ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհին

 

Կոտայքի մարզում փետրվարի 1-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, ճանապարհը սպասարկող ճանշինի անգործության եւ փնթի աշխատանքի հետեւանքով բախվել են Lexus RX եւ Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով տուժածներ չկան: Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ, ճանաչված Ավետիք Չալաբյանը եւ «Արար» հիմնադրամի տնօրեն, սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Հարեւանս իր պարսպին տեսախցիկ է տեղադրել ու նկարահանում է իմ տան մուտքը։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Կարինե Նազարեթյան (57 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր մասնավոր տարածքը ներառող տեսանկարահանումը, օրինակ՝ Ձեր տան մուտքը կամ պատուհանը, կարող է իրականացվել միայն Ձեր համաձայնությամբ։ Ի՞նչ անել այն դեպքում, երբ Դուք Ձեր մասնավոր տարածքը ներառող վիդեոտեսանկարահանման համար համաձայնություն չեք ներկայացրել։

-Անհրաժեշտ է դիմել հարեւանին կամ վիդեոտեսանկարահանումը տնօրինող անձին եւ պահանջել, որ վիդեոտեսանկարահանումն իրականացվի այնպես, որ դա չներառի Ձեր մասնավոր տարածքը։

-Եթե Ձեր պահանջը չի իրականացվում, եւ Ձեր մասնավոր տարածքը ներառող վիդեոտեսանկարահանումը չի վերացվում, ապա անհարժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ, եւ պարտավորեցնել Ձեր հարեւանին վերացնելու Ձեր մասնավոր տարածքը ներառող վիդեոտեսանկարահանումը։

Այդ նպատակով անհրաժեշտ է, նախ, մի քանի անկյուններից նկարել տեղադրված տեսախցիկի դիրքը, նկարել այնպես, որ նկարի մեջ երեւա, որ տեսախցիկի տեսադաշտում է գտնվում նաեւ Ձեր տունը, տան մուտքն ու ելքը կամ պատուհանը, որից հետո անհրաժեշտ է այդ լուսանկարները կցել դիմում-բողոքին։

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վիդեո եւ տեսանկարահանող սարքավորումների օգտագործումը եւ այդ տարբերակով անձի վերաբերյալ տեղեկության հավաքումն առնչվում է անձի անձնական, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին։ Այս իրավունքը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինձնից պահանջում են աշխատել ավելի, սակայն հրաժարվում են վճարել դրա դիմաց. ի՞նչ անել:

Հայկ Մարգարյան (21 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գործատուի կողմից Ձեզ արտաժամյա աշխատելու պահանջ ներկայացվելու դեպքում, նախ, պետք է նրանից պարզել, թե ինչու է ցանկանում, որ Դուք արտաժամյա աշխատեք, եւ քանի ժամ է պահանջում։ Եթե արտաժամյա աշխատելու պատճառները հիմնավոր չեն եւ չեն բխում աշխատանքային օրենսդրությունից, ապա Դուք կարող եք հրաժարվել արտաժամյա աշխատանքից, իսկ եթե համա­ձայնել եք, ապա պետք է գործատուին հայտնեք, որ դրա համար Ձեզ հավելում պետք է վճարի։ Նպատակահարմար է, որ Դուք յուրաքանչյուր անգամ ուշադիր հաշվեք, թե կոնկրետ որ օրը որքան եք արտաժամյա աշխատել, եւ պահանջեք գործատուից, որ արտաժամյա աշխատանքի կատարումը գրանցվի հաշվապահությունում։ Եթե գործատուն չի վճարել կամ հրաժարվում է վճարել արտաժամյա աշխատանքի համար վարձատրությունը, ապա անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով (պատվիրված եւ հետադարձ ծանուցմամբ) դիմում-պահանջ ուղարկել նրան՝ պահանջելով վճարել վարձատրությունը, իսկ չվճարելու դեպքում՝ դիմել դատարան՝ ընդդեմ գործատուի։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն պետք է նախօրոք այդ մասին տեղեկացնի աշխատողին։ Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Աշխատողին ավել աշխատած ժամերի համար հավելումները պետք է հաշվարկվեն եւ վճարվեն հիմնական աշխատավարձի հետ միասին յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

 

 

 




Լրահոս