում էլ գրավատունը սպասում է, որ կուտակվեն որոշակի չափով տույժեր ու տուգանքներ, ու հետո նոր իրացնում է ոսկյա իրերը: Եթե ոսկյա իրերը վաճառվել են ոչ այն արժեքով, որը նախապես գնահատվել է գրավ դնելիս, իսկ ոսկյա իրերը վաճառելիս էլ Ձեզ նախօրոք չի ծանուցել, չի հայտնել, որ Ձեր ոսկյա իրերը վաճառքի է հանում, եթե գրավատունը Ձեր՝ պարտավորությունները չկատարելու պահից հետո ողջամիտ ժամկետում չի վաճառել ոսկյա իրերը, ապա նման իրավիճակում առկա է գրավատան կողմից պայմանագրի եւ ՀՀ օրենսդրության պահանջների խախտում: Նման իրավիճակում կարող եք Ձեր այդ ֆինանսական խնդիրները գրավատան հետ լուծելու նպատակով դիմել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ ներկայացնելով Ձեր խնդիրը գրավատան հետ, եւ խնդրել նրանց միջամտությունը:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ եթե գրավատունն արդեն իսկ դիմել է դատարան, ապա պետք է Ձեր այդ առարկությունները գրավոր եւ բանավոր կերպով ներկայացնեք դատարան՝ հայտնելով, որ գրավատունը դրսեւորել է անբարեխիղճ վարքագիծ՝ դիմումում նկարագրելով եւ շարադրելով Ձեր փաստարկները: Դատարանը քննության կառնի Ձեր առարկությունները եւ կորոշի, թե որքանով է հիմնավոր գրավատան պահանջը Ձեր հանդեպ:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Փոփոխություններից հետո դեղատունը չի վաճառում դեղեր առանց դեղատոմսի, իսկ բժիշկս արձակուրդում է. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Սուսաննա Պողոսյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկ է ընդգծել, որ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսով բաց են թողնվում հակավարակային դեղերը, հուլիսի 1-ից` ներարկման համար նախատեսված դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից` դեղատոմսով բաց թողնվող մնացած բոլոր դեղերը:
Դեղատոմսով դեղեր վաճառելու իմաստն այն է, որ բժիշկը, դեղատոմս գրելով, ապահովում է պացիենտին նշանակված դեղերի ճշգրիտ եւ կանոնակարգված օգտագործումը, պացիենտի հետ հետեւողական եւ շարունակական աշխատանքը, բուժման ընթացքի հսկողությունը, ինչը հանդիսանում է բուժման արդյունավետության բարձրացման կարեւոր գրավական:
Եթե դեղատունը առանց դեղատոմսի մերժել է վաճառել դեղը, որի պատճառով դեղատոմսը դարձել է շտապ անհրաժեշտ դեղը ձեռք բերելու համար, իսկ բուժող բժիշկը բացակայում է, ապա նման դեպքում Դուք կարող եք դեղատոմս ստանալու համար դիմել Ձեր պոլիկլինիկա՝ փոխարինող բժշկին, կամ դիմել ցանկացած բժշկական հաստատություն, ստանալ բժշկական խորհրդատվություն, որից հետո բժիշկը կարող է նշանակել դեղատոմս: Ընդ որում՝ Դուք կարող եք դիմել ինչպես այլ բուժհաստատությունում աշխատող անծանոթ, այնպես էլ Ձեզ համար ծանոթ բժիշկների, քանի որ դեղատոմս գրելու իրավունք ունեն բոլոր բուժող բժիշկները: Պետք է նկատի ունենալ, որ շտապօգնության բժիշկները չեն կարող եւ իրավունք չունեն կանչի ժամանակ դեղատոմս դուրս գրել քաղաքացու համար:
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է հիշել եւ նկատի ունենալ, որ պացիենտը դեղատոմսն իր պոլիկլինիկայից ստանում է անվճար, իսկ այլ բժշկական հաստատություն դիմելու դեպքում պետք է վճարի միայն բժշկական խորհդատվության համար, իսկ առանձին դեղատոմսերի համար չպետք է վճարի: Դեղատոմս դուրս գրելուց բժիշկը իրավունք չունի ուղղորդել կամ պարտադրել պացիենտին դեղը գնել իր ասած դեղատնից կամ գնել հենց իր կողմից մատնանշված ապրանքանիշի դեղը: Դեղատունը եւ դեղի ապրանքանիշը ընտրելը պացիենտի իրավունքն է: Ավելին՝ կարող եք դեղը գնել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած դեղատնից, առանց որեւէ տարածքային սահմանափակման: Դեղատոմսը դուրս գրելուց հետո դրանով որոշ տեսակի դեղերի համար դեղատոմսի գործողության ժամկետը 6 ամիս է, իսկ որոշների դեպքում՝ 10 օր, որի մասին նշում է առկա լինելու դեղատոմսի վրա: