Լուսանկարն արվել է Մարտունիում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի Ա. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Գառնիկի Հովհաննիսյանի, Ռադիկ Էդգարի Թաթոսյանի եւ Վահե Թովմասի Ասատրյանի անունները կրող հուշասենյակի բացման արարողությունը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ցանկանում եմ օրինականացնել 1990-ականներին հորս կառուցած տունը. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Մարիաննա Լեւոնյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ նպատակով անհրաժեշտ է առնվազն երեք հարեւաններից վերցնել հավաստում այն մասին, որ այդ տունը կառուցվել է 1990-ական թվականներին Ձեր հոր կողմից, որը պետք է ներկայացնեք Ձեր հասցեն սպասարկող համատիրություն, իսկ համատիրության բացակայության դեպքում՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկանք այն մասին, որ տունը կառուցված է 1990-ական թվականներին։ Դրանից հետո անհրաժեշտ է դիմել մասնագիտացված չափագրական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ պատվիրելով Ձեր սեփական տան ամբողջական չափագրում։ Այնուհետեւ անհրաժեշտ է չափագրական եզրակացությունը, տեղեկանքը, հողամասի սեփականության իրավունքի վկայականը, բնակելի տան լուսանկարները ներկայացնել քաղաքապետարան՝ խնդրելով թույլատրել օրինականացնել կառուցված ինքնակամ շինությունը։
ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համայնքի ղեկավարը պարտավոր է Ձեր դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում կայացնել ինքնակամ շինությունը օրինականացնելը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում։
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ամուսնուս սպանության գործով ես ներգրավված եմ որպես իրավահաջորդ, բայց ինձ չեն հարցաքննում, իսկ հանցագործներին մեղադրանք չի առաջադրվում. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Հասմիկ Սեդրակյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք կարող եք վերոնշյալ Ձեր իրավունքներից օգտվել անարգել՝ այդ մասին դիմումներ եւ միջնորդություններ հասցեագրելով քննիչին։ Օրինակ՝ եթե Դուք ցանկանում եք որպես տուժող ցուցմունք տալ, իսկ քննիչը չի ցանկանում, ապա գրավոր դիմում ներկայացրե՛ք քննիչին, դիմումը մուտքագրե՛ք քննչական բաժնի քարտուղարություն, եւ քննիչը ստիպված կլինի Ձեզ կանչելու հարցաքննության։ Հարկ է նշել, որ քննիչն ինքն է որոշում, թե նախաքննության ընթացքում ինչպիսի քննչական գործողություններ պլանավորի եւ իրականացնի, սակայն ստանալով Ձեր դիմումը՝ քննիչը պարտավոր է 7-օրյա ժամկետում կայացնել որոշում՝ Ձեզ հարցաքննելու կամ դա հետաձգելու մասին։ Միաժամանակ, Դուք իրավունք չունեք ծանոթանալ նախաքննության այն տվյալների կամ նյութերի հետ, որոնք Ձեր մասնակցությամբ չեն կազմվել կամ ձեռք բերվել, քանի որ դրանք համարվում են նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ եւ ենթակա չեն տրամադրման կամ ծանոթացման տուժողի իրավահաջորդին։
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձը կարող է քրեական գործում ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ, եթե տուժած անձը հանցագործության կատարման արդյունքում մահացել է։ Տուժողի իրավահաջորդն ունի մի շարք իրավունքներ, որոնցից կարող է օգտվել։ Մասնավորապես, տուժողի իրավահաջորդն իրավունք ունի ծանոթանալ հանցագործություն կատարած անձանց առաջադրված մեղադրանքին, քրեական գործով տալ ցուցմունքներ եւ բացատրություններ, ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար, հայտնել բացարկներ քննիչին, որը, ըստ նրա, կողմնակալ է կամ ցուցաբերում է անգործություն, հարուցել միջնորդություններ (վկաներ հարցաքննելու, ապացույցներ առգրավվելու, խուզարկություններ կատարելու, տեսանյութեր առգրավվելու եւ հետազոտելու եւ այլն), առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրության մեջ, ինչպես նաեւ դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ։