Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե առաջին անգամ իրենց իշխանության ժամանակ է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելի չէ Հայաստանի ողջ պետական բյուջեից։
«Եթե մենք բանակին ավելի քիչ ուշադրություն դարձնեինք, փաստացի, մեր իշխանության գալով, համարյա չէինք կրկնապատկի ռազմական բյուջեն, առաջին անգամ ռազմական բյուջեն չէր հատի մեկ միլիարդի շեմը (դոլարային արտահայտությամբ- խմբ.), ու առաջին անգամ չէր լինի, որ, առհասարակ, Ադրբեջանի մենակ ռազմական բյուջեն մեր ամբողջ պետական բյուջեից մեծ չի»,- ասել է պատգամավոր Ալեքսանյանը։ Սակայն «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել եւ պարզել է, որ այդ պնդումները սխալ են։
2022-ին ռազմական պաշտպանության ծախսերը փաստացի կազմել են 477,3 մլրդ դրամ (նախատեսվել էր 340,57 մլրդ դրամ) եւ այսպիսով, այդ թվում՝ դրամի արժեւորման շնորհիվ, հատել 1 մլրդ դոլարի շեմը։
Հարկ է նշել, որ ներառված չեն ԱԱԾ-ի սահմանապահ ծառայության եւ ռազմարդյունաբերության ծախսերը, իսկ 2023-ի ռազմական բյուջեի թիվը կարող է տարվա ընթացքում փոխվել։
Պատգամավորի պնդումը, թե առաջին անգամ ներկայիս իշխանության ժամանակ է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելի չէ Հայաստանի ամբողջ պետական բյուջեից, սխալ է եւ ժամանակավրեպ։ Այս հայտարարությունը արդիական չէ՝ սկսած 2015-ից։ Մինչ այդ, այո՛, Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է եղել ՀՀ ամբողջ պետական բյուջեից, սակայն իրավիճակը փոխվել է 2015-ից։
Հայաստանի պետբյուջեն 2023-ին կազմում է մոտ 6,5 մլրդ դոլար (ծախսերը), իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3,1 մլրդ դոլար։ 2023-ի բյուջեով Հայաստանի ռազմական ծախսերը ծրագրված են մոտ 1,3 մլրդ դոլար, ինչը մոտ 2,5 անգամ պակաս է Ադրբեջանի ռազմական ծախսերից։
Այսպիսով, Վահագն Ալեքսանյանի պնդումը, թե առաջին անգամ իրենց իշխանության օրոք է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ՀՀ ամբողջ պետական բյուջեից մեծ չէ, սխալ է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը: Բանն այն է, որ մինչ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ գալը անձամբ Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը իրենց թիմակիցներին հայտնել են մանդատը վայր դնելու ցանկության մասին: Թիմակիցներն էլ նրանց հետ են պահել այդ մտադրությունից՝ ասելով, որ դա «թուլության» նշան կդիտարկվի, կստացվի՝ թե ընդունում են իրենց մեղքն ու «հետ են քաշվում»: Երկար քննարկումներից հետո պատգամավորներն էլ ընդառաջ են գնացել թիմակիցներին ու մանդատները չեն դրել: Տեղեկացանք, որ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո էլ Սեյրան Օհանյանն ու Չարչյանը շարունակում են օրակարգ բերել այս հարցը, բայց խմբակցության մեծամասնությունը դեմ է սրան. կարծում են, որ այդպիսով ՔՊ-ականներին խոսելու հերթական թեման կտան, թե իրենց հաջողվում է «մասնատել» ընդդիմությանը, ուստի ամեն կերպ փորձում են Օհանյանին ու Չարչյանին հետ պահել մանդատներից հրաժարվելու մտքից: Թե վերջում ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նրանք դեռ շարունակում են մնալ պատգամավորներ:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 7-ին գրել էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը իր պաշտոնի հետ անհամատեղելի փաստաբանական գործունեություն է ծավալել: Գրել էինք նաեւ, որ դատավորը ինքնախոստովանել է իր անթույլատրելի արարքը գործընկեր դատավորների մոտ, որը արձանագրվել է ՀՀ Սահմանադրական դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ արձանագրության օրվանից արդեն իրենք ունեն երեք ամիս ժամանակ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս որեւէ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել: Դեռեւս կա երկու ամիս, ու ոչինչ բացառել հնարավոր չէ: Քանի Սեդա Սաֆարյանի եղբայրը արշավ է սկսել մեր թերթի դեմ եւ հայտարարել է, որ «Ժողովուրդ» օրաթերթը կեղծ տեղեկություն է տարածել ՍԴ դատավորների մոտ Սաֆարյանի ինքնախոստովանության մասով, դիմեցինք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ խնդրելով տրամադրել հունվարի 10-ի Սեդա Սաֆարյանի խոստովանությունը՝ իր անօրինական քայլերի մասով: Արդյունքում երեկ՝ փետրվարի 10-ին, «Ժողովուրդ» օրաթերթը ՍԴ լրատվական ծառայությունից պաշտոնապես ստացավ Սեդա Սաֆարյանի աշխատակարգային նիստում իր կողմից արված խոստովանության պաշտոնական արձանագրությունը: Ներկայացնում ենք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի խոստովանության փաստաթուղթը՝ լուսանկարով:
Երեւանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով մի քանի տասնյակ միլիոն գումար է ծախսվել: Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը, Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր վարչական շրջանները դեռատիզացիոն ծառայության համար պետական բյուջեից ընթացիկ տարում ծախսելու են ընդհանուր 30 մլն 829 հազար դրամ կամ 77 հազար դոլար: Պայմանագիրը կնքվել է երկու՝ «Դավ-Հակ» եւ «Վահ Գրիգ» ընկերությունների հետ: Օրինակ՝ «Դավ-Հակ» -ի հետ կնքած պայմանագիրը 2-3 չափաբաժնով է, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն 511 հազար դրամ, իսկ «Վահ Գրիգ» ընկերության պայմանագրի արժեքը 18 մլն 318 հազար դրամի չափով է: Նշենք, որ ամիսը 3 անգամ պետք է պայքար իրականացվի կրծողների դեմ մեխանիկական եղանակով՝ թակարդ, վերշա, եւ քիմիական մեթոդով՝ օգտագործելով թունաքիմիկատներ, որոնք արգելված չեն ՄԱԿ-ի կողմից եւ թույլատրված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Թվում էր, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում տեղակայված աղբամուղները զոդելուց հետո կրծողները կվերանան, բայց ոչ. դեռ դրանց դեմ պայքարի համար մեծ գումարներ են փոխանցվում: