ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե, իբր, «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի ուղղությամբ»։ ՀՀ ՊՆ-ն արդեն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

 

-Տիկի՛ն Հայրապետյան, ի՞նչ նպատակ Է հետապնդում հակառակորդը՝ նման ապատեղեկատվություն տարածելով. արդյոք Ադրբեջանը հերթական անգամ տեղեկատվական ֆո՞ն է ապահովում իր հետագա սադրանքների համար:

-Ադրբեջանի կողմից նման ապատեղեկատվություն տարածելը բնավ պատահական չէր, ավելին՝ այն տարածվել է հենց այնպիսի աղբյուրի կողմից, որը անմիջական կապ ունի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ: Ադրբեջանի այս ապատեղեկատվությունը մի քանի նպատակ ունի. մի կողմից այն կարող է դիտարկվել որպես հնարավոր ռիսկ՝ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների ձեռնարկման հետ կապված, մյուս կողմից՝ որպես տեղեկատվական նոր արշավ: Ադրբեջանը միշտ այս գործելաոճն օգտագործում է, բայց ես կարծում եմ, որ սա նաեւ որոշակի տեղեկատվական եւ դիվանագիտական, քաղաքական երկարատեւ խաղի մի մաս է: Ադրբեջանը շատ խիստ անհանգստացած է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստով եւ ամեն քայլ ձեռնարկում է սրա հետ կապված Ռուսաստանից եւ Իրանից բացասական արձագանք ստանալու համար: Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ իրենք դեմ չեն այն ուժերին, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղության ձեւավորմանը եւ խաղաղության հետ կապված խնդիրներ լուծելուն: Ադրբեջանն այսպիսով նպատակ ունի ցույց տալու նաեւ, թե Հայաստանը գաղտնի գործողությունների է գնում Իրանի հետ, այսինքն՝ երկկողմանի քաղաքականություն է վարում՝ Իրանին փորձում է տրամադրել ԵՄ դիտորդական առաքելության դեմ, իսկ ԵՄ-ին էլ փորձում է տրամադրել Հայաստանի եւ Իրանի դեմ, այսպիսով փորձում է նաեւ դուրս բերել ԵՄ դիտորդական առաքելությանը, որպեսզի գնա իր խնդիրների լուծմանը: Այնպես չէ, որ այդ առաքելությունը զսպող օղակ է, բայց այն կարեւոր կանխարգելիչ միջոց է, եւ Ալիեւը սրանից խիստ անհանգստացած է, փորձում է առաքելությունը ներկայացնել հակաիրանական եւ հակառուսական քողի ներքո. ներկայացնում է, թե ԵՄ առաքելության գալը գործողություն է այդ պետությունների շահերի դեմ:

-Մինչ այս Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածում, թե Հայաստանը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանն իր ապատեղեկատվությունների մասշտաբն այս անգամ մեծացրել է, հիմա արդեն Իրանին էլ է ներքաշել, ինչպես նաեւ խոսում է «հարձակման» մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Ադրբեջանը հստակ դիրքավորվել է հակաիրանական ճամբարում, իր բոլոր քայլերը եւ համագործակցություններն ուղղված են իրանական պետության դեմ: Ես կարծում եմ, որ Իրանում շատ հստակ գնահատել են այդ քայլերը, Իրանի դեսպանի հարցազրույցը դրա վառ ապացույցն է: Միեւնույն ժամանակ կարեւոր է, որ մենք ճիշտ աշխատենք մեր գործընկերների հետ, մինչեւ Ադրբեջանի՝ նման տեղեկատվական հոսքեր տարածելը մենք խելացի աշխատանք տանենք մեր գործընկերների հետ, ցույց տանք՝ որն ինչ նպատակով է արվում, հստակ լինենք մեր գնահատականների մեջ, եւ վստահ եմ, որ մենք կկարողանանք այս արշավը կանխել: Ադրբեջանը մեկ-երկու գործողություններով չի բավարարվելու. վստահ եմ՝ Ադրբեջանը քայլերի ու տեղեկատվական գրոհների շղթա է մտածել եւ գնալու է այս ուղղությամբ՝ հաշվի առելով նաեւ, թե Արեւմուտքը ինչ վերաբերմունք ունի Իրանի նկատմամբ: Ուստի Հայաստանը շատ անելիք ունի թե՛ արեւմտյան կողմի, թե՛ Իրանի հետ՝ խելացի եւ նախաձեռնողական քաղաքականություն որդեգրելու առումով:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ

«Իմ պաշտոնական հրավերով խորհրդարանում այսօր հյուրընկալեցի Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նորա Արիսյանին եւ հյուպատոս, երրորդ քարտուղար պրն Ահմադ Հասսան Ալատհբային։ Գործընկերներիս խորին ցավակցություն հայտնեցի Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի անդառնալի հետեւանքների կապակցությամբ»,- հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Դժբախտ պատահարների հետեւանքով Սիրիայում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. կան 1000-ից ավելի զոհեր, 100-ավոր վիրավորներ, ճակատագիրն անհայտ քաղաքացիներ եւ անտուն մնացած մարդիկ։ Ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները չեն գործում, Էլեկտրականությունը բացակայում է, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների պակաս կա։

Տիկին Արիսյանից հետաքրքրվեցի Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ. նախնական տվյալներով՝ ցավոք, արդեն իսկ ունենք 2 զոհ, իսկ անտուն մնացած սիրիահայերը ապաստանել են հայկական եկեղեցիներում եւ միության սրահներում։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը այս ծանր պահին Սիրիայի ժողովրդին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար։

Գործընկերներիս հայտնեցի պատրաստակամություն՝ օգտագործելու բոլոր հնարավոր լծակները աջակցելու համար ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիային։

Դեսպանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացվել է սգո հուշամատյան, իրականացվում է դրամահավաք ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին օգնելու համար։

Սիրիայի բարեկամ ժողովրդին բոլորիս կողմից ցուցաբերված դրամական աջակցությունը կնպաստի հումանիտար իրավիճակի բարելավմանը»։

 

 

 

ԱԶԱՏ ՉԵՆ

Մշտապես  «ազատ ընտրության իրավունքի» մասին ճամարտակող ՔՊ-ականներն այլեւս վերածվել են բառի բուն իմաստով «կոճակ սեղմողների». բոլորը շարժվում են բացառապես «վերեւից», այսինքն՝ Փաշինյանի կողմից իջեցված «հրահանգով»: Ասել է թե՝ Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից: Սրա մասին են  վկայում ԱԺ-ում տեղի ունեցած վերջին քվեարկությունները:

ՔՊ-ն 2 օր առաջ միաձայն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին:  ՔՊ-ական 71 պատգամավորից 68-ը գնացել եւ անշեղորեն կողմ է քվեարկել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելուն: 3 պատգամավոր էլ քվեարկությանը չի մասնակցել «հարգելի պատճառով». նրանցից մեկը՝ Մարիամ Պողոսյանը, գործուղման է, իսկ Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը տեղեկացրել են, որ հիվանդ են:

Մյուս բոլոր պատգամավորներին հրահանգվել է առանց որեւէ պատճառաբանության գալ ու պարտադիր մասնակցել քվեարկություններին:

Արմեն Չարչյանի դեպքում եւս գրեթե նույն պատկերն էր. 68 պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր. Չարչյանը անձեռնմխելիությունից զրկվեց 67 կողմ ձայնով: Խմբակցությունը հիմա ընկած ման է գալիս, թե ով է այդ մեկ պատգամավորը, որը, թեկուզ ոչ միտումնավոր, «գծից շեղվել է»: ՔՊ-ում չեն բացառում անգամ, որ քվեաթերթիկը միտումնավոր է դատարկ թողնվել. իրենցից ինչ-որ մեկը չի ցանկացել կողմ քվեարկել Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Իշխանականները նույն տրամաբանությամբ նաեւ իրենց թիմակից Սարգիս Խանդանյանին ընտրեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. այս դեպքում էլ 68 պատգամավոր, առանց բացառության, կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թե՛ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու, թե՛ Խանդանյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել խմբակցության ներսում, սակայն Փաշինյանի  հրահանգով ՔՊ-ականները գնացել եւ, անկախ իրենց կամքից, կողմ են քվեարկել այս որոշումներին: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ստանձնել է գործադիրի «սուրհանդակի» դերը, պատգամավորներին փոխանցում է նրա հրահանգը, որն էլ ՔՊ-ականները առանց շեղվելու կամ հակառակվելու կատարում են:

Նկատենք, որ իշխանական պատգամավորները նախկինում մշտապես հպարտանում էին՝  իրենց խմբակցությունում բոլորն ազատ ընտրելու իրավունք ունեն, որեւէ մեկը կաշկանդված չէ, քննարկումների ժամանակ էլ տարբեր կարծիքներ են հնչում: Պարզվում է, սակայն, ՔՊ-ում  իրավիճակ է փոխվել. որեւէ պատգամավոր այլեւս իրավունք չունի իր կամքով ընտրություն կատարել, ամեն բան արվում է բացառապես Փաշինյանի հրահանգով: Ստացվում է՝ իշխանական պատգամավորները դարձել են «կոճակ սեղմողներ», ինչի համար բազմիցս մեղադրել են իրենց սիրելի ՀՀԿ-ին:

 

 




Լրահոս