ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017թ.-ից ի վեր։ Ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազը «Հաց բերողին» կալանքի տակ պահելու հարցում առանձնացրել է միայն Չարչյանին, մինչդեռ բազմիցս բարձրացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը:
Ըստ հրապարակումների՝ Հովսեփյանը պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Հիշեցնենք՝ դեռ 2019-ի մայիսի 14-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակավ ԱԺ ամբիոնից հայտարարել էր. ««ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում երբ իրականացվեց 2-րդ փորձաքննությունը, եւ ասվեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չունի «Հաց բերողը», կարճ ժամանակ անց եզրակացություն տվող բաժնի պետը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն»:
Հիմա, պարզվում է, փորձագետները սխալվել են, մեղավորն էլ ԱԺ պատգամավոր Չարչյանն է:
Արդա՞ր է արդյոք, որ այսօր իրավապահների տեսադաշտում հայտնվել է միայն ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանը, իսկ Արգամ Հովսեփյանի մասով որեւէ գործընթաց չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արգամ Հովսեփյանը արդարացավ. «Ընդհանրապես, փորձաքննությունները իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում՝ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան: Այդ պահանջներին համապատասխան կատարվել է փորձաքննություն: Ես փորձագետ հանդես չեմ եկել այդ փորձագիտական հանձնաժողովի կազմում, այդ փորձաքննության կատարումը ինձ՝ որպես փորձագետի հանձնարարված չի եղել 2017 թվականին»:
Մեր դիտարկմանը, թե ինչպես ստացվեց, որ այդ փորձաքննությունից հետո հետագայում նույն կառույցի ղեկավար նշանակվեց, վերջինս նշեց. «Ես 2017-ին այդ կառույցի ղեկավար չեմ եղել»:
Ամեն դեպքում, Արգամ Հովսեփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Կրկնում եմ ՝ տվյալ փորձաքննությունը կատարվել է օրենսդրական բոլոր նորմերի տառի եւ ստորակետի պահպանմամբ:
Իրավական գործընթացներ են գնում ու պետք է գնան, որպեսզի պարզ լինի՝ որը որից հետո է»:
Ի՞նչ է ստացվում. ՊՈԱԿ-ի տնօրենը պնդում է, որ փորձաքննությունը օրենքի տառին համապատասխան է իրականացվել, սակայն Արմեն Չարչյանին մեղադրում են՝ նույն եզրակացության հիմքով: Այս դեպքում կա՛մ պետք է Չարչյանը արդարացվի, կա՛մ պետք է նրա հետ մեղադրյալի աթոռին հայտնվի նաեւ Արգամ Հովսեփյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե այս օրերին ինչ իրավիճակ է դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում: Հունվարի 19-ին փաստաբան Արսեն Բաբայանի կողմից տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան: Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է օրենքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորների մոտ անկեղծացել է իր կատարած գործողությունների մասով եւ ինքնախոստովանություն արել, որ, որպես փաստաբան, թող դատավորները որոշեն իր ճակատագիրը: Այս օրերին ՍԴ դատավորները փակվել են իրենց սենյակներում, եւ միգուցե մի օբյեկտիվ դատավոր գտնվի, որ Սեդա Սաֆարյանի մասով դիմում ներկայացնի ՍԴ նախագահին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի, եւ քննվի նրա վարքը: Սա միակ տարբերակը չէ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները ներքին խոսակցություն են ունեցել, որ Ազգային ժողովը եւս կարող էր մամուլում տեղ գտած տեղեկության մասով դիմում ներկայացնել ՍԴ եւ պարզաբանում պահանջել՝ եղել է արդյոք նման բան, թե ոչ: Նկատենք՝ նման բան ԱԺ-ն կարող է անել 3/5-րդով, այսինքն՝ 64 ձայնով, ինչը ընդդիմությունը չունի, ՔՊ-ն էլ դժվար իր սիրելի դատավորի օրինախախտմանը ադեկվատ արձագանք տա:
Կառավարությանը ենթակա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից: Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում: Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո ի վերջո այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից երկուսուկես ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը: Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին հսկելու գործառույթը: Տեսչական մարմնում այնքան էլ ոգեւորված չեն այդ հանգամանքով, եւ խոսվում է, որ Սլավիկ Սարգսյանն առանձնապես փորձ չունի, անտեղյակ է տեսչական մարմնի գործառույթներից: Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությանն ի վերջո հաջողվեց հեռացնել Հակոբ Ավագյանին աշխատանքից եւ ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահել Սարգսյանին, որը թերեւս լավ է կատարել ներսում ղեկավար կազմին հսկելու իր գործառույթը եւ «պարգեւատրվել» դրա համար: Միայն ղեկավարի պաշտոնը չէ, որ թափուր է այդ կառույցում: Ըստ տեսչական մարմնի հաստիքացուցակի՝ ղեկավարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին երկու հաստիքն է զբաղեցված, համենայնդեպս, այդ մասին են վկայում կառույցի պաշտոնական կայքում տեղ գտած տվյալները:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում 14.2 տոկոսով աճել է՝ 2021 թվականի հետ համեմատ: Արձանագրենք նաեւ, որ մեկ տարվա ընթացքում առեւտրաշրջանառության ծավալներն են ավելացել 17 տոկոսով: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ չի հասցրել «հպարտանալ» ՏԱՑ ցուցանիշներով: Ծանոթանալով այս թվերին՝ հարց է առաջանում՝ արդյոք մենք ապրում ենք երջանիկ, բայց տեղյակ չենք: Գուցե Վիճակագրական կոմիտեն թվանկարչությա՞մբ է զբաղվել: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համապատասխանում են հրապարակված ցուցանիշները մեր իրականությանը. «Համապատասխանում է, բայց պետք է ճշտել, թե որ իրականությանը: Տեսեք, թե այդ ակտիվություններն ինչի հետեւանք են՝ ռուս-ուկրաինական պատերազմի եւ դրանով պայմանավորված 300.000 ռելոկանտների ու նրանց փողերի ու գրանցած աշխատատեղերի ու ներդրումների, երկրորդը՝ սարսափելի մեծ, առասպելական 5 տրիլիոն 300 մլրդ դոլարի խաղադրույքների, օֆշորային, հիմնականում՝ կասկածելի ծագումնաբանությամբ փողերի ներհոսքի, եւ դա եւս պետք է ստուգաբանվի, պարզաբանվի: Եթե Վիճակագրական կոմիտեն իսկապես ազգային է, ապա պետք է այդ ամբողջը բացված ներկայացնի՝ կոնկրետ որ կղզիների որ բանկերի որ հաշիվներից են հորդում Հայաստան այդ տրիլիոնները: Եւ, այո, կարող է դառնալ 144 տոկոս էլ, բայց, ինչ, դա վիրտուալ, ըստ էության որեւիցե բան չտվող ակտիվություն է, ընդ որում՝ ոչ ՀՀ ռեզիդենտների. դա հիմնականում ոչ ռեզիդենտների ստեղծած, այսպես ասած, ալիքն է, որը ինչպես բարձրանում է, այնպես էլ կարող է շատ արագ իջնել»: Տնտեսագետի խոսքով՝ աղքատությունը գրեթե 80 տոկոսով աճել է, իսկ բնակչության գերակշիռ մասը կյանքի որակի հետ կապված խնդիրներ ունի: