Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՄԻՊ պաշտոնը դարձել է իսկական պատուհաս գործող իշխանության գլխին: Անհասկանալի պատճառներով որեւէ մեկը չի ցանկանում ստանձնել այս բարձր հեղինակություն ունեցող կառույցի ղեկավարումը:
Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Արդեն լրանում է ՄԻՊ առաջադրման երկրորդ ժամկետը, բայց ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու դեռ չի առաջադրել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է նաեւ, որ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում, եւ այսպես մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենը նշանակված լինի: Իշխող ֆրակցիայի համար ՄԻՊ թեկնածուի հարցը իսկական գլխացավանք է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իշխող ՔՊ խմբակցությունն այս ընթացքում ՄԻՊ թեկնածուի տարբեր անուններ է քննարկել, սակայն այդպես էլ չի գտել թեկնածու, որը կհամապատասխանի պահանջներին՝ կլինի պրոֆեսիոնալ եւ, ամենակարեւորը, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: ՔՊ-ականները պարբերաբար նեղսրտում են, որ ում իրենք առաջարկում են, բոլորը հրաժարվում են առաջադրվել ՄԻՊ պաշտոնում: Մեր ունեցած տեղեկություններով՝ պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը պահանջ է դրել գտնել հեշտ «կառավարելի» մեկին, որը կդառնա բացառապես «ՔՊ-ի իրավունքների պաշտպանը», դուրս չի գա վերահսկողությունից եւ չի համարձակվի ձայն հանել, երբ, օրինակ, ընդդիմադիր հայացքներ ունեցող որեւէ մեկի իրավունքները ոտնահարվեն: ՔՊ-ի սրտի ՄԻՊ թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, չի ցանկացել առաջադրվել ՔՊ-ի կողմից: Նա մտերիմ շրջապատում դժգոհել է, որ չի ցանկանում առաջադրվել, քանի որ մեկ անգամ արդեն ՔՊ-ականներն իրեն խաբել են. առաջադրել են ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում, սակայն այդպես էլ չեն ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմությունը թեկնածուներ ունեցել է, սակայն որոշել է թեկնածու չառաջադրել՝ վստահ լինելով, որ Փաշինյանը ՔՊ-ին թույլ չի տա ընդդիմության թեկնածուին ընտրել: Ստացվում է՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածու ընտրելու արդեն երկրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւը դեռ թեկնածու չունեն:
ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ դռնփակ քննարկում են անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ԱԽ քարտուղարի փակ քննարկումից: Տեղեկացանք, որ քննարկումը տեւել է մոտ 4 ժամ. սկզբում քննարկվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախատեսվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով եւ սոցիալական կայքերով հրապարակվող տեղեկատվության մի շարք սահմանափակումներ: Հանդիպման այս հատվածին մասնակցել են նաեւ փորձագետներ եւ փոխնախարարներ: Արդեն հանդիպման կեսից քննարկումն ավելի փակ ռեժիմի է անցել, փոխնախարարները եւ փորձագետները հեռացել են, ՔՊ-ականները եւ Արմեն Գրիգորյանը մնացել են դեմ առ դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներն իրենք են պահանջել, որ Արմեն Գրիգորյանն անձամբ գա ԱԺ ու ներկայացնի, թե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ինչ փուլում են: ՔՊ-ականները ԱԽ քարտուղարին անհանգստություն են հայտնել, թե, իրենց տպավորությամբ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, կարծես թե, առաջընթաց չկա, համենայնդեպս, իրենք ոչնչից տեղեկացված չեն: Արմեն Գրիգորյանը հանգստացրել է պատգամավորներին, որ բանակցություններն իրենց հունով ընթանում են: ԱԽ քարտուղարը ՔՊ-ականներին մանրամասն ներկայացրել է՝ այս պահի դրությամբ հայկական կողմն ինչի շուրջ է բանակցում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Գրիգորյանը, մասնավորապես, հայտարարել է, որ աշխատանքները հիմնականում տարվում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, ուսումնասիրում են Բաքվի փոխանցած նոր առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի մասով, որպեսզի հասկանան՝ որ կետին համաձայնեն, որին՝ ոչ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ հանդիպումը թեժ է եղել հատկապես այն առումով, որ ՔՊ-ական հ/կ թեւը Արմեն Գրիգորյանին մեղադրել է, թե նա տապալել է իր առջեւ դրած «առաքելությունը», այն է՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը: Այսպիսով, ՔՊ-ականները փորձել են «նեղը գցել» ԱԽ քարտուղարին ու բացատրություններ են պահանջել նրանից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունն այս օրերին ստուգումներ է անում Սյունիքի եւ Վայոց ձորի բանակային կորպուսներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում շունչը պահած սպասում են ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին եւ կանխատեսում, որ նշված երկու մարզերի կորպուսների գործունեության մասով քրեական գործեր են հարուցվելու: Իսկ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ մարզերը: Հունվարի 26-ին Դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում եւ կացարաններում, որտեղ 2020 թվականին եւ 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Եվ, ահա, ստուգումներին զուգահեռ, ՊՆ-ն սկսեց ազատումների շքերթ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատումներն ու դատախազության ստուգումները պատահական չեն, քանի որ իրավապահ համակարգը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման եւ զգալի առաջխաղացման մասով կասկածներ ունի, որին այս փուլում, երկրի անվտանգությունից ելնելով, չենք անդրադառնում:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ամիսներ առաջ հանրային քննարկման էր ներկայացվել «Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը եւ պայմանները հաստատելու մասին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի N 425 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակն էր ապահովել բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական ամլացման կարգի եւ պայմանների իրավական կարգավորում: Հանրային քննարկման ընթացքում ներկայացված են եղել տարաբնույթ առաջարկներ, որոնց գործադիրի կողմից տրված պատասխանները երբեմն զվարճալի են: Օրինակ՝ քաղաքացի Հռիփսիմե Սահակյանը ՀՀ առողջապահության նախարարության նախագծի տակ գրել էր. «Առաջարկում եմ օրենքից հանել դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերվող կետը։ Ի՞նչ անենք, տղայիս վերցնեմ փախնե՞մ իմ երկրից առանց ետ նայելու։ Առանց դա էլ չենք ապրում, գոյատեւում ենք։ Ի՞նչ եք ուզում մեր հաշմանդամ երեխեքից։ Անիծվե՛ք դուք»: Եվ հետաքրքիր է, որ, ի պատասխան այսպիսի մեկնաբանության, գրվել է. «Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը կխմբագրվի»: Ընդ որում՝ այս նույն մեկնաբանությունն ավտոմատ կերպով կատարվում է բոլոր առաջարկների դեպքում, սակայն, բնականաբար, բոլոր առաջարկները չեն ընդունվում: