Երեւան քաղաքն ամփոփել է 2022 թվականի բյուջեի արդյունքները: Ըստ այդմ՝ քաղաքապետարանի փաստացի եկամուտները կազմել են ընդամենը 86 մլրդ 187 մլն 242 հազար դրամ. կատարողականը կազմել է 98.5%։ Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 94,799,074.4 հազար դրամի ծախսեր՝ ծրագրված (ճշտված) 111,431,306.6 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 85.1%-ը։ Նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ:
Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 39.0%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 20.9%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 13.4%։
Հարկային եկամուտների հավաքագրումը 2022 թվականին կազմում է 23 մլրդ 125 մլն դրամ, մասնավորապես՝ անշարժ գույքից հավաքագրվել է 7 մլրդ 906 մլն դրամ, որը կազմել է ծրագրվածի 85.1%-ը՝ հարկային եկամուտների 34.2%-ը, իսկ փոխադրամիջոցների համար գույքահարկը հավաքագրվել է 10 մլրդ 833 մլն դրամ՝ ծրագրվածից 1,611,746.7 հազ. դրամով պակաս, որը իր հերթին կազմում է հարկային եկամուտների 46.8%-ը:
Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողների պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 134,428.3 հազար դրամ՝ նախատեսված 170,380.8 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 78.9%, որը պակաս է 2021 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 780,596.6 հազար դրամով։
Ներքին գործուղումների գծով ծախսը կազմել է 1,200.1 հազար դրամ՝ ճշտված 2,153.8 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 55.7 %: Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կազմել են 31,858.3 հազար դրամ՝ նախատեսված 37,880.6 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 84.1 %, կամ խնայողությունը կազմել է 6,022.3 հազար դրամ։ Գործուղումներ են կազմակերպվել դեպի Ալմաթա, Լունդ, Թբիլիսի, Լիոն, Նովոսիբիրսկ, Փարիզ, Մարսել, Լիոն, Աբիջան, Սանկտ Պետերբուրգ, Կատովիցե, Պրահա, Նիժնի Նովգորոդ, Մինսկ, Թեհրան, Հռոմ, Էսսեն Վիեննա, Տարտու, Փարիզ, Ստարախովիցե, Լիոն, Թբիլիսի, Մոսկվա, Փոթի: Բոլոր ծախսերը հաշվարկվել են ՀՀ կառավարության՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով։
Վարչական ծառայությունների գծով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում գրքերի (փաստաթղթերի) կարման համար ծախսերը կազմել են 6,922.1 հազար դրամ՝ նախատեսված 13,620.0 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 50.8%, որն ավել է 2021 թվականի փաստացի ցուցանիշից 2,944.3 հազար դրամով։
Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների գծով նախատեսված 4,600.7 հազար դրամի դիմաց ծախս չի կատարվել: Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ 16.11.2022թ. N3116-Ա հրամանը՝ 2022թ-ին նախատեսված համայնքային ծառայողների վերապատրաստումը տեղափոխվել է 2023թ:
Ներկայացուցչական ծախսերի գծով փաստացի կատարողականը կազմել է 16,025.6 հազար դրամ՝ նախատեսված 41,881.3 հազար դրամի դիմաց, կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է շուրջ 38.3%-ով, ինչի շրջանակներում ապահովվել է Երեւան ժամանած պատվիրակությունների ընդունելությունը, հյուրասիրությունը, հուշանվերների ձեռք բերումը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի կոմիտեի հետ՝ դոկտոր Ջորջ Բարսեղյանի նախագահությամբ։
Հանդիպման ժամանակ խոսվել է Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնելու մասին, որոշում է կայացվել կազմակերպել դրամահավաք՝ օգնելու ավերիչ երկրաշարժից տուժածներին:
Անհրաժեշտ բնեղեն նվիրատվությունները կհավաքվեն դեսպանատան շենքում՝ Սիրիա առաքմանը նախապատրաստվելու համար:
ԶՐԿՎԵՑ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ քվեարկության արդյունքները:
Ըստ այդմ՝ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը: 67 պատգամավոր կողմ է քվեարկել, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 8-ին, նույն խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւս զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՆ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է: Այս մասին հաղորդում է ՁԸհհ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը:
«Այդ հարցը մշակման փուլում է: Մենք այդ մտքից չենք հրաժարվում: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք հարթակներ տրամադրելու եւ կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման ձեւաչափի առումով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը. տեղեկացնում են Մեքսիկայում ՀՀ դեսպանությունից։
«Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,- ասված է հաղորդագրությունում։
ԲՈԼՈՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:
ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վերջերս հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պաշտոնից: Այս պաշտոնում նրան փոխարինել է խմբակցության մյուս պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ դեսպան նշանակվելու ցանկություն ունի: Կուսակիցների հետ քննարկումների ժամանակ պատգամավորը հայտարարել էր, որ նպատակ ունի երկրից հեռանալու, սակայն կոնկրետ երկիր չի նշել: Գրել էինք նաեւ, որ Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում անգամ ներկուսակցական քննարկումներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով իր՝ պաշտոնից հրաժարվելու պատճառներին եւ դեսպան նշանակվելու մասին խոսակցություններին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Իմ՝ պաշտոնից հրաժարվելու գործընթացը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման համատեքստում, այլ ոչ թե դեսպան նշանակվելու, իսկ դեսպան նշանակվելու մասով այս պահին քննարկում չկա»:
Հարցին՝ արդյոք տարաձայնություններ ունի թիմակիցների հետ, պատգամավորն ասաց. «Ո՛չ, չկա նման բան. ես ամբողջությամբ աջակցում եմ մեր թիմի արտաքին քաղաքականությանը»: