ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձեւի նախագիծը նաեւ նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես առաջարկվում է.
-Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանն օժանդակություն։
-Միջազգային գործընկերների եւ Արցախի իշխանությունների հետ համագործակցություն՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ։
-Նախագահի կողմից 907-րդ բանաձեւի պահանջների անհապաղ կատարման ապահովում եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգային աջակցության դադարեցում։
-Նախագահի կողմից Արցախի շրջափակման եւ մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառում։
-Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչության համար ամերիկյան հումանիտար օժանդակության ապահովում՝ ներառյալ Արցախում USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գրասենյակի բացում։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանձնախմբի եւ վերջինիս դաշնակից համայնքային այլ կազմակերպությունների անունից ողջունել է բանաձեւի նախագծի ներկայացումը եւ նկատել, որ դրա անցկացման շուրջ երկկուսակցական կոնսենսուս ապահովելու ուղղությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականանցել, որպեսզի խափանվի Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունը։
ԱՄՆ կենգրեսականներին ուղղված Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրենսդիրներին խրախուսել է հովանավորել բանաձեւի նախագծի առաջխաղացումը՝ ավելացնելով. «Ալիեւի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու եւ նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ եւ ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»: Փալոնը նաեւ պնդել է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի եւ օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի»:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային լայն համախմբմամբ, շարունակում է աշխատանքները՝ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը նպաստելու եւ, առհասարակ, իր քաղաքական առաջնահերթությունները կենսագործելու ուղղությամբ, որոնցից մի քանիսը ներկայացված են հիշյալ բանաձեւի նախագծում։
Ո՞Վ Է ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ
Երեկ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար նշանակվեց Վահան Կոստանյանը, որը նախկինում նախարարի խորհրդական էր։ Նկատենք՝ նա իշխանության հերթական կադրերից է, որն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Նախորդ տարի ԱԺ նիստում այս մասին հայտնել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընթերցելով ՊՆ-ից ստացված իր հարցման պատասխանը: Մանուկյանը հիշեցրեց, որ Վահան Կոստանյանը 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար երեք տարի ժամկետով տարկետման իրավունք էր ստացել, այդ ընթացքում եղել է խորհրդարանի նախագահի օգնականն ու խորհրդականը:
«Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարցրել էի՝ արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է զինված ուժեր, թե ոչ, որովհետեւ հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական: ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից՝ օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Ներկաներն էլ արձագանքել էին, թե հիվանդության պատճառով։
Նշենք, որ հեղափոխությունից հետո Կոստանյանը Արարատ Միրզոյանի հետ պաշտոններ է ստանում։ Նա առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր հենց գիտությամբ զբաղվելու համար։ Ապա Կառավարությունը 42 քաղաքացու, այդ թվում՝ Վահան Կոստանյանին տարկետման իրավունք էր տվել ասպիրանտուրայում ուսանելու համար:
Դրանից հետո Կոստանյանը նշանակվեց Արարատ Միրզոյանի՝ այդ ժամանակվա ԱԺ նախագահի օգնական, ապա` խորհրդական, ապա նրա հետ եկավ ԱԳՆ։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր գրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում: Հենց Կոստանյանն է արտոնում ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապվող բոլոր տեքստերը, այդ թվում՝ թե՛ միջազգային գործընկերներին ուղղված արձագանքները, թե՛ մամուլի առանձին հաղորդագրությունները:
«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական պատգամավորները, արտգործնախարարության աշխատակիցներն ու ընդհուպ վարչապետ Փաշինյանի աշխատակազմը իրենց հայտարարությունները, տեքստերը այդ քննարկումների համար նախատեսված խմբում են տեղադրում, որ Կոստանյան Վահանն աչքի տակ անցկացնի, իր համաձայնությունը տա, ապա նոր հրապարակվեն դրանք»,- ասել էր ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹ ՉԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
2019թ. սեպտեմբերից գրեթե երեքուկես տարի Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է Անուշավան Մակարյանը։ Նրան հարցրի, թե դա աշխատանքային օրենսդրության խախտում չէ արդյոք. ասաց, որ, իր կարծիքով, ոչ, ինքը պաշտոնավարում է՝ իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն։ Ե՞րբ է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարվելու։ Ա. Մակարյանը պատասխանեց, որ այդ հարցով պետք է դիմել Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին։ Որպես համալսարանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար՝ Ա. Մակարյանի պաշտոնավարման օրոք ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում Մանկավարժություն մասնագիտության գծով մագիստրատուրան սովորում են բուհի Իջեւանի մասնաճյուղում, ինչը, որոշ գիտնականների կարծիքով, Իջեւանի մասնաճյուղում բակալավրիատն ավարտածներին հնարավորություն չի տալիս Երեւանում՝ մայր բուհում մասնագիտական կրթության որակական աճ ունենալ։ Այդ կապակցությամբ Ա. Մակարյանն ասաց, որ Մանկավարժություն մասնագիտության մագիստրատուրայում դասավանդելու համար Երեւանից Իջեւան են ժամանում գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, մագիստրատուրա ավարտածներին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն է գնահատում։ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրինության դեմ քիչ չեն դատական հայցերը, ներկայումս որքա՞ն է այդ հայցվորների թիվը։ Այդ հարցին Ա. Մակարյանը չպատասխանեց՝ խորհուրդ տալով մնացած հարցերը գրավոր ներկայացնել։
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՉԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ
Հունվարի 21-ին Տավուշի մարզում իր ծառայությունը սկսեց պարեկային ծառայության ստորաբաժանումը։ Դրա հետեւանքով անցած շաբաթում նվազել են մարզի գազալցակայաննների եւ բենզալցակայանների եկամուտները։ Մարզի բազմաթիվ բնակիչներ, որոնք տրանսպորտային միջոցներ ունեն, բանկերում չմարած վարկեր ունեն, դրամական միջոցների սղության պատճառով չեն կարողացել իրենց ավտոմեքենաների տեխնիկական զննում անցկացնել, պարեկների կողմից արձանագրություն կազմելուց վախենալով՝ խուսափում են վարել իրենց տրասպորտային միջոցները եւ դրանք լիցքավորել։ Մարզի գյուղերի շատ բնակիչներ դաշտային աշխատանքներ, անասնակեր խոտ, անտառից փայտ տեղափոխելու համար ունեն տրանսպորտային միջոցներ, որոնք չունեն պետական համարանիշներ։ Պարեկային ծառայության աշխատողներից խուսափելու համար այդ տրանսպորտային միջոցների տերերը դրանցով ճանապարհ դուրս չեն գալիս։ Գարնանը, երբ մեկնարկեն գյուղատնտեսական աշխատանքերը, այդ տրանսպորտային միջոցների տերերը չեն կարողանալու տրանսպորտով դաշտերը մեկնել, տեխնիկայով այնտեղ գործեր անել։ Առաջիկայում դոմինոյի էֆեկտով վատանալու են նաեւ ավտոպահեստամասեր վաճառոողների գործերը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ