Կառավարությունն իր վերջին նիստի ժամանակ հերթական անգամ չզեկուցվող հարցերի թվում ավելացրել է ուժային կառույցներում աշխատող եւ պաշտոնյաների անվտանգությունն ապահովող ծառայողների համար ֆինանսական հատկացումների չափը: Կառավարության վերջին նիստի ժամանակ ընդունված որոշումը վերաբերում է Պետական պահպանության ծառայության զինվորական ծառայողներին. նրանց համար կսահմանվի լրավճար, ինչը մինչեւ հիմա չէր եղել։
Նշենք, որ այս փոփոխությունը կառաջացնի շուրջ 8.6 մլն դրամ գումարի չպլանավորված լրացուցիչ ծախս բյուջեից։ Ուշագրավ է, որ Արմեն Աբազյանի ղեկավարած կառույցում առաջարկել են ՊՊԾ-ի զինվորական ծառայողների համար նախատեսել լրավճար, սակայն չեն ներկայացրել դրա համար անհրաժեշտ հիմնավորումները։
ՊՊԾ զինվորական ծառայողների համար լրավճարներ սահմանելու նախագծի վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը, ըստ որի՝ նախագծին կից հիմնավորման մեջ բացակայում են լրավճարներ սահմանելու նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք դարձած վերլուծությունները եւ հիմնավորումները:
Ներկայացված չի եղել նաեւ դա ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորող որեւէ փաստարկ, ինչի արդյունքում հնարավոր չէ լիարժեք գնահատել նախագծով առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը եւ նպատակադրումը:
Չնայած Ֆինանսների նախարարության առարկությանը՝ նախագիծն ընդունվել է, եւ բյուջեն 8.6 միլիոն դրամով ծանրաբեռնվել է պաշտոնյաների անվտանգությամբ զբաղվող ՊՊԾ ծառայողների համար։
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որպես կանոն չզեկուցվող հարցերից մեկով ընդունվեց Պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու եւ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ որպես առանձին մարմին դարձնելու նախագիծը։
Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՊՊԾ-ն ուղիղ Փաշինյանի ենթակայության տակ դնելու անհրաժեշտությունը պատճառաբանեց, թե անվտանգության ապահովման կարողությունները բարձրացնելու նպատակով է արվում, եւ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը մինչեւ 100 տոկոս բարձրացնելու վրա:
Կառավարությունը նոյեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցով էր Պետական պահպանության ծառայությունն առանձնացրել Ազգային անվտանգության ծառայությունից. այն դարձավ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող մարմին։
Այս մասին նույնպես Կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով. «Մի կարեւոր փոփոխություն էլ ենք անում. նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի»։
«Սրանով Ազգային անվտանգության ծառայությանն իր բուն գործառույթների վրա կենտրոնանալու հնարավորություն է տրվում, որովհետեւ պետք է ԱԱԾ-ն զբաղվի երեք հիմնական ուղղություններով՝ հետախուզություն, հակահետախուզություն եւ ահաբեկչության դեմ պայքար»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության դրույթն այնպես, որ պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
Այս դրույթը գործելու է՝ օրենքն ընդունելու պահից սկսած:
Նախագծով ծառայության պետի եւ վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական՝ վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաեւ քաղաքացիական անձանց կողմից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԵԼԳԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը:
«Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», – նշված է գրառման մեջ:
ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԵՐ
Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական եւ կրելու են նաեւ անակնկալ բնույթ։ Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության եւ բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցերի ընթացքում պաշտպանության նախարարը նաեւ անմիջական զրույցներ կունենա զինվորների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու խնդիրները։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը երեկ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, International Committee of the Red Cross) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:
Հանդիպմանը քննարկվել են «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ: Անդրադարձել են նաեւ համագործակցության հարցերի:
ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ
Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի եւ միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձեւը։
Բանաձեւում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին, եւ դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական եւ մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։
Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ Ֆրանսիա) ստորագրած եւ նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրեւիչուսի (Petras AUŠTREVICIUS/Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա՝ hստակ քննադատվում է նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԻՑ
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ դռնփակ նիստից:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նիստը թեեւ բավականին բուռն է անցել, բայց առանձին միջադեպեր չեն եղել: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հիմնականում քննարկել են հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ խմբակցության ռազմավարության հետ կապված հարցեր:
Փաշինյանը ՔՊ-ականներին հորդորել է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստի ժամանակ զգուշավոր լինել, շատ կոշտ հայտարարություններ չանել եւ ավելի չսրել առանց այն էլ լարված իրավիճակը:
Տեղեկացանք նաեւ, որ երեկվա նիստին ընդդիմադիրների մասով վերջնական որոշում չի եղել, կարծիքներ են փոխանակել ՔՊ-ականները. վերջնական որոշում լինելու է փետրվարի 6-ի՝ խմբակցության նիստի ժամանակ:
Ինչ վերաբերվում է ՄԻՊ թեկնածուի առաջադրմանը, ապա այդ հարցով երեկ քննարկում չի եղել:
ՀԱԿԸՆԴԴԵՄ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Բաքուն երեկ Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել ադրբեջանական տարածքների ականապատումը։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովն էր, որը ՄԱԿ-ի դատարանում ունեցած իր ելույթում պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։
Նրան, սակայն, հակադարձել է Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ սա Ադրբեջանի հերթական փորձն է ուշադրությունը շեղել իր չարագործություններից։
Հայաստանի ներկայացուցիչն ընդգծեց՝ թեեւ Բաքուն խոսում է ամիսներ առաջ տեղի ունեցած երեւույթների մասին, այդուհանդերձ այս միջնորդությունն Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի դիմումից ընդամենը 6 օր անց։
Հաագայի դատարանում դատավորները լսել են նաեւ հայկական կողմի բողոքը՝ ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել եւ պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաեւ անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։
Հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին: Դատարանը լսումների ավարտին հայտնեց, որ հնարավորինս արագ կտեղեկացնի որոշումների հրապարակման ժամկետների մասին: