ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ, իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին եւ ստորին վերջույթների պրոթեզներ» եւ «Օրթեզներ» ապրանքային շուկաները:

 

Նախարարությունը, հավաստագրերի հիման վրա, տրամադրում է 92 անուն տարբեր  աջակցող միջոցներ։ Այս ուղղությամբ 2022 թվականին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ: Առաջիկա տարիներին պլանավորվում է է՛լ ավելի մեծացնել ֆինանսավորումը:

Բարձրացված խնդիրներ՝

  1. Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։ Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջեւ ողջամիտ ընտրություն կատարել։
  2. Նշվածի արդյունքում պրոթեզների եւ օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:
  3. Ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը:

 

Հանձնաժողովի կողմից մշակված առաջարկներ՝

  1. Շահառուի կողմից աջակցող միջոցը ստանալու համար էլեկտրոնային հարթակի գործարկում, որը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի եւ որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաեւ գնի վերաբերյալ:  Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը:
  2. Հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգի ներդրում, որի մեջ ներգրավված կլինեն ՄՊՀ-ն եւ ՊԵԿ-ը կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը եւ իրատեսականությունը դիտարկելու համար:

 

 

 

ՔՆՆԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ՎԿԱՆԵՐԻՆ

 

Փետրվարի 9-ին Երեւանում՝ Առաջին ատյանի դատարանում, դատավոր Տիգրան Ոսկանյանը որոշել է երկու ամսով երկարաձգել հայտնի գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առեւանգման գործով մեղադրվող, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը։

 

Սուրեն Մանուկյանը դատավորի այդ որոշմամբ կալանքի տակ կմնա մինչեւ ապրիլի 11-ը։ Դատավոր Տիգրան Ոսկանյանը այդ պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Նշված քրեական գործով դատական նիստերը կայանում են փակ, լրագրողներին հնարավորություն չի տրվում դրանց մասնակցել: Սուրեն Մանուկյանը մտադիր էր այդ նիստում հրապարակել քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող երկու տեսանյութ, սակայն դատավորը դա թույլ չի տվել՝ ասելով, որ դատական նիստում տեղի է ունենում խափանման միջոց կիրառելու քննարկում, ոչ թե դատաքննություն։ Իրազեկ, հավաստի աղբյուրից ստացված տեղեկություններով՝ նշված քրեական գործով Իրանում անձ չի կալանավորվել, թեեւ նախկինում նախաքննական մարմինը հայտարարել էր այդ մասին։ Բացի այդ, նախաքննական մարմինը Իրանից Հայաստան չի վերադարձրել այն 20 հազար եվրոն, որը ենթադրյալ առեւանգողը ստացել է Խաչատուր Քոքոբելյանի հորն ազատ արձակելու դիմաց։ Ըստ իրազեկ աղբյուրի՝ նախաքննական մարմինն Իրանից այդ գումարը չվերադարձնելը պատճառաբանել է նրանով, որ Իրանում վտանգավոր, նախապատերազմական իրավիճակ է։

Քննչական մարմինը դատարանում Ս. Մանուկյանի կալանքի տակ մնալը պատճառաբանել է այն հանգամանքով, որ քրեական գործով լրացուցիչ վկաների հարցաքննելու անհրաժեշտություն կա, Սուրեն Մանուկյանը, ազդեցիկ լինելով, կարող է ազդել այդ վկաների վրա։ Հայտնի չէ, թե ովքեր են այդ լրացուցիչ վկաները, նախաքննական մարմինը՝ այդ գործով 7 քննիչները, անցած 6 ամսում ինչո՞ւ չեն հարցաքննել այդ վկաներին։ 2022թ. հուլիսի 27-ի առավոտյան, երբ Տավուշի մարզի Իջեւան համայնքի Աչաջուր գյուղում գտնվող իր առանձնատան մոտից Գրիշա Քոքոբելյանն առեւանգվել է, նրա տան տեսախցիկը թեքված է եղել, սակայն դա իրավապահները նկատել են միայն 3 օր անց՝ հուլիսի 30-ին. պարզվել է նաեւ, որ տեսախցիկի կառավարման կենտրոնը խափանված է եղել։ Հուլիսի 27-ի առավոտյան Քոքոբելյանների առանձնատան աշխատողները աշխատանքի են ներկայացել ոչ թե սովորականի նման՝ առավոտյան ժամը 06:30-ին, կամ 07:00-ին, այլ ուշացումով՝ ժամը 08:30-ին։ Նրանք սովորաբար առավոտյան աշխատանքի ուշ են ներկայացել, երբ նախորդ երեկոյան գործի տեղից՝ Քոքոբելյանների տնից, իրենց տները ուշ են վերադարձել, մինչդեռ հուլիսի 26-ին այդ բանվորներն իրենց տներն են գնացել ժամանակին՝ ժամը 18:00-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 90.2 տոկոսով ավելացել է. եթե 2021 թվականին Հայաստան ժամանել է 875 հազար 772 զբոսաշրջիկ, ապա նախորդ տարի նրանց թիվը կազմել է 1 մլն 665 հազար 658: Գերմանիայից 2021 թվականին Հայաստան եկել է 12 հազար 7, նախորդ տարի՝ 23 հազար 674 զբոսաշրջիկ: Թուրքիայից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը եւս ավելացել է՝ 3740-ից դառնալով 9479: Նախորդ տարի մեր հանրապետություն ժամանել է 116 հազար 430 իրանցի զբոսաշրջիկ. այս ցուցանիշը մեկ տարում ավելացել է 27.5 տոկոսով:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն 2.2 անգամ ավելացել է. եթե 2021 թվականին ՀՀ ՌԴ-ից եկել է 351 հազար 801 քաղաքացի, ապա նախորդ տարի նրանց թիվը կազմել է 790 հազար 397: Ֆրանսիայից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը եւս ավելացել է 62.9 տոկոսով: Ի դեպ, Հայաստան նախորդ տարվա ընթացքում ժամանել է Ադրբեջանի 5 զբոսաշրջիկ: Մեզ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները երեք օր են մնացել Հայաստանում:

 

 

 

 

ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Բանջարեղենի գները Հայաստանում շեշտակի բարձրացել են: Այս շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բանջարեղենի շուկայում արձանագրվել է 18.7 տոկոս գնաճ, իսկ միրգը թանկացել է 7.4 տոկոսով: Կարտոֆիլն այս տարվա հունվարին, նախորդ նույն ժամանակահատվածի հետ համեմատ, թանկացել է 14.9 տոկոսով, իսկ, ահա, այս տարվա հունվարին, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կարտոֆիլի 10.1 տոկոս գնաճ: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ թանկացել են նաեւ գազարը, սոխը, ճակնդեղը:

Նշենք, որ կարտոֆիլի մեկ կիլոգրամն այսօր վաճառվում է 250-400 դրամով: Սրան զուգահեռ նկատենք, որ զգալի վարձրացել է տեղական վարունգի, պղպեղի, լոլիկի գինը: Հայկական քաղցր պղպեղի կիլոգրամը սկսում է 1800 դրամից եւ հասնում 5000 դրամի, իսկ կծու պղպեղի մեկ կիլոգրամը սկսում է 1600 դրամից, որոշ տեսակների կիլոգրամի արժեքը գերազանցում է 4000 դրամը: Լոլիկի գինը եւս բարձր է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ լոլիկի մեկ կիլոգրամի գինը սկսում է 2000 դրամից, հայկական չերի լոլիկի մեկ կիլոգրամը վաճառվում է 2400 դրամով, որոշ տեսակների գինը գերազանցում է 3000 դրամը: Տեղական «Նազրվան» վարունգի մեկ կիլոգրամը հասնում է 14 հազար դրամի: Մի սուպերմարկետում այն արժե 13900 դրամ, մյուսում՝ 13950 դրամ: Բարձր է նաեւ չերի վարունգի մեկ կիլոգրամի գինը. այն 2900-3000 դրամի սահմաններում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս