ԿՍՏԵՂԾՎԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

 

Նախագծերի նպատակը բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Նախագծերով  հստակեցվում են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ եւ իրականացնելու է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը եւ ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Հիշեցնենք, որ ներկայում շրջանառության մեջ է գտնվում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է գիտության եւ բարձրագույն կրթության բնագավառներում պետական միասնական քաղաքականության ապահովմանը, եւ վերջինիս իրականացման համար եւս անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ: Սրան զուգահեռ՝ գիտական աստիճանաշնորհման համակարգում պետական քաղաքականությունը միտված է աստիճանաշնորհման գործընթացի վերանայմանը եւ դեպի բուհական համակարգ տեղափոխմանը, ինչի արդյունքում փոփոխվելու են աստիճանաշնորհման ընթացակարգերը, եւ նվազեցվելու է գործընթացում պետության ներգրավվածության աստիճանը:

Վերոնշյալ գործառույթները նոր ձեւավորվող Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին փոխանցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում:

««Գիտական եւ գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծով նաեւ առաջարկվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ, մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող», «գիտական դրամաշնորհ» եւ «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները: Ոլորտի ֆինանսավորման «պայմանագրային (թեմատիկ)» ձեւի անվանումն առաջարկվում է փոխել «գիտական դրամաշնորհային» ձեւակերպմամբ` այն համապատասխանեցնելով ֆինանսավորման նոր ձեւին: Նոր նախագծով նաեւ կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության եւ թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը: Այսպիսով, պետական բյուջեի հաշվին գիտական աստիճանի համար հավելավճար նախատեսվում է տրամադրել միայն պետական ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտում հիմնական աշխատանքի անցնելու/մնալու համար: Իսկ 70 տարին լրացած եւ պետական գիտական ու գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող եւ վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց նախատեսվում է կենսաթոշակից բացի տրամադրել ամենամսյա հավելավճար` գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:

Փոփոխությունների նպատակը որոշակի սոցիալական երաշխիքների եւ հիմքերի ստեղծումն է` ոլորտում սերնդափոխության իրականացման համար: Նախագծով նախատեսվում է գիտական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավելի տեւողությամբ մասնագիտական վերապատրաստման ընթացքում ֆինանսավորումը կազմակերպել միջազգային շարժունության ծրագրերի նմանությամբ` ֆինանսական աջակցությամբ (scholarship): Նախագծով նաեւ լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման արդի վիճակին եւ միջազգային չափանիշներին, կնպաստի ոլորտների առաջընթացին եւ դինամիկ զարգացմանը:

 

 

 

ՀԱՃԱԽ ԴՐՎՈՂ ԱՆՈՒՆՆԵՐ

Մեր հանրապետությունում վերջին տարիներին նորածիններին հաճախ տրվող անուններն են Դավիթն ու Նարեն։ ?ետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել նորածիններին հաճախ տրվող անունների ցանկում: Մեզ հայտնի դարձավ, որ ցանկում հայտնվել են Սյունե, Ամելի անունները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարի հանրապետությունում ծնվել է 17 հազար 158 աղջիկ, ինչը 408-ով պակաս է՝ 2021 թվականի համեմատ։ Փոխարենն ավելացել է լույս աշխարհ եկած տղաների թիվը. նախորդ տարվա ընթացքում ծնվել է 19 հազար 195 տղա, 2021 թվականի հետ համեմատ՝ 138-ով ավելի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022 թվականին 1257 տղայի անվանել են Դավիթ, 711 աղջկա՝ Նարե։ Ցանկի երկրորդ տեղում Նարեկ անունն է։ Նախորդ տարի Նարեկ անուն տվել են 957 տղաների, իսկ, ահա, աղջիկների համար անունների ցանկի երկրորդ տեղում Արփին է, ինչպես անվանել են 540 աղջիկների։ Արփիին հաջորդում է Մարիան, Մանեն, Լյուսին, Մարին, Անահիտը, Անգելինան: Նշենք, որ աննունների ցանկի 8-րդ տեղում Մարիամ անունն է, որով անվանել են 343 աղջիկների: Ցանկի 10-րդ հորիզոնականում Եվա անունն է, որը տրվել է 324 աղջիկների: Եվային հաջորդում են Աննա, Անի, Լուսե, Նանե, Միլենա, Էվա, Սոֆի անունները: Ի դեպ, նախորդ տարի ցանկում հայտնվել է Սյունե անունը: Այն, ի դեպ, առավել տարածված է Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Անցյալ տարվա ընթացքում Սյունե անվանել են 90 աղջկա, Ամելի՝ 191: Տղաների անունների ցանկի երրորդ տեղում Հայկ անունն է (611), չորրորդում Մոնթեն է (577), հինգերորդում՝ Տիգրանը (546)։ Տղաների անունների թոփ տասնյակում են հայտնվել նաեւ Արեգ, Մարկ, Միքայել, Դանիել, Ալեքս անունները: Ի դեպ, ցանկի 11-րդ տեղում Լեո անունն է, որով անվանել են 384 տղաների:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԵՆԹՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 3-ի N 09-Լ հրամանով հաստատվել է մենթոր դպրոցների ցանկը: Մենթոր դպրոցները ՀՀ դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում 2023 թվականին հանրակրթության պետական չափորոշչի ներդրման նպատակով իրականացնելու են վերապատրաստումներ:

Ընտրվել է Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի (բացի Տավուշից) 38 դպրոց:

 

 

 

ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԴԺԿԱՄՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Այս տարվա մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այդ վարժական հավաքներին կմասնակցեն 20-55 տարեկան պահեստազորայինները. վարժանքները կլինեն 25 օրով։ Տավուշի մարզի համայնքապետարանների համապատասխան աշխատակիցները զանգահարում են իրենց համայնքների բնակիչներին, ճշտում նրանց գտնվելու վայրը, որպեսզի նրանց անունով ծանուցագրեր ուղարկվեն, նրանք մասնակից դառնան վարժական հավաքներին։ Սահմանամերձ մարզի բնակիչները դժկամությամբ են ընդունում այն լուրը, որ իրենք մասնակցելու են վարժական հավաքներին։ Նրանք, աչքի առաջ ունենալով 2020 թ.-ի պատերազմի, 2022թ. սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողությունների հետեւանքները, վստահություն չեն տածում Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի նկատմամբ։

 

 

 

ՈՒՂՂԵՑ ԻՐ ՍԽԱԼԸ

Փետրվարի 1-ից Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հայտարարություն է տեղադրված փետրվարի 7-ին նշանակված Տավուշի մարզխորհրդի նիստի մասին։ Այդ նիստի օրակարգի 4-րդ կետը ձեւակերպված էր այսպես. «2022 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2023 թվականի գարնանային զորահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին»։ Այս ձեւակերպումը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ մարզպետարանի աշխատակազմի անփութության հետեւանք է. մասնակի կամ ընդհանուր զորահավաք կատարում են պատերազմական իրավիճակի ժամանակ։ Փետրվարի 6-ին մարզպետը կամ մարզպետարանի աշխատողները, գիտակցելով իրենց կատարած սխալը, մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված հայտարարության մեջ ուղղում են կատարել՝ վերաձակերպելով մարզխորհրդի նիստի օրակարգի 4-րդ հարցը։ Այն վերաշարադրված է հետեւյալ կերպ. «2022 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2023 թվականի գարնան վարժական հավաքների նախապատրաստական աշխատանքների մասին»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը հասկացել է, որ զորահավաքն ու վարժական հավաքները շատ տարբեր բաներ են։

 

 

 

ՈՒՌՃԱՑԱԾ ՀԱՍՏԻՔՆԵՐ

Ընդամենը 2 ոլորտ՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ առողջապահական հիմնարկները անմիջականորեն ղեկավարող Տավուշի մարզպետարանն ունի 75 աշխատող։ Մարզպետարանի հաստիքացուցակում կան թափուր հաստիքներ, որոնք տարիներ շարունակ չեն զբաղեցվում։ Թափուր են Տավուշի մարզպետի օգնականի, մարզպետի 2 խորհրդականների, մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի, այդ վարչության մասնագետի, քաղաքաշինության վարչության պետի, բնապահպանության բաժնի վարիչի, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ավագ մասնագետի, տեղական ինքնակառավարման եւ ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալի, քարտուղարության ավագ մասնագետի հաստիքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս